Արցախյան երգն ու պարը Իտալիայի միջազգային ֆոլկլորային փառատոնում

  • 04.08.2025
  • 0
  • 492 Views

Իտալիայում ընթացող CIOFF®️-ի կազմակերպած միջազգային ֆոլկլորային փառատոնը շարունակում է իր հագեցած ու գունեղ օրակարգը՝ համախմբելով աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթներն ու ավանդույթները մեկ բեմի վրա։ Այս փառատոնը ոչ միայն գեղարվեստական տոն է, այլև մշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության և ազգային ինքնության պահպանման յուրահատուկ հարթակ։ Ինչպես հաղորդում է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը, փառատոնի շրջանակներոմւ ներկայացվում է արցախյան երգն ու պարը։ Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին՝ համախմբելով մշակութային պատվիրակություններ հարյուրավոր երկրներից։

Միջոցառման մեկնարկը նշանավորվեց մասնակից երկրների շքերթով, ազգային տարազներով, երաժշտությամբ ու դրոշների հանդիսավոր բարձրացմամբ։ Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ փառատոնի բացման արարողության ընթացքում բարձրացվեց Արցախի ու Հայաստանի դրոշը։

Այս ակնառու պահը ոչ միայն զգացմունքային էր հայաստանյան պատվիրակության համար, այլև խորհրդանշական՝ որպես մշակութային ինքնության և շարունակականության հաստատում միջազգային հարթակում։

Արցախյան պատվիրակությունն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և մեծ հետաքրքրություն առաջացրեց կազմակերպիչների ու միջազգային գործընկերների շրջանում։ Բացման արարողությանը հաջորդելու են համերգային ծրագրեր, մշակութային ներկայացումներ և մշակութային փոխանակման հանդիպումներ Իտալիայի տարբեր քաղաքներում։

Մինչ այս պահը փառատոնի շրջանակում արդեն իսկ անցկացվել են մի շարք հիշարժան միջոցառումներ, այդ թվում՝

▪️ Սուրբ Պատարագ՝ Santa Scolastica եկեղեցում

▪️ Շքերթ՝ պատմական Old Town-ի փողոցներում

▪️ Miss և Mister Festival մրցույթ

▪️ Ճանաչողական այց՝ Իզոլա դել Լիրի քաղաք՝ իր միջնադարյան կենտրոնով և եզակի քաղաքային ջրվեժով։

Հայկական մշակույթը փառատոնում ներկայացվում է արցախյան երգերով, ազգային պարերով ու ավանդական տարազներով՝ ջերմ ընդունելություն գտնելով թե՛ հանդիսատեսի, թե՛ տարբեր երկրների պատվիրակությունների կողմից։

Այսպիսի միջազգային նախաձեռնություններն ուժեղացնում են մշակութային կապերը և վկայում, որ ժողովուրդների փոխհարգանքը սկսվում է միմյանց մշակույթը ճանաչելուց։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում