Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել. պաշտոնական լրահոս

  • 25.06.2025
  • 0
  • 324 Views

«Սրբազան պայքար» շարչժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։«Մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանին։ Նա անցնում է այն հոդվածներով, ինչը քննչական կոմիտեն հայտարարել է՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման նախապատրաստում։ Նա ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով, և այդ ժամկետի ընթացքում նրան պետք է տանեն դատարան։ Կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,- նշել է Հարությունյանը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն ընդգծել է, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման շրջանակում նախապատրաստվել է իշխանության յուրացման և ահաբեկչության ծրագիր։ ՔԿ հրապարակած ձայնագրություններում հնչում են ենթադրաբար Գալստանյանի և շարժման այլ անդամների խոսքերը՝ պետական համակարգը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու և փոքր խմբերի միջոցով արագ ուժային գործողություններ իրականացնելու մասին։

Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների և ղեկավարների կողմից ահաբեկչություն կատարելու և իշխանությունը յուրացնելու նախապատրաստման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձայնագրություններից կարելի է ենթադրել, որ դրանցում հնչում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, ինչպես նաև՝ շարժման այլ մասնակիցների հայտարարություններ։ Դրանցում նկարագրվում են տարբեր մեթոդներ, որոնք միտված են պետական համակարգը կաթվածահար անելուն, քաոս ստեղծելուն, իշխանափոխություն իրականացնելուն՝ խոշոր փողոցներ փակելուց մինչև պայթյուններ, տեխնիկական խափանումներ ու համակարգերի կաթվածահարում։Մասնավորապես, ձայնագրություններում նշվում է․ «Արդարադատության նախարարության սայթերն են, սաղ պիտի ջարդենք… կառավարության սայթի գլխին Նիկոլի նկարն ա՝ սատանայի պոզերով»։ «ԱԺ-ի շրջափակում… պայթյուն-մայթյուն և այլն ու սկսում ա, պետք է սրանց ջարդել և ամեն ինչ վերջացնել»։«Մենք 25 հոգանոց խմբերով կլինենք… խմբերը, որ կլինեն, իրանք իրանց մեջ էլ 8-8 հոգանոց կլինեն… սիստեմ լինի՝ տակինը հստակ, գործողուղությունները հստակ… սկսեց պիտի չավարտվի մինչև որ վերջանա»։Մի այլ ձայնագրությունում շարժման անդամներից մեկը խոսում է քաոսի մթնոլորտ ստեղծելու, ավտոմեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և իշխանության հակազդեցությունը խաթարելու մասին՝ շեշտելով, որ ամբողջ գործընթացը պետք է տևի ընդամենը մեկ օր, լինի կենտրոնացված, համակարգված և բռնի։Ձայնագրություններից մեկում էլ ենթադրաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասում է. «Մենք դրել ենք բանի վրա՝ համոզենք, քարոզենք, երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են։ Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»։ Մեկ այլ ձայնագրությունում խոսակցության մասնակիցների մեկն ասում է. «Պետք ա բան անել, ինչ ա անունը՝ վառել էլի մարդկանց մեջ էտ ճրագը, որ իրանք էլ հասկանան, չէ, ընկեր, մենք էլ ենք մասնակից պրոցեսի։ Էս անասուն ազգը, խորը անասուն ազգն ամեն ինչում ուզում ա լինի սեփականատեր, և հիմնադիր, դրա համար պետք ա ասել՝ ախպեր, պրոցեսի համահիմնադիրը դու ես, նաև քո ձայնը լսվել ա։ Արթուրի ասած՝ դա տեխնոլոգիա ա, դա պետք ա կիրառվի»։ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է ձայնագրություններից մի քանիսը՝ առանձին-առանձին անդրադառնալով դրանցում հնչող հայտարարություններին. «Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ․․․»,- գրել է վարչապետը։«Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ․անշուշտ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ․․․»,- ասվում է վարչապետի մեկ այլ գրառման մեջ։«Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»,- ասված է վարչապետի՝ ձայնագրություններից մեկին առնչվող ևս մեկ գրառման մեջ։Փաշինյանն այս թեմայով նաև չորրորդ գրառումն է արել՝ տեղադրելով նաև գրառմանն առնչվող ձայնագրությունը։«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին եւ էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ»,- գրել է Փաշինյանը։Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:«Վ․Գ․-ն (Վազգեն Գալստանյան-Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ խմբ.) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:Այսպես.Վ․Գ․-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, Վ․Գ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ Վ․Գ․-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:Ընդ որում, հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներ»–ին։Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից:Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Արմենպրես

Հնարավոր է սա 2 մարդ, ամբիոն and տեքստ, որում ասվում է «W ARMENPRESS HAYK MANUKYAN» նկարն է

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում