Մայր Աթոռ-Փաշինյան հակամարտությունը նոր փուլում. հանդիպումներ, հայտարարություններ

  • 28.11.2025
  • 0
  • 245 Views

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։

Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։ Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

Դատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը։

Այս հայտարարությանը երեկ նախորդել էր վարչապետ Փաշինյանի հանդիպումը 8 եպիսկոպոսների հետ։

Նոյեմբերի 27-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։

Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։

Այս հանդիպմանը նախորդել էր 9 եպիսկոպոսների հայտարարությունը, որում նշված որոշ սրբազաններ ոչ միայն չէին ստորագրել, այլեւ իրենք հայտարարեցին, որ դեմ են կաթողիկոսի հրաժարականին։

Եկեղացականների հայտարարության մասին

Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ հայտարարություն են տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։ 

 «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին Կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ 

 Այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, Եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։

 Հայտարարության տակ ստորագրել են Տ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկտրչյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։ 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում