Օպերայի և բալետի ազգային ակադեմիական սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք և ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։
Համերգի ընթացքում ելույթ կունենան ոչ միայն ազգագրական ճանաչված խմբեր, այլ նաև դասական, ջազային և ռոք ժանրի սիրված երաժիշտներ, որոնք իրենց յուրահատուկ մեկնաբանություններով ու մշակումներով կհնչեցնեն Հայրիկ Մուրադյանից ժառանգած ստեղծագործությունները կամ նրա ոգեշնչմամբ ծնված երաժշտությունը։
Մասնակցությամբ՝ Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի, «Կարին» հայ ավանդական երգի-պարի համույթ, «Գյուրջիև» անսամբլ, Լևոն և Աննա Մուրադյանների, Գևորգ Դաբաղյանի, Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանի, Նորայր Քարտաշյանի և «Մենուա» նվագախմբի, Հայկ Մելիքյանի, «Կաթիլ» բենդի, Ժաննա Դավթյանի, Վահագն Հայրապետյանի և Armenian Colors Quartet-ի, Հայաստանի փոքրիկ երգիչների։
Բեմականացման հեղինակ՝ Վահան Բադալյան։ Միջոցառման գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Միջոցառման կազմակերպիչ՝ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ։
Հ. Մուրադյանը ժողովրդական երգի պահպանման և տարածման ամենանշանավոր գործիչներից է։ Տասնամյակներ շարունակ նրա ձայնը հնչել է Հայաստանի տարբեր անկյուններում՝ վերածվելով ազգային ինքնության ու համախմբվածության խորհրդանիշի։ Հայրիկը դարձավ հայ ժողովրդի ձայնն ու ոգին։
Իր ստեղծագործական ուղին նա կառուցեց հավատալով, որ «ժողովրդական երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր Հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։ Հ. Մուրադյանի վերաբերմունքը երիտասարդների և երեխաների հանդեպ վառ արտահայտված է իր հուշերում․ նա արժևորում էր սերունդների կապը և երեխաների մեջ տեսնում վաղվա պայծառ օրը։
Այսօր արդեն նոր սերունդներն են իրենց յուրատիպ մեկնաբանություններով ու ուրույն ժանրով շարունակում հնչեցնել այն երգերը, որոնք Հայրիկը հավաքագրել ու պահպանել է ժողովրդից՝ ցույց տալով, որ նրա արվեստի հիմքում ընկած համամարդկային տեսակը և մարդուն տեսնելու ու զգալու կարողությունը շարունակում է ապրել։ Հ. Մուրադյանի ֆենոմենը հայ ազգագրական երգը բեմ բարձրացնելն էր և այդ երգի միջոցով ժողովրդին համախմբելը։ Նրա և իր աշակերտների ու համախոհների մշակութային առաքելության շնորհիվ այսօր էլ շարունակվում է ժողովրդական երգի ու պարի տարածումն ու փոխանցումը երիտասարդներին։



