Հոկտեմբերի 12-ին Պրահայում անցկացված Չեխական ըմբշամարտի ասոցիացիայի 130-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում Տարվա լավագույն ըմբիշ մրցանակին է արժանացել մեր հայրենակից, 21-ամյա ըմբշամարտիկ Արթուր Սարգսյանը։ Սակայն Արթուրը գտնվելով մարզական հավաքում, չի մասնակցել երեկոյին եւ նրա փոխարեն մրցանակը ստացել է ասոցիացիայի անդամ Ռադեկ Սատրապան։
Ինչպես նշեց «ՕՐԵՐ»ի հետ զրույցում Արթուրը, այդ մրցանակը սպասելի էր, քանի որ վարկանիշային միավորներով ինքը 2024 թվականի ընթացքում գրանցել էր լավագույն արդյունքները, իսկ այս տարի թե՛ Եվրոպայի առաջնությունում, եւ թե՛ աշխարհի առաջնությունում, գրավել է 5-րդ տեղը, ինչին չի հասել Չեխիայի որեւէ այլ ըմբիշ։
Ի դեպ, Հունահռոմեական ըմբշամարտի Չեխիայի հավաքականն իր մարզումներն անցկացնում է Հայաստանում՝ Ծաղկաձորի մարզական ավանում, իսկ Արթուրի անձնական մարզիչն է Զդենեկ Շվեցը։

Օրերս էլ, հոկտեմբերի 20-23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Արթուրը հանդես գալով 130 կգ քաշային կարգում, զբաղեցրեց պատվավոր 5-րդ տեղը՝ վերջին մենամարտում պարտվելով հայաստանցի ըմբիշ Ռազմիկ Խուրդյանին։ 3-րդ տեղի համար պայքարում էլ զիջեց ռուսաստանցի ըմբիշին։ Բայց պետք է հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականին նա Բուդապեշտում կայացած կադետների աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։


Առջեւում պարապմունքներն են եւ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնության համար նախապատրաստական մարզումները։ «Պետք է ուժերս հավաքեմ եւ ավելի շատ աշխատեմ, որպեսզի հաղթական արդյունք գրանցեմ»,- ասում է Արթուրը։
Ավելացնենք, որ մարզական կյանքին զուգահեռ, Արթուրն արդեն ավարտել է Առեւտրային ակադեմիան, եւ այժմ սովորում է Պրահայի «Նյուտոն» տնտեսագիտական բարձրագույն դպրոցի 3-րդ ավարտական կուրսում։
Հաջողություններ ու նոր հաղթանակներ ենք մաղթում մեր հայրենակցին։
Orer.eu




