
Դեկտեմբերի 21-ին ժամը 15-ին Պրահայի Կարլի համալսարանի Կրիստալ կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկահայ կինոբեմադրիչ, սցենարիստ եւ պրոդյուսեր Անժելա Ասատրյանի «Ձմռան երգը» ֆիլմի չեխական պրեմիերան։ Անժելան եվրոպական մի քանի ցուցադրություններից հետո կժամանի Պրահա եւ ներկա կգտնվի ֆիլմի ցուցադրությանը եւ կպատասխանի հանդիսատեսի հարցերին։ Մինչ այդ , կինոբեմադրիչը սիրով պատասխանեց ՕՐԵՐ-ի հարցերին։
-Հարգելի Անժելա, Արցախյան երեք պատերազմների մասին վավերագրական «Հայի ոգին» ֆիլմի նկարահանումից հետո, որոշեցիք Հայաստանի մասին երջանիկ ավարտով ֆիլմ նկարահանել։ Ո՞րն էր պատճառը, և ի՞նչ ուղերձ էիք ցանկանում փոխանցել օտարերկրյա հանդիսատեսին։
-2020 թվականի Արցախյան պատերազմի մասին իմ «Հայի ոգին» անվանումով վավերագրական ֆիլմը շատ ծանր թեմա էր։ Դրանից հետո ես ցանկացա իրականացնել մի նախագիծ, որը կարող էր մի փոքր թեթևացնել իմ հոգին, և ես գիտեի, որ դա կարևոր կլինի նաև ամերիկահայ համայնքի համար։ Եվ Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգությունն ամենաուրախալի նախագծի իրականացումը Հայաստանում դարձավ նպատակ։ Ես մոտ 12 տարի ապրել եմ Սան Դիեգոյում, և այնտեղ մարդիկ չէին լսել Հայաստանի մասին, ուստի ես ինչ որ կերպ առաքելություն ստանձնեցի՝ աշխարհին ցույց տալ Հայաստանի գեղեցկությունը, մեր մշակույթը և մեր երաժշտությունը։
– Ֆիլմը հայ-ամերիկյան է, ո՞վ է ներկայացնում Ամերիկան, և ո՞վ է ներկայացնում Հայաստանը։
-Ես կիսով չափ հայ եմ, և ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, այնպես որ զգում եմ, որ կարողացա էկրանին ցույց տալ երկու մշակույթների առողջ հավասարակշռություն, բայց ինչ վերաբերում է ֆիլմին, այն իրականում սփյուռքահայերի վերադարձի մասին է Հայաստան, և ես այն նկարահանել եմ համաշխարհային լսարանի համար, որպեսզի աշխարհը կարողանա կապվել ֆիլմի հետ և վայելել այն։
– Ինչպե՞ս ընտրեցիք դերասաններին։ Նրանք միայն ԱՄՆ-ից են, թե կան նաև դերասաններ Հայաստանից։
– Մեր դերասաններից 4-ը ԱՄՆ-ից են, 2-ը՝ Միացյալ Թագավորությունից, իսկ մնացած բոլորը տեղացիներ էին Հայաստանից։ Իմ համապրոդյուսեր Արմինե Անդան օգնեց Հայաստանի դերասանների ընտրության հարցում։ Գլխավոր դերակատար Քրիստա Մարինան երբ ինձ մոտ եկավ փորձնական լսումների, ես միանգամից մտածեցի. «Վա՜յ, սա Լիանան է»( խմբ.- նկատի ունի գլխավոր հերոսուհուն)։
– Ֆիլմն իրական պատմություն ունի՞, թե՞ ամբողջությամբ հորինված է։
– Ես կերպարները գրում եմ այնպես, որ յուրաքանչյուր կերպար ունենա իմ անհատականության մի փոքր մասը և որոշակի ճշմարտություններ որոշակի բաների վերաբերյալ, բայց ֆիլմը լիովին հորինված է։
– Ֆիլմում հանդիսատեսի համար անակնկալներ կա՞ն։
-Կարծում եմ՝ երաժշտական տարրը հաճելի անակնկալ է։
– Ֆիլմի ԱՄՆ-ում և Հայաստանում ցուցադրություններից հետո ֆիլմի առաջին ցուցադրությունները շարունակվում են Բրյուսելում, Ամստերդամում, Ստոկհոլմում և Փարիզում։ Ինչպե՞ս են ընթանում ցուցադրությունները և ի՞նչն է հատկապես դուր եկել հանդիսատեսին։
-Մարդիկ իսկապես վայելում են ֆիլմը։ Ես լսել եմ մարդկանց, ովքեր ասել են, որ ուզում են ինքնաթիռի տոմս գնել և գնալ Հայաստան, կամ որոշները պատկերացում էլ չունեն, որ Հայաստանն այդքան գեղեցիկ է, և նրանք իսկապես սիրել են հայկական երաժշտությունը։
ՕՐԵՐ
Պրահայում ֆիլմը ցուցադրվելու է
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15-ին
Պրահայի Կրիստալ կենտրոն
Հասցեն՝ José Martího 2/407, Prague 6, 160 00
Տոմսերը ամրագրել` հեռ 606565611, hakob@orer.cz
Տոմսի արժեքը՝ 250 կրոն
Ֆիլմն անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ ենթագրերով
A WINTER՛S SONG
American-Armenian film
Meeting with American-Armenian director Angelina Asatryan
English with Armenian subtitles
December 21, 3:00 PM
Krystal Center , Prague
Address: José Martího 2/407, Prague 6, 160 00
Reservations: tel. 606565611, hakob@orer.cz





