ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,– հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Իսկ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։
Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը»։
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սուրբ Պելտեն քաղաքում: Այս որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների շարունակվող հակաեկեղեցական արշավի և դրա հետևանքների լույսի ներքո:
Ժողովի գումարման հարցը քննարկվել է մի քանի ամսվա ընթացքում։ 2025 թվականի նոյեմբերի 4-7-ը Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի արդյունքում ի սկզբանե որոշում է կայացվել դեկտեմբերի 10-12-ը հրավիրել Եպիսկոպոսաց ժողով ՝ քննարկելու Հայ Առաքելական Եկեղեցուն և ներեկեղեցական կյանքին վերաբերող վերջին զարգացումները: Սակայն դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռը հայտարարեց, որ Ժողովը հետաձգվել է եպիսկոպոսների խնդրանքով ՝ վկայակոչելով Հայաստանում առկա իրավիճակը, ներառյալ հոգևորականների նկատմամբ բռնաճնշումները և ձերբակալությունները:
Սթափության կոչ Մայր Աթոռից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին



