2025թ. նոյեմբերի 12-ին և 13-ին Պրահայի <<ՖԱՄՈւ>> և Պիսեկի <<ՖԱՄՕ>> համալսարաններում անցկացվել է փակ միջոցառում՝ գերմանա-հունգարական ծագումով հայտնի կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ Ֆրեդ Կելեմենի վարպետության դասերը (Master Class-ը)։
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին ČARM ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Բելլա Կնյազչյանը և On The Move s.r.o-ի համահիմնադիր ու տնօրեն Մարիամ Մանսուրյանը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ երիտասարդ կինեմատոգրաֆիստներին նոր գիտելիքներ ձեռք բերել այդպիսի բարձրակարգ ստեղծագործողի հետ անմիջական շփումով։
ՖԱՄՈւ-ի և ՖԱՄՕ-ի ավելի քան 70 ուսանողներ մասնակցեցին այս բացառիկ մշակութային միջոցառմանը և հնարավորություն ստացան սովորելու այնպիսի վարպետից, որի ստեղծագործական ուղին կապված է համաշխարհային կինոյի ամենախոշոր անուններից մեկի՝ հունգարացի ռեժիսոր Բելա Տարի հետ։ Վարպետության դասը վարում էր Մարիամ Մանսուրյանը։
Կազմակերպիչների նախաձեռնությունն ուղղված էր ոչ միայն մասնագիտական կրթությանը, այլ նաև Հայաստանի և Եվրոպայի մշակութային կապերի ամրապնդմանը։
Ֆրեդ Կելեմենը հայ ժողովրդի վաղեմի բարեկամն է։ 2007 թ-ին նա նկարահանել է Գարինե Տորոսյանի « Stone, Time, Touch » վավերագրական ֆիլմը Հայաստանում, բացի դրանից եղել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, իսկ վերջերս՝ 2025 թ.-ի հոկտեմբերին, իր ջանքերով Բեռլինում կազմակերպվել է հայ անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը (retrospective)։
Նշենք նաեւ, որ Ֆրեդ Կելեմենը 2016 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալին եւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Վարպետ» մրցանակին։

«Այս համագործակցությունը գերազանցել է մեր բոլոր ակնկալիքները։ Ուսանողներից հետադարձ արձագանքը ստացանք հենց նույն օրը․ ոմանք մոտեցան միջոցառումից հետո, շնորհակալություն հայտնեցին և շարունակեցին իրենց հուզող հարցերը քննարկել կինոգործիչի հետ, ոմանք ուշ երեկոյան շնորհակալական նամակներ գրեցին, կարծում եմ բոլորը շատ գոհ էին, այդ թվում և պարոն Կելեմենը։
Մարիամի հետ մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք պարոն Կելեմենին մեր սիրելի Պրահայում, նրա հետ աշխատելը իսկական հաճույք էր։ Ունենալով նման հաջող մեկնարկ ՝ վստահ ենք, որ սա միայն սկիզբն է մեր ապագա համատեղ նախագծերի» – պատմել է Բելլա Կնյազչյանը։
orer.eu




