Փաշինյանը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և արտերկրի այլ գործընկերների, այդ թվում՝ Էրդողանի եւ Ալիեւի հետ

  • 16.05.2025
  • 0
  • 223 Views

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ:

Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ:

Տիրանայում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:


Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:


Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:


Մասնավորապես, կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ:

Տիրանայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում