
Հոկտեմբերի 26-ին Ավստրիայի Ազգային տոնի առիթով Հայաստանում Ավստրիայի Պատվո հյուպատոս Արամ Մարությանը արժանացել է Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար արծաթե պատվո շքանշանին։ Այս շքանշանը բաժանված է 15 դասի և ավստրիական ազգային պարգևների համակարգի բարձրագույն պարգևն է, իսկ մեր հայրենակցին շնորհած շքանշանը հինգերորդն է այդ շարքում։
Ազգային տոնի առթիվ Երեւանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթներ են ունեցել Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները, Հայաստանի Ազգային ժողովի Հայ-ավստրիական բարեկամության խմբի նախագահ Շիրակ Թորոսյանը եւ Հայաստանում Ավստրիայի Պատվո հյուպատոս Արամ Մարությանը։
Դեսպան Գերշները նշել է, որ պատիվ ունի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենիի հրամանագրով Պատվո հյուպատոս պրն.Արամ Մարությանին փոխանցել Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար արծաթե պատվո շքանշանը եւ հանձնել է պարգեւը։
Իր հերթին, Արամ Մարությանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր ստանալ այս շքանշանը:
«Ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ, դոկտոր Ալեքսանդր Վան դեր Բելլենին, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Ռոբերտ Գերշներին, ինչպես նաև Ավստրիայի կառավարությանը՝ այս պատվաբեր գնահատանքի համար»,- ասել է նա։
Արամ Մարությանը 2011 թվականի հունիսի 30-ից Ավստրիայի Պատվո հյուպատոսն է Հայաստանում։ Մեծ է նրա ներդրումը հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նա «Ատլանտիս դեվելոփմենթ» ընկերության (Չեխիա) նախագահն է։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։
Orer.eu








