Այսօր «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Միության նախագահը զրույցի ընթացքում ներկայացրել է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Արցախահայերի հիմնախնդիրները, հետճգնաժամային իրավիճակը և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` կարևորելով ռասայական խտրականության, էթնիկ ատելության և անհանդուրժողականության դեմ համընդհանուր պայքարի կարևորությունը։
Անդրանիկ Գրիգորյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդիրները և պատմական ճշմարտության խեղաթյուրման վտանգները։
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության կարևորությունը և ոչ խտրական վերաբերմունքի ապահովումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև բռնի տեղահանվածների միգրացիայի խնդիրները և Հայաստանում նրանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։
.




