2025թ․ մարտի 31-ին, Երևանում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԳԴՀ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ներկայությամբ, Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստորագրեցին համաձայնագիր Երևանի և Լայպցիգի միջև համատեղ մշակութային տարի անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
2026 թվականին, Երևան–Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում, նախատեսվում են իրականացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, սեմինարներ, կրթական նախագծեր։
Հունվարի 10-ին մշակութային տարվա բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան Լայպցիգի մշակույթի հարցերով քաղաքապետ դր․ Սկադի Ենիկեն, Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության Արևելյան Եվրոպայի հարցերի պատասխանատու Քրիստինա Ռասսմանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։ Միջոցառմանը ներկա էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը։
Մշակութային տարվա բացումը մեկնարկեց Techne Sphere Leipzig-ի, Գյոթեի ինստիտուտի և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպված «The Spirit of Past Future» ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվեցին Լայպցիգից արվեստագետ Մարգրետ Հոփփեի և հայ արվեստագետ, նկարիչ և դիզայներ Նվարդ Երկանյանի աշխատանքները։
orer.eu



