«Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն». ասել է Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովի բացմանը

  • 26.05.2025
  • 0
  • 345 Views

Այսօր Երեւանում մեկնարւել է «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը, որի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետ Փաշինյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, այլ հյուրեր:

Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: «Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել: «Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի ամբողջական տեքստը կարդացեք այստեղ՝ https://www.primeminister.am/…/Nikol-Pashinyan-Yerevan…/

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա իրեն հարմար ժամանակահատվածում: «Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:

Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում