Փետրվարի 8-ին հայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Կոստան Զարյանի ծննդյան օրն է։ 2025 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրի Իտալիայի հայ համայնքին նվիրված համարում տպագրել էինք նաեւ Կոստան Զարյանին նվիվրած հարցազրույցների շարք։ Ստորեւ ներկայացնում ենք անվանի գրականագետ, Կոստան Զարյանի գրականության գիտակ Երվանդ Տեր-Խաչատրյանի հետ ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը։
Անվանի գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը շուրջ չորս տասնամյակ է, ինչ զբաղվում է Կոստան Զարյանի գրական ժառանգության ուսումնասիրությամբ։ Դեռեւս 1990-ական թվականներին նա մամուլի էջերում հրապարակել է Կոստան Զարյանի անտիպ եւ գրեթե անհայտ ստեղծագործությունները։ 1990-ական թվականների կեսերից Տեր-Խաչատրյանը ձեռնամուխ է լինում Կոստան Զարյանի երկերի ամբողջական հրատարակությունը պատրաստելու գործին։ Շարքի առաջին գիրքը «Սպանիան» էր, որ լույս տեսավ 1998 թ. («Նաիրի» հրատ.)։ 1999 թ. Սարգիս Խաչենց հրատարակչությունը տպագրեց «Նավատոմար» հատորը, եւ հետագա տարիներին «Փրինթինֆո» հրատարակչության հետ միասին, հրատարակեց Կոստան Զարյանի շուրջ մեկուկես տասնյակ հատոր, որոնք հրատարակության էր պատրաստել Ե. Տեր-Խաչատրյանը։ Նա հեղինակել է նաեւ Զարյանի գրականությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ ու ուսումնասիրություններ, որոնց մի մասը լույս են տեսել «Դեպի Կոստան Զարյան» գրքում։ Երվանդ Տեր-Խաչատրյանը տասնյակ գրքերի հեղինակ է, 1992-94 թթ. խմբագրել է «Վարուժան» գրական-մշակութային ամսաթերթը, 1998-2000 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հիրավի աննկարագրելի հսկայական աշխատանք է կատարել Երվանդ Տեր-Խաչատրյանը՝ հայ հանրության դատին հանձնելով Կոստան Զարյանի գրական ժառանգությունը։ Նման նվիրյալ գրականագետի մասին կերազեր յուրաքանչյուր տաղանդավոր գրող։

– Հարգելի պարոն Տեր-Խաչատրյան, շատ դժվար է մեկ հարցազրույցով անդրադառնալ Կոստան Զարյանի ժառանգությանը, հատկապես, որ դուք տասնյակից ավելի հատորներ ու բազմաթիվ հոդվածներ եք հրապարակել այդ մասին: Այնուամենայնիվ, ո՞րն է Զարյան գրողի դերը հայ գրականության մեջ և նրա բերած նորությունը:
– Կոստան Զարյանի դերը հայ գրականության մեջ… Ցավոք, այդ դերը չկայացավ: Եվ չկայացավ ոչ գրողի մեղքով կամ թե իր գրականության, իր տաղանդի նվազ արժեքի ու նվազ չափի պատճառով: Իր հայերեն գրականությունը նա սկսեց Կ. Պոլսում, 1913-14-ին, բայց 1915 թվականին Արևմտյան Հայաստանը վերջացավ: Սփյուռքահայ կոչված հայ գրականությունը ձևավորվում էր 1920-ական թվականներին: 1920-ից հետո Արևելյան Հայաստանը հայտնվեց երկաթե վարագույրի հետևում: Եվ Հայաստանի գրականությանը պարտադրվեց, և արդարությունը պահանջում է ասել, որ գրողներն էլ ընդառաջ վազեցին դրան, ռեժիմը և սովետական իշխանությունը փառաբանող գաղափարական դիրքորոշումը: Գրականությունը չէր տեսնում իրական կյանքը և միտումնավոր կեղծում և գունազարդում էր այն:
Սփյուռքահայ գրականությունը զբաղված և տարված էր կորսված հայրենիքի և երկրի վերապրումներով: Հայաստանում մշակվում էր այսպես կոչված պրոլետարական գրականություն:
Եվ Կոստան Զարյանի գրականությունը մի տեսակ անընդունելի դարձավ և՛ Սփյուռքի գրական գիտակցությանը, և՛ մանավանդ Հայաստանի մարքս-լենինյան գրականությանը:
Կոստան Զարյանի գրականությունը, և° իր պոեզիան, և՛ իր արձակը, և՛ իր փայլուն էսսեիստիկան, ամբողջովին նորություն էր հայ գրականության մեջ, մեծապես տարբեր այն գրականությունից, որ մշակվում էր Հայաստանում և արտերկրում: Նորություն էր իր գեղարվեստական մտածողության կերպը, իր պոետիկան, իր էսթետիկան: Սա շատ տարողունակ նյութ է, և այս թեմայի մանրամասնումը մեզ շատ հեռուն կտանի:
– Եթե գնահատելու լինեք Զարյանի անցած կյանքի և ստեղծագործական փուլերը, որո՞նք հատկապես կկարևորեք, և ո՞ր գործերը:
– Կոստան Զարյանը թողել է մեծածավալ գրական ժառանգություն: Եվ դժվար է այդ գրականության մեջ ինչ-որ շրջաններ առանձնացնելը, որովհետև դա շարունակական, միասնական, ամբողջական գրականություն է:
Եվ այնուամենայնիվ, իր ստեղծագործական կենսագրության մեջ ես կառանձնացնեի 1925-1940 թվականները: Այդ տարիները գրողի կյանքում եղել են ամենաարդյունավետ, ամենաարգասավոր տարիները:
Ինձ սիրելի են իր բոլոր գործերը: Դրանցից ամեն մեկը ունի իր յուրահատուկ գեղեցկությունը, իր գրական ինքնօրինակ արժեքն ու հմայքը:
Եվ, այնուամենայնիվ, ես կառանձնացնեի իր նշանավոր եռագրությունը՝ «Անցորդը և իր ճամբան», «Բանկօօպը և մամութի ոսկորները», «Նաւը լերան վրայ» վեպերը, «Երկիրներ և աստւածներ» շարքի երկու նշանաւոր գործը՝ «Սպանիա»-ն և «Միացեալ Նահանգներ»-ը: Այս գործերը գրված են իմ նշած ժամանակահատվածում: Այդ նույն ժամանակում ստեղծվել է նաև փառահեղ պոեզիա: Եվ նաև, «Կղզին և մի մարդ» վիպակը, որ ստեղծվել է ավելի ուշ, 1950-ականների առաջին տարիներին:

– Սովորաբար բոլորը խոսում են նրա արձակի մասին, բայց ոչ ոք ծանոթ չէ նրա պոեզիային, որ առանձին հատորով հրատարակել եք: Եթե կարելի է, Ձեր տպավորությունը պոետ Զարյանի մասին:
– Կոստան Զարյանը ողջ կյանքի ընթացքում հրատարակել է բանաստեղծությունների մեկ գիրք «Օրերի պսակ» խորագրով, 1922 թվականին
Կ. Պոլսում: 1922-ի կեսերին քեմալական Թուրքիան արյունարբու վայրագ գազանի կերպարանք է առնում: Հայ կյանքը, հայ գրական-մշակութային կյանքը Պոլսում, որ թվում է, վերակենդանանում էր, վերջնականապես փլուզվում է: Կոստան Զարյանը ընտանիքով հեռանում է Պոլսից:
«Օրերի պսակը» գիրքը մնում է կյանքի լուսանցքում: Սփյուռքահայ գրականությունը նոր-նոր էր ձևավորվում, Արևելյան Հայաստանում անհաղորդ էին արտերկրի կյանքին. Հայաստանում սովետական իշխանություն էր:
Կոստան Զարյանը, իհարկե, ամենից առաջ բանաստեղծ էր իր գեղարվեստական մտածողությամբ, իր գրականության պոետիկայով և էսթետիկայով: Իր պոետական ժառանգությունը տասնյակ տարիներ տպագրվել է միայն մամուլի էջերում և մնացել էր մամուլի էջերում: 1930 թվականին «Հայրենիք» ամսագիրը առանձին գրքով հրատարակում է «Տատրագոմի հարսը» պոեմը, 1931-ին Վիեննայում տպագրվում է «Երեք երգեր ասելու համար վիշտը երկրի և վիշտը երկնքի» դրամատիկական պոեմը:
«Տատրագոմի հարսը» պոեմին նվիրված փայլուն հոդվածներ գրեցին Ավետիս Ահարոնյանը և Արշակ Չոպանյանը, Հայաստանում Կոստան Զարյանին և «Տատրագոմի հարսը» պոեմին հասցեագրված փայլուն հայհոյանք-անարգանքի գիր գրեց Վաղարշակ Նորենցը:
Սփյուռքում գրականագիտություն չկար, գրականագիտական մասնագիտական լուրջ քննություն և վերլուծություն չէր կարող լինել: Հայաստանի մարքս-լենինյան այսպես կոչված գրականագիտությունը տասնյակ տարիներ, և մինչև այսօր, միտումնավոր անտեսել և շրջանցել է Կոստան Զարյանի պոեզիան:
Իմ բացատրությունը մեկն է: Գաղափարական միտումնավոր մոտեցումը՝ մի կողմ, սովետահայ գրականագիտությունը իր ողորմելի մակարդակով ի զորու չէր հասկանալու Կոստան Զարյանի գրականության, մասնավորապես պոեզիայի գեղարվեստական արժեքը, իր ինքնօրինակ պոետիկան և բարձր էսթետիկան:
«Բառերի ոսկին» ժողովածուն բովանդակում է Կոստան Զարյանի պոեզիայի միայն մի մասը: Առանձին գրքով հրատարակվել են Կոստան Զարյանի պոեմները, «Սրտի ճանապարհով» խորագրով: Պոեմների մեծ մասը անտիպ էր: Օրերս լույս տեսավ Կոստան Զարյանի անտիպ գործերի նոր ժողովածուն՝ «Պատրանքների ուխտաւորը» խորագրով: Գրքում տպագրվել է դրամատիկական երեք անտիպ պոեմ:
Եվ դեռ մնում է անտիպ պոեզիայի մի մեծ մաս, որ մի նոր ծավալուն հատոր կկազմի:
Մի խոսքով, Կոստան Զարյանի պոետական ժառանգությունը եթե հրատարակվի ոչ վիթխարածավալ գրքերով, այլ գոնե հինգ հարյուր էջանոց ժողովածուներով, կկազմի առնվազն վեց հատոր:
Եվ այդ պոեզիան բացառիկ արժեքավոր երևույթ է, որ ցավոք, առայսօր չի ստացել իր արժանի գնահատությունը: Եվ սա խոսում է ոչ թե բանաստեղծ Կոստան Զարյանի, այլ սովետահայ ողորմելի գրականագիտության մասին:
– Երբ կարդում էի Ձեր հոդվածները, ինձ մի հարց էր մտատանջում: Սովետական տարիներին միգուցե գաղափարախոսության պատճառով կարող էին չընդունել Զարյանին, բայց ինչպես էր բացատրվում ողջ գրական դաշտի անտարբերությունը, և նույնիսկ նման մակարդակի մեծության նկատմամբ ընդգծված թշնամանքը: Սովետական վերջին տարիներին, հրապարակայնության շրջանում էլ առանձնապես նրա մասին չէին խոսում: Ինչո՞ւ նա լինելով եվրոպական մակարդակի մեծություն, մնաց չուսումնասիրված ու նաև չլուսաբանված: Միայն ռեժի՞մն էր մեղավոր, թե՞ նաև գրական նախանձի խնդիր կար:
– Այն, ինչ ասացի Կոստան Զարյանի պոեզիայի առիթով, վերաբերում է նաև Կոստան Զարյանի արձակին: Գրողին բնորոշ է համադրական (ասոցիատիվ) գեղարվեստական մտածողությունը, իր ոճը հագեցած է իմպրեսիոնիստական, էքսպրեսիոնիստական, տեղ-տեղ նաև սյուրռեալիստական մտածողության տարրերով: Բայց իր գեղարվեստական մտածողության մեծագույն նախահիմքը հայոց լեզուն է:
Կոստան Զարյանի գրականությունը ենթադրում է (պահանջում է) որոշակի մակարդակ, գրական որոշակի ճաշակ ու հասկացողություն ունեցող ընթերցող: Դեռևս 1930 թվականին Ավետիս Ահարոնյանը գրել է, թե Կոստան Զարյանին կարդալը, հասկանալը և մանավանդ ըմբռնելը արվեստ է: Այո, Կոստան Զարյանի գրականությունը ազնվական ոգու գրականություն է, և ցածրաճաշակ ամբոխի համար չէ:
Սովետահայ գրականագիտությունը ի զորու չէր հասկանալու և ըմբռնելու այդ գրականությունը: Սովետահայ գրականագիտությունը չուներ ամենակարևորը՝ բարոյական նկարագիր իսկական, ճշմարիտ գրականությունն ու մշակույթը ջատագովելու համար: Թերթեք սովետահայ գրականագետների գրքերը, տեսեք դրանցում ինտելեկտ, էրուդիցիա, համաշխարհային գրականության և մշակույթի իմացության նշույլ կա: Դրանցից ի՞նչ կարելի է սովորել: Դրանք պարապ շաղակրատանքի շարադրանքներ են, հեռու գիտությունից և լուրջ գրականագիտությունից: Պատմությունը մի հարվածով դրանք բոլորը նետեց գրականության աղբափոսը: Խոսքը անուններ տալու կամ տեղի ու անտեղի մեջբերումներ անելու մասին չէ, այլ մտածողության մակարդակի, սկզբունքների ու չափանիշների մասին է:
Սովետահայ գրականությունը կեղծիքի, ստի ու խաբեության գրականություն էր, ստի ու կեղծիքի գրականություն էր և սովետահայ գրականագիտությունը:
Մեկ օրինակ բերեմ: Պատերազմից հետո մեր ժողովուրդը ապրում էր ծայրահեղ աղքատության և թշվառության մեջ, մանավանդ լեռնային գյուղերում սով էր և անպատմելի չքավորություն: Այդ նույն տարիներին սովետահայ գրողները ի¯նչ մեծածավալ վեպեր էին գրում մեր երջանիկ ու ապահով կյանքի մասին՝ «Ոսկե հովիտ» (Քր. Թափալցյան), «Ոսկե վազերի մեջ» (Ա. Սեկոյան), «Ոսկե հնձան»(Մ. Արմեն) և այլն: Իսկական հոլիվուդյան կյանք: Եվ սովետահայ գրականագիտությունը լորձունքախառն փառաբանել է դրանք, մրցանակներ է տվել նման գրքերի հեղինակներին: Այդ գրականագիտությունը ի՞նչ է հասկանալու Կոստան Զարյանի գրականությունից: Եվ բնական է, որ չի հասկանում:
– Ընդունված է ասել, որ Զարյանը մինչև կյանքի վերջը մնաց փնտրտուքների մեջ, ապրեց հայ վտարանդի մարդու և գրողի ողբերգությունը: Կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ նա այդպես էլ չգտավ իր տեղը ո՛չ Արևմուտքում և ո՛չ էլ Հայաստանում:
– Չգիտեմ, թե փնտրտուք ասելով ինչ նկատի ունեք: Չեմ կարծում, թե նա երբևիցե փնտրտուքի մեջ է եղել: 1910 թվականին Բրյուսելում Վերհարնի հետ մի հանդիպման ժամանակ նա հստակորեն և վերջնականապես որոշել է իր անձնական և գրական ճակատագիրըª լինել հայրենիքի հետ և գրել մայրենի լեզվով: Գրողը քանիցս գրել է այդ մասին:
Ողջ կյանքում Կոստան Զարյանը մղվել է դեպի Հայաստանը: Նա ծնվել է Շամախիում, բայց իրեն մշտապես համարել է Արարատյան ծնունդ, Արարատյան մարդ: Իր վտարանդիությունը եղել է հարկադրական, պարտադրաբար, դաժան հանգամանքների պարտադրանքով: Ես քանիցս հանգամանորեն, մանրամասնաբար գրել եմ այդ մասին:
Կոստան Զարյանը նախապես գրել է ֆրանսերեն, և Էմիլ Վերհարնը ժամանակին նրա համար գուշակել է ֆրանսերեն գրող բանաստեղծի մեծ ապագա:
Կոստան Զարյանը գրել է նաև անգլերեն: 1932-ին նա ամբողջացրել է իր անգլերեն բանաստեղծությունների մի ստվար ժողովածուն՝ «Աստղեր և արյուն» խորագրով: Այն մինչև հիմա անտիպ է: Նշանավոր բանաստեղծ և գրող Լոուրենս Դարրելը նրա համար գուշակել է անգլերեն գրող բանաստեղծի փայլուն ապագա:
Կոստան Զարյանը երբեք չի տարվել, չի գայթակղվել Արևմուտքով: Անձամբ ճանաչել և՛ բարեկամ և՛ ընկեր է եղել եվրոպական համբավավոր գրողների ու բանաստեղծների հետ՝ Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտիից մինչև Գարսիա Լորկա, բայց նա ողջ կյանքում մղվել է դեպի հայոց լեզուն, հայոց հին և մեծասքանչ բանաստեղծությունը: Կոստան Զարյանի մասին սխալ է նման բան ասելը, թե նա իր տեղը չգտավ Արևմուտքում: Նա երբեք չի որոնել այդ տեղը կամ նման մի տեղ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ասեմ, որ 1924 թվականի հուլիսին նա հարկադրաբար է հեռացել Հայաստանից, այդպիսով փրկվելով ֆիզիկական հաշվեհարդարից: Ես քանիցս գրել եմ այդ մասին, հանգամանքներն ու մանրամասները կան իմ գրություններում:
Մի բան որոշակի և հստակ է. ողջ կյանքում գրող Կոստան Զարյանը, ուր էլ որ եղել է, ապրել է հայոց լեզվի ապահով տարածության մեջ, հետևաբար մշտապես ապրել է իր տանը, մշտապես ապրել է Հայաստանում:

– Զարյանն այդքան ճամփորդել է, բայց թերևս նրա համար Իտալիան է եղել ու մնացել հարազատ երկիր: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա չմնաց Իտալիայում:
– Որևէ երկրում չմնալու-չհաստատվելու պատասխանը, կարծեմ, արդեն տվեցի: Իտալիան Վերածնունդի մեծ մշակույթի երկիրն է, մարդկության ստեղծագործական հանճարի բարձրագույն դրսևորումի տարածությունը: Կոստան Զարյանը, իբրև մշակույթի մարդ, Վերածնության դարաշրջանի շառավիղ է, նա հիացում ու սքանչացում ունի Իտալիայի հանդեպ: Բայց երկիրը, որ նա սիրել է իր ողջ էությամբ, Սպանիան է:
– Ամեն դեպքում, կարելի է արդյո՞ք պնդել, որ նրա վրա ամենամեծ ազդեցությունը թողել է Իտալիան, և եթե այո, ապա հատկապես ի՞նչ եք նշմարել իբրև իտալական ազդեցության հետևանք:
– Եթե ի մոտո դիտարկեք Կոստան Զարյանի ողջ գրականությունը՝ պոեզիան, արձակը և էսսեիստիկան, ապա կտեսնեք, որ գրողը զարմանալի խորությամբ և մանրամասնությամբ գիտի ոչ միայն արևմտյան մշակույթը, այլև Մեծ Արևելքի մշակույթը՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի:
Կոստան Զարյանը, իր գրություններն են վկայում, մասնագիտական խորությամբ գիտեր արևմտյան ճարտարապետությունը, կերպարվեստը, թատրոնը և այլն, և այլն: Եվ այդ բոլորը իբրև անհատական մշակույթ, իբրև անհատական գեղարվեստական մտածողության համակարգը կազմող տարրեր, ուրվագծվում է իր գրականության տողերի տակից:
Այնպես որ նախապատվության հարցին դժվար է որոշակի և հստակ պատասխան տալ:
– Մի այլ կարևոր թեմա է լեզուն: Զարյանը հայերեն սկսել է ստեղծագործել ռուսերեն և ֆրանսերեն գրելուց հետո, ինչը նշանակում է, որ նա կարող էր հանգիստ շարունակել ստեղծագործել օտար լեզուներով: Բայց նա ընտրեց հայերենը, որը կարծես փակեց նրա մուտքը եվրոպական գրականություն, թեև այն ժամանակի եվրոպական ամենահայտնի գրողների ընկերն է եղել և գրական ամսագրեր է հրատարակել, մյուս կողմից՝ շահեց հայոց լեզուն, քանի որ նրա հայերենը բացառիկ է իր ինքնատիպությամբ: Ո՞րն է Զարյանի լեզվի գաղտնիքը, դուք թերևս ամենալավը կմեկնաբանեք:
– Այո, ուրույն է Կոստան Զարյանի լեզուն, և ինքնօրինակ է իր գեղարվեստական մտածողությունը:
Գրողը հրաշալի տիրապետել է գրաբարին, արևմտահայերենին և, իհարկե, արևելահայերենին: 1911 թվականից շուրջ մեկուկես տարի եղել է գրաբարի հմուտ գիտակ Հայր Աթանաս Տիրոյանի և արևմտահայերենի լավագույն գիտակ, նշանավոր լեզվաբան, գրող և թարգմանիչ Հայր Արսեն Ղազիկյանի ամենօրյա աշակերտը Վենետիկում, Մխիթարյան միաբանությունում: Այդ ընթացքում իր սենյակակիցն է եղել մեծ գիտնական, անմրցելի հայագետ և պատմաբան, իր ավագ ընկեր և բարեկամ Նիկողայոս Ադոնցը: Ադոնցի հետ ամեն օրվա շփումներն ու զրույցները արդեն մի համալսարան էին:
Կոստան Զարյանը գրում էր արևելահայերեն, բայց իր խոսքի մեջ հաճախ միավորվում էին արևելահայերենի և արևմտահայերենի տարրերը, արևելահայ շարադրանքը կարող էր արևմտահայերենի նախադասության կառուցվածք ունենալ: Կոստան Զարյանը կարող էր գրել՝ «Հողերը սպասում էին մարդին»: Այո, ոչ թե «մարդուն», այլ «մարդին»։ Գրաբարը հնչյունափոխություն չէր անում, արևմտահայերենը բառերը չի հնչյունափոխում, Կոստան Զարյանը նույնպես շատ հաճախ չի հնչյունափոխում, գրում է «ցուլամարտ» և ոչ թե «ցլամարտ»:
Հայաստանի կիսագրագետ կամ բոլորովին անգետ մարդիկ ասում էին, բայց Կոստան Զարյանը հայերեն չգիտի, նայեք, թե ինչ է գրում: Նշանավոր գրողներից մեկի ռուսախոս որդին, որ քիմիկոս էր, հայերենի հետ որևէ կապ չուներ, փրփուրը բերանին ամեն տեղ պնդում էր, որ անտաղանդ Կոստան Զարյանը հայերեն չգիտեր: Բայց նա մենակ չէր, ես նույնը լսել եմ նաև գրականագետներից։
Կոստան Զարյանի լեզուն յուրահատուկ է, մտածողությունը, ինչպես արդեն ասացի, համադրական (ասոցիատիվ), իմպրեսիոնիստական զգայականությամբ և էքսպրեսիոնիստական արտահայտչականությամբ:
Այդ գրականությունը զգալու և հասկանալու համար լեզվական նուրբ զգացողություն և լեզվական ճաշակ պետք է ունենալ:
– Լեզվի հետ կապված ևս մեկ հարց, միգուցե գրողը որևէ տեղ գրել է, ես չգիտեմ, բայց ինձ զարմացնում է, որ տիրապետելով այդքան եվրոպական լեզուների, նա իր գործերը չի թարգմանել որևէ օտար լեզվի:
– Կոստան Զարյանը առանձնակի նշանակություն չի տվել իր գործերի թարգմանություններին: Իր մի շարք բանաստեղծությունները ինքն է թարգմանել ֆրանսերեն և անգլերեն:
Գրողի համար կարևոր է եղել, որ գործերը տպագրվեն հայերեն, որ իր գրվածքները կարդան հայ մարդիկ: Ի՞նչ պիտի ասեն ֆրանսիացուն կամ անգլիացուն որևէ հայ գրողի մի քանի բանաստեղծության թարգմանությունը կամ նույնիսկ թարգմանությունների ամբողջական գիրքը: Դա գավառական սնոբիզմ է, մանր մարդկանց գավառական չտեսություն, ինչից Կոստան Զարյանը ողջ կյանքում հեռու է եղել:

– Մի քանի անգամ վերադառնալով ու իր վերջին հանգրվանը գտնելով Հայաստանում, Զարյանը ցույց տվեց, որ չի կարողանում ապրել առանց Հայաստանի: Իր գրություններում մնացե՞լ է որևէ պատգամ, որն ուղղված է հայ ժողովրդին կամ Հայաստանի ապագային:
– Կոստան Զարյանի ողջ գրականությունը պատգամ է՝ ուղղված այսօրվա հայ մարդուն և գալիք սերունդներին: Բայց իր մեկ գործը՝ «ՙՆաւը լերան վրայ» վեպը առավելագույն պատգամ է, գրողի փիլիսոփայական, ազգային, գեղարվեստական և էսթետիկական խոհերի և մտածումների բացառիկ խտացումը:
Վեպի գլխավոր հերոսի՝ Արա Հերյանի կերպարը ինքը մեծագույն պատգամ է: Արա Հերյանը, հեռավոր նավարկությունների նավապետ, ապահով և բարեկեցիկ կյանքով ապրող մարդ, թողնում է ամեն ինչ, գալիս է Հայաստան, ապրելու երկրի բախտով, կիսելու նրա չարչարանքները և տառապանքները անտրտունջ տանելու երկրի բոլոր մարդկանց բաժին ընկած տանջանքներն ու զրկանքները և այդ ամենով հանդերձ ընդառաջ գնալու անորոշ և սպառնալի ճակատագրին:
Սա ամենամեծ զոհողությունն է, որ կարող է անել, և պետք է անի, ամեն մի հայ մարդ: Պետք է անի հանուն երկրի, հանուն հայրենիքի և հանուն իր ես-ի, իր անհատականության:
Սա էլ Կոստան Զարյանի մեծագույն պատգամն է:
Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
2025 թվական
Հարցազրույցը հրապարակվել է ՕՐԵՐ 5-8 (102) 2025 համարում։




