
«Երբեք մի զրկիր քեզ դասը թատրոնի վերածելու ուրախությունից»․ միգուցե այս խոսքերից էր ծնվել Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի ներկայացրած Թերենս ՄըքՆելլիի «Վարպետության դաս» պիեսի մոտիվներով բեմադրությունը: Մարիա Կալլաս-Հասմիկ Պապյանի մուտքն արդեն թատերական խաղ է, միզանսցենային կտրուկ վրձնահարվածով, որտեղ բուն վարպետության դասը դեռ չէր սկսվել։
Երկար տարիներ Վիեննայի Volkstheater-ի խաղացանկի մաս կազմող և այդ բեմադրությունը բազմաթիվ անգամ տեսած Հասմիկ Պապյանը մեծ ցանկություն ուներ Երևանյան բեմ բարձրացնել այս պիեսը, հատկապես՝ դեռ La Divina-յի 100-ամյակին։ Կալլասի հետ զուգահեռը միշտ անցել է Հ․ Պապյանի կյանքում․ տասնչորս տարվա ընթացքում մոտ 150 անգամ Նորմա է մարմնավորել։ Ասոցիացիաներն անխուսափելի են եղել․ «Եթե դու համարձակվում ես այն երգել, ուրեմն պետք է հաշվի առնես, որ քեզ Կալլասի Նորմայի կողքն են դնելու և համեմատելու»։ Կալլասի փայլուն տարիների ականատեսների ու նրա հետ բեմ բարձրացած ժամանակակիցների գնահատականն՝ ուղղված մեր հայրենակցին, իսկապես, բարձր է եղել։ Հասմիկ Պապյանի համար Կալլասը ոգեշնչող է երաժշտությանն իր անմնացորդ նվիրումով ու վերաբերմունքով, այլ ոչ՝ որպես անձ ու երգչուհի։ «Նա ուներ բնատուր ձայն, իր ամբողջ էմոցիաները տալիս էր առանց զատելու, խնայելու ( հիշենք՝ 14 տարեկանում Իզոլդա էր երգում) և նրան վերջնական տապալեցին անձնական կյանքի էմոցիաները»,-նշում է Հ․ Պապյանը։


1950-ականներից աշխարհը անհագ ուշադրությամբ հետևում էր 20-րդ դարի անգերազանցելի օպերային երգչուհու կյանքի դրամային․ նրա ճակատագրական ու անկեղծ սերը Արիստոտել Օնասիսի հանդեպ, երբ փոխհարաբերությունը խլում էր երգչուհու ուժերը, վատ էր անդրադառնում ձայնի վրա, իսկ միլիարդատիրոջ ամուսնությունը Ժակլին Քենեդու հետ 1958 թվականին Կալլասի համար դավաճանություն էր։ Այդ ողբերգությունից հետո 1970-ականներին օպերային դիվան ավելի քիչ էր հայտնվում, կյանքի վերջին տարիները փակվել էր Փարիզի իր բնակարանում։ Այս շրջանից են պահպանվել Նյու-Յորքի Ջուլիարդի դպրոցում 1971-1972 թվականներին նրա վարպետության դասերի արժեքավոր ձայնագրությունները, տեսագրությունները, ժամանակակիցների հուշերը։
Դրանց ականատեսն է եղել նաև ամերիկացի անվանի դրամատուրգ Թերենս ՄըքՆելլին (1938-2020)։ Եվ կարելի է պատկերացնել այն հույզը, որն ունեցել է 33-34-ամյա ապագա դրամատուրգը՝ այն տպավորությունը, որով ապրել է շուրջ քսան տարի, և պիես դարձած հիշողությունը, որը 1995-ին ներկայացրեց Բրոդվեյում կայացած պրեմիերային ու թատերական Tony մրցույթին երեք մրցանակ ստացած թանկ գնահատականի ապրումը։ Թ․ Մըքնելլին պիեսում ցանկացել է փոխանցել իր ամբողջ հիացումը Մարիա Կալլասի հանդեպ։ Իր համար այս պիեսը ոչ միայն Կալլասի, այլ արվեստի բոլոր մարդկանց մասին է։


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան և գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը բեմ բարձրացրին Թերենս ՄըքՆելլիի «Վարպետության դաս» պիեսը։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Գառնիկ Սեյրանյանն է, բեմադրող նկարիչը Աշոտ Համբարձումյանը, անիմացիան իրակնացրել են «Իրական դպրոց»-ի սաները։ Մարիա Կալլասի դերում ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն է, կոնցերտմայստեր Մեննի Վայնշտոկի դերում ԵՊԿ դաշնամուրային մասնագիտացմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արեն Ամիրյանն է, Սոֆի դե Պալմայի դերում՝ ակադեմիական երգեցողություն մասնագիտացմամբ սովորող ուսանողներ Տատյանա Հմայակյանը, Աննա Կարագյոզյանը, տենոր Էնտոնի Կանդոլինոն խաղում են Ալբերտ Տիգրանյանը, Կարեն Նալբանդյանը, հմայիչ Շերոմ Գրեհեմին մարմնավորել են Անի Յուխանյանը, Գայանե Ղամբարյանը, բեմի աշխատողի դերով ներկայանում է օպերային ստուդիայի աշխատակից Վահե Պետրոսյանը։

Այս պիեսում Մարիա Կալլասին խաղացել են ամենավառ թատերական արտիստները, իսկ աշակերտների դերում հրավիրվել են կա՛մ պրոֆեսիոնալ երգիչներ, կա՛մ երգեցիկ հմտություններով դրամատիկ դերասաններ։ Ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանը բրոդվեյան պիեսը մեկնաբանել է որպես դրամա, ինչն ավելի արդարացի է Մարիա Կալլասի դիմանկարի ու կյանքի իրադարձությունների համատեքստում։ Բեմի լուծումը տրված է օպերային արվեստի օլիմպոս տանող զուգահեռ աստիճաններով, որոնցով բարձրանալն ու իջնելն ասես «թարգմանում է» տվյալ հիշողության, գործողության ուղղության բովանդակությանը՝ վերևում Մարիա Կալլասի առաջին հաջողություններն են, հետագա հաղթանակաները, դարի մեծերի հետ հանդիպումները, այնտեղ է դասի ընթացքում Կալլասն իր հետ տանում պատանի երգիչներին իջնելիս՝ միայնակ վերապրում է անձնական կյանքի անկումները, հիշողությունները։ Նույնպիսի շարժում են հաղորդում բեմանկարչության առանձին դետալները՝ անմիացիայի ու, հատկապես, կարմիր ստվերալույսով լուծումները, որտեղ իր ամուսնու՝ Ջովաննի Բատիստա Մենեգինիի ձայնի հետ երկխոսության մեջ Կալլասը վերափոխվում է ստվեր-կնոջ՝ կյանքում, ստվել-արտիստուհու՝ բեմին, մյուս դեպքում հայտնվում է Օնասիսի ուրվական պատկերը։ Երկու դեպքում էլ կարմիր լույսի ձևավորումն՝ իր հետ բերում է ողբերգության, դիվայինի ասոցիացիներ։

«Վարպետության դաս» պիեսի գլխավոր հերոսուհին 20-րդ դարի լեգենդար օպերային երգչուհի, La Divina` աստվածային Մարիա Կալլասն է։ Բեմադրության հիմքում պարզ սյուժե է․ երիտասարդ երգիչների հետ վարպետության դասն ընդմիջվում է հիշողություններով՝ մանկության, մկրտության, 15-ամյա տարիքում Լա Սկալայում կայացած հաղթանակի, Օնասիսի հետ հարաբերությունների մասին, որի կուլմինացիան արվեստին տրված իր զոհաբերության մասին է։ Ներկայացման ընթացքում հնչում են հատվածներ Վինչենցո Բելլինիի, Ջուզեպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաներից։ Ներկայացումը պատմում է նրա կյանքի պատմությունը նամակներում և հիշողություններում, որին միավորվում է Ֆրանց Շուբերտի «Դեղձանիկը»։ Գլխավոր հերոսուհու ձայնագրություններին զուգահեռվում են արտիստ-երգչուհու՝ Հասմիկ Պապյանի ու երիտասարդ մեներգիչների կատարումները։
Ռեժիսորը նշում է, որ ներկայացումը երեք կարևոր նպատակ ունի․ ունկնդիր-հանդիսատեսի համար երեք հնարավորությունների մեկտեղում է․ հանդիսատեը բեմում տեսնում, լսում է Հասմիկ Պապյանին, պատանի երգիչները անհրաժեշտ փորձառություն, մուտք են ստանում դեպի թատերական արվեստ և ի վերջո՝ ծանոթանում են Մարիա Կալլասի պատմությանը։ Հասմիկ Պապյանը նշում է, որ իր նպատակն էր «երիտասարդ երգիչներին փոխանցել՝ ինչպես չի կարելի ապրել, չէ՞ որ, ի վերջո, Կալլասի նման հզոր կինն իրեն կործանեց, իսկ երգչուհին, արտիստը չի կարող այդքան սխալներ թույլ տալ»։


Պապյանը Կալլասին ապրում է արքայական հանդարտությամբ, քիչ կայտառ սեթևեթանքով, բայց գործի մեջ մշտական ուշիմ կեցվածով, նրան հետաքրքիր է ուսանողների երգեցիկ ունակությունները և բեմադրության ընթացքում ակտիվ ցուցադրում է՝ ինչպես է հնչում այս կամ այն դրվագը։ Կոնցերտմայստերի ամբողջական կերպար է մարմնավորում բեմական արվեստում առաջին քայլը կատարող Արեն Ամիրյանը, այն է՝ զգայուն, հոգատար Մեննի Վայնշտոկի, սրտառուչ ուշադրությամբ տարբեր իրավիճակներին արձագանքող գերազանց դաշնակահար։ Սոֆի դե Պալմայի՝ արտիստուհի դառնալու չափազանցված անհամբերությամբ կերպարում Տատյանա Հմայակյանը ներկայանում է իր զրնգուն սոպրանոյով։ Ռեժիսորական նույն մոտեցումը Աննա Կարգյոզյանը իրականացնում է փոքր-ինչ մեղմ մոտեցմամբ։ Շերոն Գրեհեմը Անի Յուխանյանի խանդավառ մեկնաբանմամբ առաջին սոպրանոյի համեմատ կերպարային հակադրությունն է շեշտում՝ արտաքինով, կեցվածքով, պրիմային հատուկ քմահաճույքներով։ Զգացվում է, որ նա ձգտում է մարմնավորել անվարժ ուսանողի ու բեմական համարձակ քայլ կատարող դերասանի միջև կանգնած երգչուհու։ Գայանե Ղամբարյանը փորձում է ցուցադրել բռնակալ Լեդի Մակբեթի արտաքին փայլը, ինչը հատկապես զգացվեց ընտրված զգեստով։ Էնտոնի Կանդոլինոյիի և Մարիա Կալլասի երկխոսության մեջ շատ վառ Ալբերտ Տիգրանյանը արտահայտվում է ընդգծված առօրեական ինտոնացիայով, որը «մատնում է» վարպետության դասին մասնակից ուսանողի պարզ ծագումը՝ կտրուկ հակադրվելով Կավարադոսիի՝ ռոմանտիկ հերոսի սիրով արբեցած արիան կատարելիս, որը հնչեցրեց զգույշ մեկնաբանմամբ։ “Recondita armonia”-յի՝ թաքնված ներդաշնակության մեջ տարբեր գեղեցկության մասին երգեց նաև Կարեն Նալբանդյանը։ Ինքնավստահ Տոնիին մարմնավորելն ուսանողի համար իսկապես խիզախ քայլ է, քանի որ պետք է երգի տենորների դժվարագույն՝ Կավարադոսիի “Recondita armonia” արիան, Կարեն Նալբանդյանի դեպքում հայտնի և գիտակ ունկնդրի համար սպասված «սի բեմոլը» հնչեցնելով։

Ցավոք, օպերային ստուդիայում քիչ դժվար է երգիչների ընտրությունը․ ուսանողները ցանկություն չունեն կամ զբաղված են նման նախագծերում մասնակցելու համար, իսկ այս ներկայացումն իրական վարպետության դաս է մասնակից պատանի երաժիշտների համար, որտեղ նրանք Կալլաս-Պապյանից ստանում են կենսական պատգամներ, անգամ՝ գործնական խորհուրդներ հմայքի, գրավչության մասին, որ պետք է հիշեն՝ չեն կարող երգել, եթե լարված են, ուշադրություն դարձնել բեմական անուն ունենալուն, «իմ ծործորակի վրա աչքեր կան» արտահայտությամբ հորդորում է միշտ արթուն մնալ, լինել ճշմարիտ, քանի որ քչերն են ի վիճակի լաց լինել բեմում ու չմոռանալ, անհատը պետք է հայտնաբերի՝ ով է ինքը և որ իսկական կրակը սրտից է գալիս, «թե այդպես խստապահանջ երևացի, նրանից է, որ ինքս իմ հանդեպ եմ այդպիսին”,- հնչում է Կալլասի եզրափակիչ մենախոսությունում։
Ներկայացման ամբողջ ընթացքում տեսանելի է՝ ինչքան են ցավում թատրոնի վաղվա օրվա ու վարպետության դասին եկած երիտասարդների ապագայի հանդեպ, ձգտում են վերադարձնել թատրոնին ծառայելու գիտակցությունը, վերակենդանացնել բեմի առեղծվածը։ Սա երազանքն է թեˊ Աստվածային երգչուհու, թեˊ՝ Հասմիկ Պապյանի։
Օլյա Նուրիջանյան
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա
#ԵՊԿ#yksc#operastudio#mariacallas




