«Օրակարգում ենք պահում բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը». Անդրանիկ Գրիգորյան

  • 26.05.2025
  • 0
  • 1540 Views

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցը` Օրեր համաեվրոպական ամսագրին

– Ե՞րբ է ստեղծվել եւ ի՞նչ նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը։

-Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հիմնադրվել է 2023 թվականին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման հետևանքով Արցախի ամբողջական հայաթափումից հետո, նպատակ ունենալով օրակարգում պահել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և երաշխիքների։ Միաժամանակ, կազմակերպությունը զբաղվում է տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև արձագանքում է այն խնդիրներին, որոնց բախվում են փախստականները, քանզի իրենց վրա են կրում տեղահանության բազմավեկտոր մարտահրավերները։

Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների ոտնահարված իրավունքների վերաբերյալ գլոբալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մեր միությունը հանձնառու է բարձրացնել հանրային ուշադրությունն ու իրազեկվածությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում՝ արցախահայության խախտված իրավունքների, ներկա վիճակի և հիմնական իրավունքների շարունակական անտեսման մասին։

Մենք միջազգային հանրությանը ներկայացնում ենք, թե ինչու և ինչպես տեղի ունեցավ արցախահայերի բռնի  տեղահանությունը՝ ցույց տալով Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները և դրանց անպատժելիության վտանգավոր ու ծանր  հետևանքները։ Բացի այդ, մենք պարբերաբար ներկայացնում ենք  միջազգային կառույցներին  Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը դատապարտող Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերն ու որոշումները, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի և Եվրոպական դատարանի միջանկյալ որոշումները։ Մենք փորձում ենք կոնկրետ օրինակներով ցույց տալ, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները շարունակաբար խախտում մարդու իրավունքները ռասայական խտրականության հիմքով։

Այս հարցերի լուծման համար մենք սերտորեն համագործակցում ենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ու փախստականների հարցերով մասնագիտացած կառույցների հետ։

Ավելին, մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորագույն խնդիրներին, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի կողմից ոչնչացման, յուրացման և կեղծման լուրջ սպառնալիքի տակ։ Քանի որ պատմամշակութային հուշարձանների հետ հաղորդակցման և ուխտագնացության իրավունքը ևս մարդու հիմնարար իրավունքների կարևոր բաղադրիչ է, մենք ջանք չենք խնայում հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնելու և իրազեկելու դեպի Արցախի  սրբավայրեր, այդ թվում պատմական Դադիվանք, Գանձասար, Ամարաս և այլ հուշարձաններ միջազգային համապատասխան երաշխիքների դեպքում  ուխտագնացություններ իրականացնելու  երաշխիքների տրամադրման  մասին։

 -Որքանո՞վ են միջազգային հանրությանը հասանելի ձեր կատարած հետազոտությունները եւ ինչպիս՞ի մեխանիզմներ եք նախատեսում դրանց ազդեցությունը մեծացնելու համար։

Վերջին շրջանում մեր կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում է միջազգային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին։ Մասնավորապես, 2025 թվականի մայիսի 5–6-ը մենք մասնակցել ենք Վիեննայում կայացած ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից կազմակերպված Մարդկային հարթության երկրորդ կոնֆերանսին։ Հունիսի 2–3-ը պատրաստվում ենք մասնակցել արդեն երրորդ կոնֆերանսին, որը նվիրված է հանդուրժողականության խթանմանն ու խտրականության դեմ պայքարին։

Այս համատեքստում կարևոր ենք համարում նշել, որ կոնֆերանսի համար պատրաստվել են առանձին ելույթներ՝ ուղղված Ադրբեջանի կողմից ռասայական ատելության և խտրականության հիմքով իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության դատապարտմանը, ինչպես նաև տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության՝ այդ թվում հուշարձանների, եկեղեցիների և սրբավայրերի ոչնչացման, յուրացման և կեղծման խնդիրներին։

Բացի այդ, համաժողովի շրջանակում նախատեսվում է առանձին նիստ, որը նվիրված է միջմշակութային երկխոսության և կրոնական ազատության հարցերին։ Այդ համատեքստում առանձնապես կարևոր է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների «աղվանական» հռչակման, հայ ժողովրդի հետ դրանց պատմական կապի ժխտման և այդ ժխտումն աշխարհին ներկայացնող քարոզչական միջոցառումների մասին՝ որպես արցախահայերի կրոնական ազատության կոպիտ խախտումներ։

Կարևոր է նշել, որ դեռևս 2024 թվականի մայիսին մենք մասնակցել ենք Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից կազմակերպված «Մեդիագրագիտություն և ժողովրդավարություն» թեմայով Մարդկային հարթության միջոցառմանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները։ Մասնավորապես՝ ընդգծել ենք վերադարձի հիմնարար իրավունքի իրացման հրատապությունը։ Մենք հատուկ անդրադարձ ենք կատարել նաև այդ փուլերում ադրբեջանական իշխանությունների կողմից տարածված հայատյաց հռետորաբանությանը՝ ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներում, այնպես էլ սոցիալական հարթակներում իրականացված տեղեկատվական արշավների շրջանակում։

Այնուհետև, նույն թվականի հունիսին, Նյու Յորքում ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի հայության արդարացի պահանջները՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանի ընթացքում։

Հարկ է նշել, որ կազմակերպությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ՀՀ-ում ապաստանած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ՝ հիմնական նպատակ ունենալով լսել արցախահայության մտահոգությունները, գտնել և առաջարկել համատեղ լուծումներ, իրականացնել կարողությունների զարգացման և իրավունքների պաշտպանության ուղղությամբ թիրախային ծրագրեր, ինչպես նաև ստեղծել միասնական հարթակ՝ արցախահայության միջև կապերի ամրապնդման համար։

2025 թվականի փետրվարին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մենք նախաձեռնել էինք «Փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» գիտաժողովը՝  Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության, վերադարձի իրավունքի իրացման  երաշխիքների, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման առանցքային հարցերի քննարկման նպատակով՝ մեկտեղելով ոլորտի միջազգային հեղինակավոր գիտնականների՝ պատմաբանների,  իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, մշակութաբանների, միջազգային և տեղի  կառույցների ներկայացուցիչների մասնագիտական  ներուժը։

Բացի այդ մենք պարբերաբար կազմակերպում ենք Կլոր-սեղան քննարկումներ՝ թիրախային կերպով անդրադառնալով բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության այս կամ այն խնդրին։

 – Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, այլեւ լայնածավալ քարոզչական պատերազմ է տանում ՝ հայտարարելով նոր հողային պահանջների մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այժմ դուք կենտրոնացած եք միայն Արցախի ժառանգության պաշտապանության վրա, թե նաեւ Հայաստանի մասով նույնպես աշխատանքներ եք տանում, որպեսզի միջազգային հանրությունը սխալ եւ միակողմանի տեղեկատվության ազդեցության տակ չմնա։

– Այո, ցավոք մենք առերեսվում ենք այսօր հայկական ինքնության դեմ շարունակվող պատերազմի, որն ընթանում է հայկականության ներկայության ապացույցների դեմ Արցախում և ծավալապաշտական քաղաքականությամբ փորձ է արվում անհանդուրժող հռետորաբանությամբ սպառնալիքներ տարածել նաև ՀՀ-ի նկատմամբ։  

Ադրբեջանն Արցախում  ջանք չի խնայում ոչնչացնելու հայերի բնիկության փաստերը․ եկեղեցիները, պատմական գերեզմանոցները, վանքերն ու խաչքարերը։ 2020 թվականից ի վեր արդեն իսկ 6 հայկական եկեղեցի է հիմնահատակ ավերվել, ճանապարհաշինարարական աշխատանքների քողի տակ պատմական գերեզմանոցներ են ոչնչացվել Սղնախում, Հադրութում, Շուշիում և այլուր։ Ավելին, վերջերս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված օրվան ընդառաջ տեսանք, թե ինչպես են անխնա ոչնչացվում պատերազմին նվիրված հուշարձանները, ինչպես նաև Շուշիի ազատագրման խորհրդանիշերը։ Եվ որ ամենավտանգավորն է, նաև հայկական պատմական լանդշաֆտի իսլամացման քաղաքականություն է ընթանում․ Շուշիում ու Հադրութում բազմաթիվ մզկիթներ են հիմնվում, Շուշին ներկայացվում է որպես իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։ Եվ սրանք այն հարցերն են, որոնք գլոբալ իրազեկման և դատապարտման կարիք ունեն հատկապես միջազգային ուղղությամբ։

Հայաստանի դեմ իրագործվող յուրացման քաղաքականթյունը։ Ադրբեջանի նախագահի նման հայտարարություններն ինքնին քաղաքական կամքի բացակայության ցուցիչներ են։ Ադրբեջանում մարդասիրական և քաղաքակրթական փաթեթավորումներով ներկայացվող ծրագրերը՝ ինտեգրացիան և այլն, միայն միջոց են միջազգային հանրության առաջ խաղաղարար կամ հանդուրժող կերպար ձևավորելու համար։  

Այսօր Ադրբեջանը փորձում է ձևավորել հանդուրժող և բազմամշակութայնությունը հարգող երկրի կերպար, որն իրականում հակադիր է այն իրականությանը, որի մեջ մենք գտնվում ենք։ Հակամարտության ողջ պատմությունը, իսկ հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ձեռնարկած քաղաքական որոշումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը  երբեք չի ունեցել քաղաքական կամք ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության գոնե անվտանգ կյանքը։

Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որի ընթացքում արցախահայությունն ապրում էր հումանիտար աղետի պայմաններում, որևէ կերպ չի աղերսվում հանդուրժողականության հետ։ Ավելին՝ անցակետում տեղի ունեցած տարեցների և երիտասարդների առևանգումները, նրանց նկատմամբ իրականացված անհիմն քրեական գործերը և շինծու դատավարությունները ռասայական խտրականության վրա են հիմնված։ Իսկ սեպտեմբերյան բռնի տեղահանումը դարձավ այդ ամբողջ քաղաքականության վերջին ակնհայտ դրսևորումը՝ փաստելով, որ սա պատերազմ էր ինքնության դեպ։

Վերջերս էլ հատկապես ակտիվացան Ադրբեջանի նոր ուղերձները, որով հայ ժողովրդի կրոնական ազատության դեմ էր պայքարում։ Վատիկանի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցավ «միջազգային» գիտաժողով, որը կազմակերպվել էր Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի կողմից, որի նպատակը մեկն էր․ կեղծել հայ ժողովրդի պատմությունը, հայկական  եկեղեցիները վերագրել Ադրբեջանում ապրող աղվաններին, ուդիներին։ Բացի այդ Լեհաստանում էլ  ցուցահանդեսներ կազմակերպվեցին մեր եկեղեցիները յուրացնելու նպատակով։ Միջազգային հանրությունը տեսնում է այս ամենը։ Իհարկե, համաշխարհային մակարդակով առկա է որոշ արձագանք՝ ավելի շատ երկրներ և կազմակերպություններ են միանում մեր պահանջներին, արձանագրում են, որ տեղի ունեցածը միջազգային ծանր  հանցագործություն է։ Սակայն անհրաժեշտ է, որ այդ արձագանքն ավելի հասցեական և վճռական բնույթ ստանա։ Անձամբ իմ արտաքին շփումների շրջանակում մշտապես զգում եմ միջազգային գործընկերների աջակցության առկայությունը և իմ կողմից անում եմ ամեն բան, որպեսզի այդ աջակցությունը վերածվի  առարկայական արդյունքների։

-Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք կհամախմբեն Արցախի հարցով մտահոգված բոլոր խմբերին, թե Հայաստանում, եւ թե սփյուռքում։

-Մեր հասարակական կազմակերպության աշխատանքի առանցքում հենց արցախահայության վերադարձի իրավունքի իրացումն է, մեր բոլոր ջանքերը պիտի ուղղենք մեր արդարացի պահանջի նկատմամբ լայն աջակցություն ձևավորելուն: Այսօր հատկապես կարևոր է շահագրգիռ բոլոր կառույցների, Սփյուռքի հայկական համայնքների և ինստիտուցիոնալ մարմինների մեթոդական ու գաղափարական աջակցությունը՝ խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։

Մենք մեր կողմից պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ ռեսուրսները՝ Սփյուռքի կառույցների հետ հասցեական և համակարգված համագործակցություն զարգացնելու համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում