«Կենսական անհրաժեշտություն եւ հրամայական է մեր ժողովուրդին վերադարձը Արցախ. Քարերը պետք է աղոթեն». Նարեկ արք. Ալեմեզյան

  • 11.06.2025
  • 0
  • 2274 Views

Օգտվելով առիթից, որ մայիսի վերջին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների բաժանմունքի գլխավոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը գտնվում էր Պրահայում, Սրբազանին խնդրեցինք պատասխանել ՕՐԵՐ-ի մի քանի հարցերին։

Սրբազան Հայր, դուք ներկա էիք վերջերս  Բեռնում Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված Արցախի մշակութային եւ հոգեւոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Ի՞նչ կարգավիճակով մասնակցեցիք այդ համաժողովին։

-Թե՛ Հայաստանի մեր քույրերուն եւ եղբայրներուն համար, եւ թե՛ սփյուռքի բովանդակ հայության համար, նաեւ այն մարդոց համար, որ կհավատան արդարության, մարդկային իրավունքներու եւ խաղաղության, անկարելի էր, որ Արցախի արդար դատը անտեսվեր եւ մոռցվեր։ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդը, որ 1948թ իր հիմնադրութենեն սկսյալ մինչ այսօր, համաեկեղեցական ամենեն ներկայացուցչական մարմինն է, ունի 352 անդամ եկեղեցիներ, շուրջ 600 միլիոն հավատացյալներ, ինչպես նաեւ Զվիցերիոյ Բողոքական եկեղեցին պատվիրակությամբ մը Հայաստան կգտնվեին, երբ Արցախի հայաթափումը տեղի ունեցավ։ Այդ օրվնե փափագ եւ ձգտում ունեին այսպիսի միջազգային գիտաժողով մը կազմակերպելու, եւ այնպես եղավ, որ այս թվականին հարմարեցավ՝ 26-28 մայիս, 2025 թվականին։ 

Եվ հարմար նկատած էին, որ թե՛ Սուրբ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսությունը՝  Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ , եւ թե՛ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ  մասնակից ըլլան։ Երկու Վեհափառ հայրապետներն իրենց պատգամը փոխանցեցին։ Արամ Ա վեհափառը չկրցավ անձամբ ներկա ըլլալ, բայց տեսաերիզ մը ուղարկած էր, իսկ Գարեգին Վեհափառն անձամբ ներկա էր։ Նաեւ հրավիրված էին տարբեր եկեղեցիներու ներկայացուցիչներ՝ հոգեւորական, թե աշխարհական։ Հրավիրված էին նաեւ աստվածաբաններ, իրավաբաններ, անոնք, որոնք հատկապես միջազգային օրենքի  մասնագետներ են։ Հրավիրված էին նաեւ հայկական զանազան կազմակերպություններէ ներկայացուցիչներ։ Այսպես գեղեցիկ համադրությունն մըն էր։ Եվ երկու օրերի ընթացքին հիմնական հարցերն էին Արցախը, հայկական ցեղասպանությունը, որը կկրկնվի (որի դերակատարները նույնն են՝ Թուրքիան եւ Ադրբեջանը), եւ նույն գաղափարախոսությունն է պանթուրքիզմի, պանթուրանիզմի, անտեսումի, քանդումի, ուրացումի  … Շեշտը դրված էր պատմական հուշարձաններու պահպանության հրամայականի վրա։ Պատմական հուշարձանները թե՛ ճարտարապետական, եւ թե՛ հոգեւոր  արժեք ունին։ Անշուշտ նաեւ ընդգծումներ եղան։ Ես ալ այդ ընդգծումները կատարողներն էի, որ հուշարձանները միայն քար կմնան, որքան ալ հին ըլլան, եթե այդ քարին հետ, այդ վանքերուն մեջ աղոթող չըլլա։ Ուստի կենսական անհրաժեշտություն եւ հրամայական է, մեր ժողովուրդին վերադարձը Արցախ։ Քարերը պետք է շնչեն։ Քարերը պետք է խոսին, քարերը պետք է աղոթեն։ Նույնիսկ եթե չդիմափոխվին, պահպանվին, բան մը չի նշանակեր։ 

Այսօր, օրինակ առնենք Աղթամարը, առանց ժողովրդի, տարին մեկ անգամ սուրբ պատարագ ընելով կամ ուխտավորաբար հոն այցելելով (ես գտնված  եմ), այո, ոչինչեն լավ է, բայց ամբողջական չէ։ Երբ որ մենք պահանջատիրություն կըսենք, Հայ Դատ, այս մեկը մեզի համար ամենօրյա տագնապ է։ Այդ տագնապը ապրիլը եւ սերունդե սերունդ փոխանցիլը հրամայական անհրաժեշտություն է։ Նույնիսկ եթե մոտիկ ապագային որեւէ մեկ դրական քայլ չառնվի աշխարհաքաղաքական պատճառներով, (բոլորս էլ գիտենք Ամերիկայի, Թուրքիայի, Եվրոպայի, Պարսկաստանի, Վրաստանի դերակատարությունը), մենք կըկքինք այս հարցերու ծանրության տակ։ Բայց նաեւ չենք կրնար լուռ մնալ։ Լուռ մնալը դավաճանությանը համազոր բան է։ Պետք է խոսիլ, պետք է պահանջիլ։ Եվ ամենեն կարեւոր երեւույթներեն մեկը այս համագումարի ընթացքին, որ ընդգծվեցավ, եւ այդ ուղղությամբ մենք հսկայական աշխատանք ունինք կատարելիք, այն է, որ միջազգային իրավունքի օրենքով ինչ պետք է ընենք։  

Ես այդ հարցն էի ուզում տալ, թե այդ ամենի բարձրաձայնումից հետո ի՞նչ պետք է ձեռնարկի հայությունը։ Ո՞րն է մեր հաջորդ քայլը։

-Մենք ընդհանրապես ճանչված ենք որպես զգացական ժողովուրդ։ Բայց զգացումով չըլլար։ Ես պատկեր մը գործածելով կըսեմ, որ հայը նունյիսկ սրտով կմտածե, ոչ թե մտքով։ Բայց պայմանները փոխված են՝ այս դարուն։ Մենք նաեւ շատ հաճախ կրկնում ենք՝ ռուսն այսպես ըրավ, Իրանն այսպես ըրավ, այսինչը մեզ դավաճանեց, այնինչը մեզ ծախեց, լավ. մենք ի՞նչ ըրինք։ Ինչո՞ւ այդ իրավիճակին մատնվեցանք։ 

Համագումարի ընթացքին նաեւ թափանցիկ կերպով արտահայտություն գտավ , որ Հայաստանի պետությունը, իշխանությունը իրաւականօրէն տեր չի կանգնիր մեր ժողովրդին Արցախի հարցով։ Եվ այսօր մեր անհատ հայորդիներու կապերը իրենց հայրենիքին հետ եւ նաեւ մեր հավաքական կապերը եկեղեցիով ու զանազան հաստատություններով, կուսակցություններով ամենեն թույլ վիճակի մեջ կգտնվին։ Այսօրվա համար բոլորս հանցավոր պետք է զգանք։ Անտարբերություն մը կա, հուսալքություն մը կա, «բան մը չենք կրնա անել»ու հոգեվիճակ մը կը տիրէ ամենուր։ Ջուրին հոսանքին հետ չենք կրնա գնալ։ Եթե այդպես լիներ, մենք փաստորեն աշխույժ սփյուռք չպետք է ունենայինք, հայրենիք չպետք է ունենայինք։ Դա կնշանակե՝ մենք պահանջատիրություն չունինք։ Հանձնվինք, թող գնա։ Այդպիսի բան չի կարող լինել։ Այո, ինքնության տագնապ կա։ Հայի դիմագիծը փոխված է։

Ժամանակին Լիբանանի մեջ հայ պատանի մը, պայմաններու բերումով նույնիսկ եթե եկեղեցի չերթար, հայկական դպրոց ու մշակութային կենտրոն, ակումբ չերթար, փողոցի մեջ հայ կմեծնար։ Այսօր այդպես չէ։ Հայ ըլլալը ժամանակին մեկ բանաձեում  ուներ՝  հայ ծնած ես, հայ կապրիս, հայ կմեռնիս։ Հայ ըլլալը հարցման նշաններ չուներ։ Այսինքն հայը հայու հետ պետք է ամուսնանա, հայը հայկական դպրոց պետք է երթա, հայ եկեղեցի պետք է երթա, հայ դրացիներ պետք է ունենա… Դա բնական պահանջ էր։ Բայց այսօր, նույնիսկ ամենեն հայահոծ տեղերում, հայ ըլլալը չափի հասկացողություն ունի։ Մարդ կա կըսե, որ ես ապրիլ 24-ին ցույցի երթալով կարտահայտեմ իմ հայությունս. մարդ կա, կըսե ես Ս. Ծնունդին, Ս. Զատիկին եկեղեցի կերթամ, կբավե ինծի։ Մարդ կա կըսե ես զավակս հայկական դպրոց ղրկելու պետք չունիմ. զավակս հայերենը ինչ պիտի ընէ. զինք հայկական միության մը մեջ կդնեմ, կբավարարե։ Այս երեւույթները կան, բայց անդին նաեւ զանգված մը կա, որ հայությունը որպես տագնապ ու մարտահրավեր կապրի։ Եվ այդ իմաստով այս համագումարը նաեւ հիշեցում մըն է մեզի։ Մանավանդ առաջին Համաշխարհային եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներեն ետք, երբ միջեկեղեցական շարժումը սկսավ, իրական կամուրջ հաստատվեցավ բոլոր եկեղեցիներու միջեւ։ Եվ այդ շարժումը մեզի՝ հայության առիթ մը ընծայեց, որ մարդիկ մեզ ճանչնան։ Գիտեք ճանաչողությունը երկկողմանի է։ Երբեմն մենք կսպասենք, որ աշխարհը մեր մասին խոսի։ Մեր մասին պետք է խոսի. առաջին քրիստոնյա պետությունն ենք, հարուստ մշակույթ ունենք, անտեսված ենք, ջարդված ենք, զրկված ենք։ Այս բոլորն այսօր բան մը չեն նշանակեր։ Եվ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի եւ միջեկեղեցական շարժումի ամենակարեւոր երույթներն մեկը հետեւողականությունն է։ Ես ձեզի գործնական օրինակը պիտի տամ։ Արամ Ա Վեհափառ Հայրապետը կուսակրոն հոգեւորական է ձեռնադրված 1968-ին։ Եվ այդ թվականէն մինչեւ այսօր աստիճանաբար եւ ավելի լայն շրջանակներով միջեկեղեցական տիրական դեմք դարձած է, եւ պատասխանտվությամբ եւ հետեւողականությամբ միջեկեղեցական շարժումին մասնակցած է։ Այսինքն առիթներ պետք չէ սպասենք։ Ամեն օր մենք ընելիք ունինք։ Միջեկեղեցական շարժումը եւ եկեղեցին ինքը առաքելություն է։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ի՞նչ ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա։ Ինչքանո՞վ կարող է ազդել պետությունների ղեկավարների կայացնելիք որոշումների վրա։

-Երբ խոսում ենք ԵՀԽ-ի մասին, կամ միջկեղեցական շարժման, չթվա, թե մենք միայն կրոնական հարցերով կզբաղինք։ Քանի որ եկեղեցին ժողովուրդն է, հավատացյալների խումբն է, ԵՀԽ-ն զանազան բաժանմունքների ճամփով ամբողջ հարցերը իր սեղանի վրա ունի։ Անշուշտ իրատես պետք է ըլլանք եւ ըսենք, որ այսօր պայմանները փոխված են ԵՀԽ-ի համար եւս։ Օրինակ մը տամ։ 15 տարի առաջ ես Հնդկաստանի մեջ առանձնակի զրույց մը ունեցա ԵՀԽ գլխավոր պաշտոնյաններն մեկուն հետ , որ պատասխանատուն էր տեղեկատվական բաժանմունքին։ Հնդիկ մըն էր, որ ինծի ըսավ.«Ժամանակին երբ որ աշխարհի վրա որեւէ մեկ տեղ դեպք մը կպատահեր, եւ ԵՀԽ-ը լուր մը կհրապարակեր, միջազգային լրատվական աղբյուրներեն առաջ մեր լուրը կհասներ, եւ մեր լուրին ավելի վստահություն կունենային, քան մյուս լուրերուն»։ Անշուշտ հիմա աշխարհը փոխված է, ԵՀԽ-ը, ինչպես այլ նմանատիպ կազմակերպություններ շատ ավելի արդիական միջոցները օգտագործելով հանդերձ, վավերական վկայություն պետք է տան։ Եվ հո՛ն է եզակիությունը։ Ինչո՞ւ ԵՀԽ կկոչվի, չենք ըսեր Եկեղեցիների համաշխարհային միություն կամ կազմակերպություն, որովհետեւ եկեղեցիներն են այդ խորհուրդը։ Ոչ թե ԵՀԽ-ն է հրահանգում եկեղեցիներին, այլ եկեղեցիներն ԵՀԽ-ն կօգտագործեն որպես կապ։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կարողացա՞վ հասանելի դարձնել միջազգային լրատվական ցանցին Արցախի հետ կապված քննարկումները։

-ԵՀԽ-ն իր տեղեկատվական բաժանմունքին ճամփով կտարածի։  Համաժողովեն բխած մեր հաղորդագրության մեջ ընդգծված է, որ եկեղեցիներուն կոչ կուղղե, որ իրենց տեղական պայմաններուն մեջ, թե՛ որպես եկեղեցիներ, եւ թե՛ որպես հավատացյալներ անհատապես, սոցիալական մեդիայի ճամփով այս ընթացքը լսելի դարձնեն եւ հետապնդեն։

Անոր համար կսեմ, մենք որպես հայություն բոլորս զանազան միջոցներով պետք է որ այս աշխատանքը կատարենք։  Այս աշխատանքի մեջ է նաեւ այս հարցազրույցը ՕՐԵՐ-ի հետ։ Օգտվելով առիթից, նաեւ կշնորհավորեմ ՕՐԵՐ-ի 25 ամյա հոբելյանը։

-Շնորհակալություն, Սրբազան հայր։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում