Հարցազրույց երիտասարդ քանդակագործի հետ
Երիտասարդ հայ քանդակագործ և նկարիչ Հայկ Հովհաննիսյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունն ու ստեղծագործական զգայունությունը նա ժառանգել է իր ընտանիքից` հայրը քանդակագործ Արթուր Հովհաննիսյանն է։ Նա ընտանեկան ժառանգությունը շարունակող ստեղծագործող է, որի աշխատանքներում դասական ձևը հանդիպում է ժամանակակից գաղափարական հոսքերին։
Հայկ Հովհաննիսյանի մանկությունն ու առաջին ստեղծագործական քայլերը անցել են Գյումրիում՝ քաղաքի յուրահատուկ մշակութային միջավայրի ազդեցության ներքո։ Նա կրթություն է ստացել Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (2000–2007), այնուհետև՝ Գյումրու ակադեմիական վարժարանում (2007–2010)։ Միաժամանակ, դեռ դպրոցական տարիներից ուսանել է Գեղարվեստի ազգային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում (2006–2009), որտեղ խորացել է գծանկարի և քանդակի հիմունքների մեջ։ Ավարտելով միջնակարգ կրթությունը՝ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան՝ շարունակելու ուսումը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (2010–2014), որտեղ ստացել է մասնագիտական հմտություններ ձևի, կառուցվածքի և տարածական մտածողության ոլորտներում։
2014–2016 թվականներին նա կատարելագործել է իր վարպետությունը Սանկտ Պետերբուրգի Ի.Ե. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ ստանալով դասական քանդակի եվրոպական ավանդույթների ակադեմիական կրթություն։
Ստեղծագործական աշխարհ
Հայկ Հովհաննիսյանի աշխատանքները ներկայացնում են ֆիգուրատիվ, ռեալիստական և էքսպրեսիոնիստական ուղղությունների հետաքրքիր միաձուլում։ Նրա քանդակներում մարմնի պլաստիկան միահյուսվում է հոգեբանական խորությամբ՝ արտացոլելով մարդու ներքին պայքարը, ազատության ձգտումը և հոգևոր վերածնունդը։
Նրա առավել հայտնի քանդակներից են․ «Ադամ և Եվա. Վտարում», «Բրոնզեդարյա մարդը», «Գինեսույզ մետամորֆոզներ», «Եվրոպա», «Տորք Անգեղ» , «Կոնցենտրացիա», «Պոլոզ Մուկուչ և Ծիտրո Ալեք», «Դոն Կիխոտ», «Ամբոխին հակառակ», «Երաժշտություն, «Ազատություն», «Քարտաշ» , «Ադամ. Գայթակղություն»։
Հովհաննիսյանի գործերը աչքի են ընկնում տեխնիկական կատարելությամբ, նյութի հանդեպ հարգալից վերաբերմունքով և զգայական լարվածությամբ։ Նրա կերպարները հաճախ արտացոլում են ժամանակակից մարդու՝ հակասություններով լի հոգեբանությունը։
Ազդեցություն և միջազգային ներկայություն
Հայկ Հովհաննիսյանի քանդակներն ու գծանկարները ներկայացված են մի շարք միջազգային հարթակներում՝
[The Artling](https://theartling.com/en/artist/hayk-hovhannisyan/),
[Artmajeur](https://www.artmajeur.com/hayk-hovhannisyan),
[Saatchi Art](https://www.saatchiart.com/account/profile/2369553),
[ArtStation](https://www.artstation.com/haykhovhannisyan),
[Armenian Art](https://armenianart.am/product/europe-bronze-sculpture-by-hayk-hovhannisyan/),
[Tricera](https://www.tricera.net/artist/sculptors/8108705) հարթակներում։
Նրա աշխատանքները գրավում են ոչ միայն հայ արվեստասերների, այլև արտերկրի համաշխարհային ճանաչում ունեցող գալերիաների և կոլեկցիոների ուշադրությունը՝ ընդգծելով ժամանակակից հայ քանդակագործության ինքնատիպ շունչը։
Արվեստը՝ որպես ազատության ձև
Հովհաննիսյանի համար քանդակը ոչ միայն նյութի ձևավորում է, այլ գաղափարի մարմնավորում։ Նրա ստեղծագործությունների հիմնական առանցքը մարդու էությունն է՝ հավերժական պայքարը սեփական սահմանափակումների և ազատության փնտրտուքի միջև։ Նրա խոսքով՝ «քանդակը պիտի խոսի լռությամբ, բայց հնչի այնպես, ինչպես երաժշտությունը»։
Մենք զրուցեցինք Հայկ Հովհաննիսյանի հետ նրա կյանքի, ստեղծագործական ոգու և նյութի հետ ունեցած յուրահատուկ կապի մասին։
– Ե՞րբ հասկացաք, որ ձեր ճանապարհը արվեստի մեջ է։
– Շատ վաղ։ Մանկուց շրջապատված էի արվեստով․ հայրս քանդակագործ է, և ես հաճախ էի լինում նրա արվեստանոցում։ Միշտ հետաքրքիր էր՝ ինչպես է անշարժ նյութը վերածվում կենդանի կերպարի։ Մի օր հասկացա՝ հենց դա է այն լեզուն, որով ուզում եմ խոսել աշխարհի հետ։
– Ձեր գործերում շատ են խորհրդանշական և փիլիսոփայական թեմաները։ Ինչո՞ւ հենց դրանք։
– Որովհետև ինձ համար արվեստը միայն արտաքին ձև չէ։ Ես փորձում եմ հասկանալ մարդուն՝ իր ներքին աշխարհով, պայքարներով, հավատով։ Օրինակ՝ «Ադամ և Եվա. Վտարում» քանդակը մարդուս ներքին վտարման մասին է՝ երբ անհատը կորցնում է ինքն իրեն, հետո ,,, տևական դադար և միայն հոգով ազնիվներն են կարողանում վերգտնել դառնալով ավելին քան կային։
– Ինչպե՞ս կբնորոշեք ձեր ոճը։
– Ֆիգուրատիվ ռեալիզմի և էքսպրեսիոնիզմի խառնուրդ է։ Ես սիրում եմ, որ ձևը կենդանի լինի։ Եթե քանդակը հուզմունք չի առաջացնում, այն պարզապես ձև է՝ դատարկ ֆորմա։
– Ի՞նչ տվեց ձեզ Սանկտ-Պետերբուրգի Ռեպինի ակադեմիան։
– Այն մեծ դպրոց էր, որը սովորեցրեց կարգապահություն և հարգանք արվեստի նկատմամբ։ Այնտեղ հասկացա, որ ազատ լինելու համար պետք է նախ տիրապետել հիմքերին։ Երբ ձևին տիրապետում ես, այն ժամանակ կարող ես կոտրել այն՝ առանց կորցնելու արժեքը։
– Որո՞նք են ձեր սիրելի գործերը։
– Ամեն մեկը տարբեր բան է պատմում, բայց «Ամբոխին հակառակ»-ը ինձ համար շատ անձնական աշխատանք է։ Այն խոսում է այն մասին, որ երբեմն պետք է գնալ սեփական ճշմարտության հետևից՝ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը հակառակ է։
– Ի՞նչ եք ուզում, որ մարդիկ զգան, երբ տեսնում են ձեր քանդակները։
– Յուրաքանչյուր մարդ իրենն է տեսնում արվեստում, ինչքան շատ ու մեծ է ներսդ, այդքան շատ ու մեծ է արձագանքը, ինչքան դատարկ՝ այքան անհաղորդ։



