Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մեթոդական ձեռնարկը հայերեն

  • 24.12.2025
  • 0
  • 241 Views

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի հիմնարար աշխատությունը՝ «Ջութակ նվագելու արվեստը», որը շուրջ մեկ դար համարվում է ջութակահարների կրթության անկյունաքար։ Առաջին անգամ հրատարակված լինելով 1923 թվականին՝ այն մինչ այսօր լայնորեն կիրառվում է աշխարհի առաջատար երաժշտական ուսումնական հաստատություններում։

Գրքի գերմաներեն նոր հրատարակությունը 2020թ.-ին խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին, գերմաներենից հայերեն թարգմանությունն ու գլխավոր խմբագրումը կատարել է ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը։

Հայերեն հրատարակությունն իրականացվել է Primavera Foundation of Armenia-ի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի ֆինանսական աջակցությամբ։ Գիրքը անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին։

Այս առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է մամուլի ասուլիս՝ նախագծի մասնակիցների և գործընկերների մասնակցությամբ։

Հարցին, թե որպես ջութակահար-դիրիժոր ի՞նչ նշանակաություն ունի Էդուարդ Թոփչյանի համար Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մեթոդական ձեռնարկը՝ Թոփչյանը պատասխանեց. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ: Այժմ Կարլ Ֆլեշի այս հիմնարար աշխատությունը հասանելի է հայ մասնագետներին մայրենի լեզվով, ինչի առթիվ շնորհավորում եմ կոլեգաներիս: Որպես ջութակահար, ես մի քանի տաղանդավոր աշակերտներ եմ ունեցել, որոնց թվում է նաև իմ կինը՝ Անուշ Նիկողոսյանը, և դասավանդելիս շատ եմ օգտվել այս գրքի գերմաներեն տարբերակից, հատկապես, վարժությունների և գամմաների գրքից, որն առաջիկայում նույնպես կթարգմանվի հայերեն՝ «Պրիմավերա» հիմնադրամի ջանքերով: Հսկայական աշխատանք է արված, որը բարձր է գնահատվել մասնագետների կողմից, ինչպիսին է օրինակ` Աննե-Սոֆի Մուտտերը, որի ուղերձը կա գրքի սկզբում, ուրախ եմ, որ նախաբանը գրելու պատիվն էլ վստահվել է ինձ։ Դե, իսկ դեկտեմբերի 24-ին մեծ համերգով կնշենք այս նշանակալից իրադարձությունը, բնականաբար, կհնչեն ջութակի կոնցերտներ՝ Բրուխի թիվ 1 և Կորնգոլդի Ջութակի կոնցերտները, ի դեպ, Կորնգոլդինը Հայաստանում երկրորդ անգամ է հնչելու, մինչ այդ, նվագախումբը կողջունի ունկնդրին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» նախերգանքի կատարմամբ»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում