ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն երկօրյա աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում էր։
Նոյեմբերի 25-ին Գլխավոր հանձնակատարն այցելել է Քիշինև, որտեղ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Զարեհ Սինանյանը Քիշնևում հանդիպել է Մոլդովա–Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ՝ խմբի նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության արդի հարցերը, համագործակցության զարգացման հնարավորություններն ու երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի խորացման հեռանկարները։
Խորհրդարանական բարեկամական խմբի հետ հանդիպմանը հաջորդել է Մոլդովայի Հանրապետության Սփյուռքի գործերի բյուրոյի ղեկավար Վիոլինա Դոնուի հետ հանդիպումը:
Գլխավոր հանձնակատարը Վիոլինա Դոնուին է ներկայացրել սփյուռքում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքի Հայաստանի փորձը՝ ընդգծելով երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը։
Քննարկվել են երկու երկրներում գործող հայրենադարձությանը միտված պետական և հասարակական ծրագրերը:
Զարեհ Սինանյանը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» մասնագիտական հայրենադարձության ծրագիրը, ինչպես նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ երիտասարդներին ծանոթանալ կյանքին Հայաստանում՝ հետագայում իրենց համայնքներում դառնալով հայրենիք-սփյուռք հարաբերությունների կապող օղակ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեությանը, որի գործառույթների շրջանակն ընդգրկում է արտերկրում գտնվող, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած հայրենադարձների հետ աշխատանքը։
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՄՀ Կրթության և հետազոտությունների նախարարության պետական քարտուղար Վալենտինա Օլարուի հետ:
Հանդիպմանը քննարկվել է մոլդովական դպրոցներում հայոց լեզվի որպես հավելյալ դասընթացի դասավանդման հնարավորությունը։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակելու աշխատանքներն այս ուղղությամբ՝ հիմք ընդունելով Մոլդովայում արդեն հաջողությամբ փորձարկված մոդելները։
Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատարն այցելել է Քիշինևի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի և նոր վերանորոգված հայկական կիրակնօրյա դպրոց։


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ՝ Իգոր Գրոսուի, ՄՀ Միջէթնիկական հարաբերությունների գործակալության տնօրեն Վյաչեսլավ Ռյաբչինսկիի, և ՄՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Զարեհ Սինանյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպման սկզբում շնորհավորել է վերջինիս՝ ընտրություններում հաղթանակի առթիվ, և ընդգծել Հայաստան-Մոլդովա հարաբերությունների զարգացման կարևորությունը։
ՄՀ Խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն շնորհակալություն է հայտնել գլխավոր հանձնակատարին Մոլդովա կատարած այցի համար և ընդգծել այցի կարևորությունը երկու երկրների միջև սփյուռքյան համայնքների հետ կապերի ամրապնդման և հայրենադարձությանը միտված նախաձեռնությունների փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության սերտացման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նույն օրը Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Մոլդովայի Հանրապետության Միջէթնիկական հարաբերությունների գործակալության տնօրեն Վյաչեսլավ Ռյաբչինսկիին:
Հանդիպման ընթացքում Վյաչեսլավ Ռյաբչինսկին ներկայացրել է Մոլդովայի Հանրապետության ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տվյալները և նշել, որ նրանք կազմում են բնակչության շուրջ 14%-ը: Համաձայն տարբեր գնահատականների՝ Մոլդովայում հայկական համայնքի թիվը կազմում է շուրջ 10 հազար մարդ։
Քննարկման առանցքում է եղել Գործակալության ենթակայության ներքո գործող Կոորդինացիոն խորհրդի աշխատանքներում Մոլդովայում գործող բոլոր հայկական համայնքային կառույցների ներգրավվածության հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների՝ երկրում լեզվին առնչվող քաղաքականությունների մշակման մասնակցությանն ու ներգրավվածությանը:
Զարեհ Սինանյանը և Վյաչեսլավ Ռյաբչինսկին քննարկել են նաև հայ համայնքի կյանքի ակտիվացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայկական ֆուտբոլային թիմերի ստեղծման և համայնքային մարզական մրցաշարերի անցկացման հնարավորությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել Մոլդովայում հայկական պատմական ժառանգության պահպանմանն ուղղված հարցերին:
Վյաչեսլավ Ռյաբչինսկին զրույցի ընթացքում հայտնել է Մոլդովայի պատրաստակամությունը՝ աջակցելու նաև Ուկրաինայի հայ համայնքին:
Գլխավոր հանձնակատարի երկօրյա այցը Մոլդովա եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով, որի ընթացքում համայնքին են ներկայացվել Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ քաղաքացիության ստացման ընթացակարգերին, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը, հայկական դպրոցների համար ուսումնական գրքերի տրամադրմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող այլ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությանը։
orer.eu









