Կառավարության հերթական նիստում թոշակների բարձրացման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառակույտերի հերթական «գոհարներով» մեզ այնպես շշմեցրեց, ինչպես վերջին «ուՂտԱերթի » արշավին մասնակցած նրա զուգընկերուհի Աննան՝ «ստյուարդեսի պիլոտկայի» (օդանավի ուղեկցորդուհու ծածկագլխարկ) վրա փառաշարած թանկարժեք մանյակներով:
Խառնիփնթոր են մեր վարչապետի… Ախր դժվար է ասել՝ մտքերը:
Ավելի լավ է ինքներդ լսեք ու գնահատեք, թե նրա աղավաղ, խճող, մանվածապատ բարբաջանքները որքանով են մտքեր, որոնք սովորաբար առողջ ու տրամաբանող մարդկանց մոտ ԻՐՈՔ լինում են թե առողջ , թե տրամաբանական.
«Ես ինձ համար արձանագրեցի, որ եթե մենք վերցնենք և 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27 հազար դրամ, այլ՝ 35 հազար դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներից և վերջացրած պատերով և այդպես շարունակ»։
Ահա ինչու՝ ՈՐ ԹՈՇԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է՝ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱԿԱՍԵԼՈՒ…
Ու «հիմնավորեց»՝շատ ծախսելուց հետո էլ տունը չի տաքանում, քանի որ «տունը տաքացնելու համար մեծ հաշվով պետք է ծախսեն ավելի քիչ՝ 18 հազար դրամ և ներդրումներ անեն, որպեսզի բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»։ Հետո շրխկացրե՜ց՝ թոշակառուի օրինակով պարզել է, որ տան վրա էներգախնայող ներդրումներ անելուց հետո ավելի քիչ կծախսեն էլեկտրաէներգիայի վրա, բայց կտաքանան: Ամենավերջում՝ «մեխեց»՝«Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, այն լուծելու համար շատ լուջ վերլուծական և ինտելեկտուալ ներուժ է անհրաժեշտ»։
ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԻՆՔՆ Է ՄԵՂԱՎՈՐ ԻՐ ՑՐՏԱՀԱՐ ՁԵՌՔԵՐԻ ՈՒ ՈՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Մենք էլ մեզ համար իրավունք ունենք արձանագրել.
Հայաստանի վարչապետը վերջապես բացահայտեց մեծ գաղտնիքը․ պարզվում է՝ մեր թոշակառուները աղքատ չեն, պարզապես սխալ են տաքանում։ Նրանք 27 հազար են ծախսում, պետք է 18 հազար ծախսեն։ Իսկ որ տունը սառն է՝ դա արդեն պատուհանների, դռների, պատերի, առաստաղի, հատակի, քամու ուղղության, արեգակի «տրամադրվածության» և հավանաբար նաև թոշակառուի սխալ մտածողության մեղքն է։
Ըստ այս փայլուն տրամաբանության՝ պետության խնդիրն այստեղ ընդհանրապես չկա։ Թոշակը ցածր չէ, պարզապես թոշակառուն պետք է մի քիչ «էներգետիկորեն վերափոխվի»։ Ինչպե՞ս։ Միգուցե վաճառի իր վերջին պահարանը, հնացած հեռուստացույցը, արխալուղի մեջ պահած և նեղ օրվա համար նախատեսած Նիկոլայ ցարի կամ՝ օսմանյան կայսրության ժամանակների դեղին ոսկիները հանի վաճառքի, ներդրում անի, պատուհանները Եվրո դարձնի, տունը վերակառուցի և վերջապես հասկանա, որ աղքատությունը… հաշվարկի սխալ է։
Այս խոսքում ամեն ինչ կա՝ բացի իրականության զգացողությունից։
Թոշակառուն, որը 30-40 հազար դրամ թոշակ է ստանում, ըստ վարչապետի, պետք է ոչ թե այդ գումարով ապրի, այլ երկարաժամկետ էներգախնայող ռազմավարություն մշակի։ Նա պետք է լինի և՛ շինարար, և՛ էներգետիկ աուդիտոր, և՛ ներդրող։ Իսկ եթե տունը խորհրդային շենք է, պատերը ճաքած են, պատուհանները՝ 40-50 տարվա, դռները՝ քամուց երգող, ապա դա արդեն նրա անձնական ձախողումն է։
Սրբազնագույն Վարչապետը արդյո՞ք գիտի( գիտենա էլ, ինքն ի՞նչ մեղք ունի), որ մի դուռ ու պատուհանի գինը խեղճ թոշակառուի 7-8ամսվա թոշակի չափ է:
Պետությունը այստեղ հանդես է գալիս որպես դիտորդ, որը մատով ցույց է տալիս սառը բնակարանը և ասում․ «Տեսնու՞մ ես, խնդիրը թոշակը չէ, խնդիրը դու ես»։
Սա սոցիալական քաղաքականություն չէ, սա սոցիալական պատասխանատվությունից փախուստ է՝ փաթեթավորված կեղծ տնտեսական հաշվարկներով։ Երբ մարդուն ասում ես՝ «քեզ 20 հազարով ավել տալու փոխարեն դու պիտի տունդ վերափոխես», դու փաստորեն ասում ես՝ «մենք քեզ չենք օգնի, բայց կպատմենք, թե ինչու է դա քո մեղքը»։ Այսպես տատիկ-պապիկներն իրենց թոռներին հեքիաթներ են պատմում ճստլիկ բալիկներին քնեցնելու նպատակով: Գիշերները… Թոշակառուների համար ամեն օրն է գիշեր դարձել վերջին 7-8տարիներին:
Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես խելացի կառավարում։ Իբր պետությունը շատ խորն է մտածում, հաշվարկում է, իսկ ժողովուրդը՝ պարզունակ է, չի հասկանում էներգախնայողության գաղտնիքները։ Թոշակառուն մրսում է ոչ թե որովհետև փող չունի, այլ որովհետև դեռ չի կարդացել կառավարության ( իմացել եք, չէ՞, դա վարչապետն է) իմաստուն «գրքույկը»՝ «Ինչպես չմրսել առանց փողի»։
Եթե վաղը նույն տրամաբանությամբ ասեն, որ հիվանդները շատ դեղ են խմում, բայց պետք է ավելի քիչ խմեն և «օրգանիզմը վերափոխեն-վերաթարմացնեն», կամ գործազուրկներին բացատրեն, որ աշխատավարձ պետք չէ, պետք է ներդրումներ անել ՝ դա էլ կհամարվի նորարար մտածողություն։
Սակայն իրականությունը համառ բան է։ Տունը չի տաքանում ոչ թե այն պատճառով, որ թոշակառուն վատ է հաշվարկել, այլ որովհետև պետությունը տարիներ շարունակ չի ապահովել նվազագույն սոցիալական արդարություն։ Եվ որքան էլ փորձեն սառը պատերը ծածկել-տաքացնել ոչինչ չասող-աննպատակ բառերով, դրանք չեն տաքանա։
Թոշակառուն չի խնդրում հրաշք։ Նա խնդրում է, որ «վարչապետի դեմքով» իր պետությունը իրեն չծաղրի, չհայտարարի, թե ինքն է մեղավոր իր սառած ձեռքերի ու ոտքերի համար։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Հայաստան



