Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշաքանդակի հանդիսավոր բացումը Ամստերդամում

  • 11.05.2025
  • 0
  • 346 Views

2025 թվականի մայիսի 10-ին Նիդերլանդների Թագավորության մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկոլայ (Սուրբ Նիկողայոս) գլխավոր տաճարում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը։

Նախաձեռնության հեղինակ և ծրագրի իրականացնողը Համահայկական Աշխարհագրական Ասոցիացիայի նախագահ, պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն է, իսկ քանդակագործը` Դավիթ Երևանցին։ Ծրագրի գործընկերն Ամստերդամում՝ «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն է: Վերջինիս բանակցությունների շնորհիվ է ստացվել հուշարձանը տաճարում տեղադրելու թույլտվություն: Միջոցառումն իրականացվել է երջանկահիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու 36-րդ վարդապետ հռչակելու կապակցությամբ և Նարեկացու հանրահռչակման ծրագրի շրջանակներում։

Էկումենիկ այս հանդիսության ընթացքում ուղերձներով հանդես եկան Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսը, Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանը եւ Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Արարողությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ հուշաքանդակի հեղինակ, քանդակագործ Դավիթ Երեւանցին։ Հիշեցնենք, որ Գրիգոր Նարեկացուն նվիրված նրա հեղինակած հուշարձանը գտնվում է Վատիկանի այգիներում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։

Համահայկական աշխարհագրականի այս նախաձեռնության նպատակն է՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշակոթողներ տեղադրել աշխարհի տարբեր երկրների գլխավոր տաճարներում՝ այս կերպ ընդգծելով նրա անձի, բացառիկ հոգևոր ժառանգության և «Մատյան Ողբերգության» գլուխգործոցի նշանակությունը։ Նախաձեռնությունն իրատեսական հիմք ունի, քանզի նշված սրբավայրերը մեծաթիվ զբոսաշրջիկների այցելության կենտրոններ են, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան տեզեկություն ստանալու Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի և գործունեության վերաբերյալ։

Առաջին հուշարձանի տեղադրման գործընթացի հետ միաժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ Նարեկացու կոթողներ տեղադրելու նաև մի շարք եվրոպական երկրների հանրահայտ տաճարներում։ Ծրագրի մեկ այլ մասը նվիրված է «Մատյան Ողբերգության» թարգմանությանն ու աշխարհի տարբեր լեզուներով տպագրելուն։ Առաջին երեք հուշակոթողների պատրաստման և տեղադրման ամբողջ գործընթացն իր վրա է ստանձնել նախաձեռնության հեղինակը՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հաջորդ հուշարձանների ստեղծման և արտերկրում տեղադրման նպատակով նա հրավիրում է համագործակցության բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին պետք է արժանիորեն դառնա համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության լիարժեք մաս:

Մասնակիցները շեշտեցին հուշաքանդակի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի եւ Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվեց, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։ Այս մասին էլ հայտնում է Նիդերլանդական օրագիրը։

Խաժակ Սրբազանն իր խոսքում նշեց այդ արարողության խոր հուզական և հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հիշողության, հավատքի ու հույսի միավորող խորհրդանիշ։

Նա անդրադարձավ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական պահին, երբ Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոսը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Եկեղեցու վարդապետ։ Այս ճանաչումը ընդգծեց Ս․ Գրիգոր Նարեկացու հոգևոր ժառանգության համամարդկային արժեքը և նրա կարողությունը՝ խոսելու բոլոր ժամանակների մարդկանց սրտերին՝ աղոթքի, կարեկցանքի և հավատքի լեզվով։

Սրբազան Հայրը Նարեկացուն բնութագրեց որպես «ձայն, որն հնչում է տառապանքի խորքից՝ վերածվելով աղոթքի և հույսի, հիշեցնելով, որ նրա գրած խոսքերը միայն մխիթարություն չեն, այլ կոչ են՝ ներողամտության, հոգևոր վերափոխման և նույնիսկ թշնամու հանդեպ ողորմության»։ Այդ պատգամը, Սրբազանի խոսքով, արդիական է համաշխարհային հակամարտություններով, բևեռացման և բաժանարար ոգով լի այսօրվա աշխարհում։

Նա մաղթեց, որ Նարեկացու աղոթքները առաջնորդեն և ոգեշնչեն այսօրվա քաղաքական առաջնորդներին՝ խաղաղություն հաստատելուն միտված, որպեսզի նրանք լսեն խաղաղության և հաշտեցման կոչը՝ ձգտելով ոչ միայն դադարեցնել հակամարտությունները, այլ նաև արմատախիլ անել այն ատելությունն ու բռնությունը, որոնք սնուցում են դրանք։

Ամփոփելով՝ Սրբազանը կոչ արեց, ընկալել այս հուշատախտակը ոչ որպես լոք հիշատակի նշան, այլ՝ որպես կենդանի խորհրդանիշ՝ հայ ժողովրդի հավատքի, տոկունության և հոգևոր աղոթքի ուժի։ «Թող այս սրբավայրը, հարստացած Ս․ Գրիգոր Նարեկացու ներկայությամբ, դառնա լույսի աղբյուր՝ խաղաղության, երկխոսության և համընդհանուր հույսի ճանապարհին»։

Ուղերձով հանդես եկավ նաև Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս Եպիսկոպոսը, որը նշեց.

«Մեծ պատիվ է ողջունել ձեզ Սուրբ Նիկողայոսի այս տաճարում՝ Ամստերդամի սրտում, որպեսզի միասնական հարգանքի տուրք մատուցելու հայոց մեծ սրբին՝ Գրիգոր Նարեկացի վանականին, որին մենք բոլորս խորը ակնածանքով ենք հիշատակում»։

Յան Հենդրիքս Եպիսկոպոսը ընդգծեց Ամստերդամի և հայ ժողովրդի միջև պատմական և մշակութային դարավոր կապերը՝ սկսած 17-րդ դարից։ Հիշեցվեց, որ 1666 թ․ Ամստերդամում է տպագրվել առաջին հայերեն Աստվածաշունչը, իսկ 1714 թվականին քաղաքային խորհուրդը հայերին տրամադրել է իրենց եկեղեցի կառուցելու իրավունք։

Վերջում կաթոլիկ հոգևորականը անդրադարձավ նաև Հայաստանի կրած դժվարություններին՝ ժամանակակից պատերազմներից մինչև Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ այն երբեք չպետք է մոռացվի։

«Սուրբ Գրիգոր Նարեկացու այս հուշարձանը թող լինի խաղաղության և հայ ժողովրդի ազատության համար մեր համատեղ աղոթքի խորհրդանիշ։ Ինձ համար մեծ պատիվ է այս հուշարձանը ընդունել մեր տաճարում և ձեզ ողջունել այս նշանակալի արարողության ընթացքում», – եզրափակեց նա։

Սուրբ Նիկողայոս տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշերին, այլեւ մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև», – ասաց Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվեց հավատացյալների համատեղ աղոթքով եւ տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ Առաջիկայում հուշաքանդակը կդառնա ոչ միայն հայության, այլեւ բոլոր այցելուների համար խորհրդածության եւ հոգևոր հանգստի վայր՝ շարունակելով Նարեկացու սերը, իմաստությունը եւ հավատը տարածելու ժառանգությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում