Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար. ԱԶԳ, արձագանքներ

  • 04.01.2026
  • 0
  • 324 Views

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։

Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր, և մի շարք մրցումների ընթացքում մարզիկների համազգեստների վրա հայտնվում է «Կրակի երկրի» անվանումը։

Միքայելյանը որոշել էր իր անհանդուրժողականությունը դրսևորել՝ փակելով գրությունը։

Աղբյուր՝ ԱԶԳ

Քաղաքագետ Արա Պապյանն այսպես է արձագանքել իր ֆեյսբուքյան էջում՝

Ապրի մեր տղան՝ հիշենք անունը Միքայել Միքայելյան։ Արժանապատվություն ունի։ Կարող էլ հազար ու մի պատրվակ բռնել, ասել՝ հո ես չեմ դրել, միջազգային ֆեդերացիան է արել։ Չի ասում բենզինը բենզին է, թող մի քիչ էլ մեջը արյուն լինի։

Իսկ Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրել է .

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց Ադրբեջանի վրայից քերել-մաքրել ագրեսորի և Հայաստանի թշնամու խարանը և տապալվեց Ալիևից «խաղաղասեր» կերտելու օպերացիան։ Կեղծ գաղափարները և պետական մակարդակի հասցված պարտադրանքն անէացան առնվազն մինչև փաշինյանական հաջորդ փորձը։

Ինչպես տեղեկացնում է «Ազգը»՝ «հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր», համաձայն որոնց մարզահագուստների վրա նշվում է Արդբեջանի անունը։

Հայ մարզիկը, իհարկե, տուգանք կվճարի դրա համար, բայց դրանով կպահպանի Հայաստանի պետության և ժողովրդի արժանապատվությունը, որից ՀՀ գործող կառավարիչներն անվերջ մասնահանումներ են անում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում