Սերգո Երիցյանի շարունակվող ճամփորդությունը

  • 11.06.2025
  • 0
  • 350 Views

Այսօր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում կցուցադրվի անվանի մտավորական, պրոֆեսոր Սերգո Երիցյանին նվիրված «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմը։ Արդեն երկու տարի է մեզ հետ չէ մեր սիրելի ընկերն ու գործընկերը, հայ բանասիրությանն ու լրագրությանը նվիրված անհատը, որ մինչեւ իր կյանքի վերջին րոպեները աննկուն աշխատեց եւ ապագա սերունդներին թողեց պատկառելի գիտական ու գեղարվեստական գրականություն՝ հրատարակելով նաեւ մեր Մեծերի անտիպ ժառանգությունը։ Նրա հաղորդումներն ու ֆիլմերը դարձան արխիվային անսպառ աղբյուր՝ վերջին երեսուն տարիների հայկական աշխարհի ուսումնասիրության համար։ Իրապես անգնահատելի աշխատանք, որ կստանա ժամանակի գնահատականը։ Այսօր Սերգո Երիցյանի ծննդյան օրն է։

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր ցուցադրվող ֆիլմի մասին «Մանկավարժական համալսարան» թերթի գլխավոր խմբագիր Միլվա Ասրյանի անցյալ տարի գրած գրախոսականը, որ հրապարակվել է ֆիլմի պրեմիերայի առիթով։

«Սերգո Երիցյանի ընկերները, գործընկերները, ուսանողները, ընտանիքի բարեկամներն ու մտերիմները հունիսի 11-ին Երևանի Կինոյի տանը մասնակցեցին նրան նվիրված «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմի շնորհանդեսին։

Սերգո Երիցյանը երկար տարիներ դասավանդում էր Մանկավարժական համալսարանում, լրագրության ամբիոնի պրոֆեսոր էր։

ՀՊՄՀ լրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Լևոն Գալստյանի սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմը, որի ռեժիսորն է նույն ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արսեն Առաքելյանը, մեծապես հուզեց դահլիճում ներկա գտնվողներին։ Վավերագրական, ինչ-որ տեղ նաև գեղարվեստական ֆիլմը մարդկային մեկ ճակատագրի պատմություն էր՝ անցյալից դեպի ապագան գնացող ուղերձներով, շարունակվող ճամփորդության հետաքրքիր կանգառներով, որոնցից յուրաքանչյուրում այնքան սեր ու նվիրում կար, հասարակ մարդու հանդեպ այնքան հոգատարություն, գիտնականի, հետազոտողի, լրագրողի ասելիքի ու տալիքի հարատև փնտրտուք․․․

Էկրանից իր սերնդի մի խումբ ճանաչված մտավորականներ ու պաշտոնյաներ իրենց անկեղծ վերաբերմունքն էին արտահայտում Սերգո Երիցյան մարդու, մտավորականի ապրած կյանքի ու դեգերումների հանդեպ՝ հիշողության միջից հուշիկ-հուշիկ հանելով ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի օրինակելի կերպարի բացահայտված ու չբացահայտված շերտերը․․․

Էկրանից ժպտում էր կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ տված մարդը՝ Սերգո Երիցյանը՝ ընտանեկան ջերմության անթաքույց բերկրանքը սփռելով դահլիճում՝ ծափերի ու ծափողջույնների տարափի ներքո։

«Շատ լավ է, որ Սերգո Երիցյանի մասին ֆիլմը ստեղծվել է հենց այն կրթական միջավայրում, որտեղ ինքն էր վերջին տարիներին, իր գործընկերների, ընկերների ջանքերով, և դա արվել է մեծ սիրով,-ասաց Լևոն Գալստյանը։ -Սերգոյի մասին դեռ երկար կխոսեն, բայց ես ուզում եմ մի հանգամանք առանձնացնել․ կան տարբեր բնագավառների գիտնականներ, արվետագետներ, որոնք իրենց աշխատանքով որոշակի հետք են թողնում և լավ են անում իրենց գործը, նվաճում են հանրության համակրանքը, արժանանում են դափնիների։ Քչերն են, որ ստեղծում են համակարգեր։ Նա կարողացավ Հայաստանի Հանրապետության բուհական միջավայրում հիմնել լրագրության ակադեմիական դպրոցը, լրագրության դասավանդման կրթական հիմքերն ստեղծեց իր մենագրություններով, հետազոտություններով, հոդվածներով»։

«Ֆիլմի գաղափարը մեզ տվեցին Սերգո Երիցյանի կինը՝ Կարինե Տիտանյանը, և Արմեն Ամիրյանը։ Ես քիչ էի շփվել Սերգո Երիցյանի հետ, բայց հասցրել էի հիանալ նրա փորձառությամբ ու արհեստավարժությամբ,-պատմում է ռեժիսոր Արսեն Առաքելյանը, ում համար ֆիլմի նկարահանումը եղել է բավականին հետաքրքիր՝ թե մասնագիտական, թե՛ մարդկային կերպարի բացահայտումների առումով»։

Ռեժիսորն իր այս աշխատանքը համարում է տեղեկատվական, վավերագրական հեռուստաֆիլմ։ Ֆիլմում Սերգո Երիցյանի կենսապատումն է՝ ճամփորդություններ հայկական հետքի որոնումներով։

Սերգո Երիցյանի ուսանողները հիմա արդեն սիրով են հիշում պրոֆեսորի դասերն ու հանձնարարականները, ով հորդորում էր՝ նյութը տարբերել շարադրությունից։

Սերգո Երիցյանը հեռուստատեսություն բերեց հասարակ մարդու ազատ, անկաշկանդ խոսքը, կարողացավ գոհացնել ավանդապահ հեռուստադիտողին, շեշտադրեց ոլորտի հիմնախնդիրները և գնաց դրանց լուծումները գտնելու հետևից։

Տարբեր պաշտոններ վարելիս չփոխեց իր մարդկային կերպարը, ինչպես հնչեց ֆիլմում՝ «նա կարողացավ դիմանալ պաշտոնի փորձությանը»։

Հեռուստատեսությունը իմ կյանքն էր՝ էկրանից անդին ասում է Սերգո Երիցյանը՝ իր կյանքի դրվագները շռայլորեն ներկայացնելով ապրողներին, որոնք ամեն անգամ նորովի են արժևորում իր թողած ժառանգությունը և փորձում ապրել իր ուղերձներով։

Սիլվա ԱՍՐՅԱՆ

ՕՐԵՐ-ի վերջին հարցազրույցը անվանի մտավորականի հետ կարդացեք այս հղումով՝ Իմ ճանապարհը նորից կանցնեի. Սերգո Երիցյան – Orer

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում