Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

  • 18.12.2025
  • 0
  • 123 Views

Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Հավատավոր ժողովուրդը Վե- հա- փառ վանկարկումներով ու ծափերով է դիմավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Սիրելի զավակներ Մեր, Հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի Աջին և Սուրբ Էջմիածնին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը՝ ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար։

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատուն և վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։

Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»:

Ավելացնենք, որ այսօր Մայր Աթոռը հաղորդագրությամբ ծանուցել էր, որ Հունիսի 6-8, 2017 թվակիր Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշման համաձայն, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմի 21 անդամի ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամներից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի Դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ Սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։

Նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։

Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկող տեղեկությունների՝ Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը

Մայր Աթոռը նաեւ հանդես էր եկել ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՈԹՔԻ կոչով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։

Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Ըստ «ԱԶԳ» շաբաթաթերթի, .10 եպիսկոպոսները, որ դեռ երեկ են հայտարարել, որ դեկտեմբերի 18-ին գնալու են Սուրբ Էջմիածին ու պահանջեն կաթոիկոսի հեռացումը, պատսպարվել էին Սուրբ Գայանեում։
Իսկ Մայր Տաճարի շուրջբոլորը հավաքվել էին եկեղեցու ու կաթողիկոսի աջակիցները։ Անգամ ոստկանական մեծաթիվ զորքն էր անզոր ժողովրդի կամքի և ուժի առաջ։
«Վե-հա-փառ, Վե-հա-փառ» վանկարկումներով հավատացյալները դիմավորցին Գարեգին Երկրրոդին, երբ նա միաբանների հետ դուրս եկավ Վեհարանից ու շարժվեց Մայր տաճար՝ ժամերգությանը մասնակցելու։

10 եպիսկոպոսները, շրջապատված աջակիցների պատով, հասան Տաճարի մատույցներ, բարձրախոսով կարդացին կաթողիկոսին հեռացնելու պահանջը։ Սակայն նրանց ձայնը խլացվեց ժողովրդի «ամոթ», «թուրք», Վե-հա-փառ» վանկարկումների ներքո։

Տեսնելով հավատացյալների հոծ բազմությունը՝ եպիսկոպոսները, շրջապատված թիկնապահների պատով, արագ շարժվեցին դեպի ավտոմեքենա և հեռացան տարածքից։

…………………………………………………………..

Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին

Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝

Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․

Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև Ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր Եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում եպիսկոպոսի անվան հիշատակության առաջին վկայությունն առկա է Խոսրով Աձևացու՝ Հայոց եկեղեցու պատարագամատույցի մեկնության մեջ, դեռևս 10-րդ դարում։ Ըստ Խոսրով Անձևացու՝ եպիսկոպոսի անվան հիշատակությունը կարևոր է, քանի որ ուղղափառ վարդապետության տեսուչը եպիսկոպոսն է, և քահանան դրանով հաստատում է նրանից ստացած խորհրդական իշխանությունը և Սուրբ Պատարագն ուղղափառ վարդապետության համաձայն մատուցելը։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական Եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։

Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական Եկեղեցու մաս։ Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ

• պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են,

• իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից,

• մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում