Երեւանում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարար կրթության ոլորտներում իրականացված համատեղ աշխատանքները:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ՝ որպես առաջնային պրակտիկ միջոց կարևորելով երկու երկրներում գործող ընկերությունների համար յուրովի «ճանապարհային քարտեզի» ուրվագծումը:
Հայաստանի ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Ընդգծվել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին բարեփոխումների իրականացման լավագույն փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակության հետ ապրիլի 1-ի հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:
Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ անդամակցությանն ուղղված Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու երկրների փորձի փոխանակումը:

Չեռնոգորիայի փոխվարչապետը հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով:
Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Չեռնոգորիայի վարչապետի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը: Չեռնոգորիայի փոխվարչապետը հավելել է, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ավիաչվերթների ավելացումը, ինչը կնպաստի մարդկային շփումների ավելացմանը, բիզնես կապերի խորացմանը: Մտքեր են փոխանակվել նաև մայրաքաղաքների՝ Երևանի և Պոտգորիցայի միջև համագործակցության խթանման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Իր հերթին, Ֆիլիպ Իվանովիչը հայտնել է Չեռնոգորիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

Իսկ Հայաստանի նախագահ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։
«Վստահ եմ, որ Ձեր այցելության ընթացքում նախանշել եք այն հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Ֆիլիպ Իվանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ձևավորված բարեկամական կապերը։
«Մեզ համար մեծ պատիվ է այցելել Երևան և հանդիպել Ձեզ հետ։ Անկասկած, ինչպես նշեցիք, իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները, որոնք հիմնված են երկարամյա բարեկամության վրա, և մենք ուրախ ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,– նշել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը և փոխվարչապետ Իվանովիչը համակողմանի անդրադարձ են կատարել երկու երկրների համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
Հատուկ ուշադրություն է դարձվել գիտակրթական բնագավառում երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել երկրների միջև առկա փոխգործակցային ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և գործարար ոլորտներում նոր կապերի հաստատման ու առկա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցության խորացումը կարևոր է երկու պետությունների զարգացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման առաջնահերթ կարևորությունը՝ որպես երկու երկրների հետագա բարգավաճման և միջազգային հանրության մեջ դիրքերի ամրապնդման գրավական:
Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը և խորացնել համագործակցությունը բոլոր փոխշահավետ ոլորտներում:
orer.eu



