«Ժամանակն է դա անել Հայաստանում». Վահե Նիկողոսյան

  • 27.02.2025
  • 0
  • 211 Views

Մեքենաշինական ինժեներիայի ապագան

Ինչպե՞ս կարելի է միավորել խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած ինժեներական միտքը, ձևավորման ու մոդելավորման նկատմամբ հայկական նորագույն մղումներն ու սփյուռքի ներուժը։ Այս հարցին լավագույնս պատասխանել է Բոստոնում բնակվող գործարար Վահե Նիկողոսյանը՝ 2020ին Երևանում հիմնելով EngineerX հայ-ամերիկյան ընկերությունը։ Նա  հայրենիք է բերել ընկերոջ՝ Անդրե Կույումջյանի եռաչափ (3D) դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման Dassault Systemes ընկերությանը պատկանող SolidWorks համակարգչային ծրագիրը և դարձել դրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

SolidWorksը աշխարհի տեխնիկական դիզայնի և մեքենաշինական ճարտարագիտության համակարգչային լավագույն նախագծման ծրագիրն է։ Այսպես որակեց այն Վահե Նիկողոսյանը ՕՐԵՐի հետ զրույցում,  փաստելով նաև, որ ներկայումս SolidWorks աշխատանքային գործիք-ծրագիրը գործածում է աշխարհի ընկերությունների 70 %, ներառյալ Տեսլան, Ամազոնը, Բոինգը, Էյրբասը, Էյրոսփեյսը։ Այն ներկայումս կիրառվում է 10-12 բնագավառներում՝ տիեզերքից մինչև կենսաբանություն։

Շատերը «դիզայն» բառը լսելիս նախևառաջ պատկերացնում են նորաձևության, հագուստի, բնակելի ու գործարար տարածքների ձևավորում, մինչդեռ մեզ շրջապատող ամեն մեծ ու փոքր առարկա կապված է այս մասնագիտության հետ՝ սկսած սիրված օծանելիքի  սրվակից, գլխիկից ու տուփից մինչև հաստոցներ ու բժշկական սարքեր։ Նորագույն և թվային տեխնոլոգիաների ոլորտն անշուշտ չէր կարող զերծ մնալ դիզայների «հոգածությունից», ու  կրկին մեծամասամբ շատերիս գիտակցության մեջ այն հանգում է ընդամենը կայքէջերի ձևավորմանը, մինչդեռ ինժեներական մտքի զարգացմանը զուգաընթաց դրան շունչ ու մարմին տալու խնդիր է առաջանում՝ նախագծելու այդ մտքի արգասիքը, մոդելավորելու, առարկայացնելու այն։ Պատահական չէ, ուստի, որ 2024ի հոկտեմբերի 2ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ EngineerX-ը հուշագիր է ստորագրել, ինչի համաձայն բուհում մագիստրատուրայի առաջին կուրսից սկսվել է SolidWorks ծրագրաշարի «Նախագծման ծրագրային միջոցներ» դասընթացը։ Համալսարանի դասախոսներն արդեն վերապատրաստվել են ու համապատասխան հավաստագրեր ստացել։ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը հույս է հայտել, որ ծրագիրը կներդրվի նաև բակալավրիատի ուսանողների համար և որ «ուսանողները կկարողանան ստեղծել կոնստրուկտորային փաստաթղթեր, ինժեներական ստանդարտներով գծագրեր, կատարել եռաչափ մոդելավորում, ինչպես նաև իրականացնել ինժեներական անալիզ»։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Վահե Նիկողոսյանը հայտնեց, որ արեդն իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած մեխանիկական ինժեներություն ուսանող 80 համալսարանական հնարավորություն ունի նաև տիրապետելու SolidWorks աշխատանքային գործիքին՝ software-ին։ Ուսանողներն իրենց ստեղծած ծրագրերի համար արտոնագրեր կստանան, իսկ EngineerX-ը խոստանում է նրանց ու հայ գործարարներին նորարարական արտադրություն ստեղծելու հնարավորություններ ընձեռել և Հայաստանի ինժեներական միտքը մրցունակ դարձնել համաշխարհային շուկայում։

Անշուշտ, մի շարք հարցեր են ծագում, առաջինը բնականաբար՝ արդյո՞ք ընկերությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, աջակցությո՞ւն է ստանում, թե՞ խոչընդոտների հանդիպում։

Վահե Նիկողոսյան. – Կառավարության հետ շատ կապ չունենք։ Այժմ Երևանի պոլիտեխնիկական համալսարանում SolidWorks սովորող ուսանողներն ավարտելիս համապատասխան քննություն հանձնելուց հետո վկայագիր կստանան, ինչն այդ ծրագիրն օգտագործողի որակավորման վկայագիր է։ Սա աշխատաշուկայում որոշակի տեղ է ապահովում։

Աննա Կ.Կարապետյան. – Այսինքն, Դուք հատուկ Ձեր ընկերության համար մասնագետներ եք պատրաստում։

ՎՆ – Այո, ես այլևս 6-12 ամսվա կարիք չեմ ունենա նրանց ծրագիրը սովորեցնելու։

ԱԿԿ. –  Արդյո՞ք այդքան մասնագետի կարիք ունեք և այդքան մասնագետի կարո՞ղ եք ապահովել աշխատանքով։

ՎՆ – Այո, ես մասնագետների կարիք ունեմ. իմ ընկերությունը երկու ճյուղ ունի՝ մեքենաշինական դիզայն և SolidWorks-ի վաճառք։ Դիզայնի ճյուղն ամբողութամբ SolidWorks ծրագիրն է գործածում։ Մեր հաճախորդները, պատվիրատուները Հայաստանից դուրս են՝ Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա։  

ԱԿԿ. –  Ըստ էության, դուք SolidWorks-ի հետ կապված մեծ բիզնեսի մի մասն եք հիմնել այստեղ և մասնագետներ պատրաստելով առնվազն 20-30 տարի առաջ եք նայում։

ՎՆ – 100 տարի։ Հայաստանում վերջին շրջանում համակարգչային ծրագրերի բիզնեսը ծավալում է ստանում։ Ներդրումներ են եղել, և այժմ աշխարհի մի շարք մեծ ընկերություններ այստեղ ընկերություններ են հիմնել և շատ լավ աշխատողներ ու ծրագրերի հեղինակներ ունեն։ Իմ նպատակն է նույնն անել մեքենաշինական ինժեներության բնագավառում, որ աշխարհն իմանա, որ Հայաստանը մեքենաշինական ինժեներության ծրագրավորման լավագույն մասնագետներն ունի։ Սա ոչ միայն այդ մասնագետների համար է կարևոր, այլ նաև երկրիս։ Մեզ շրջապատող ամեն ինչ մեքենաշինական դիզայն ունի, և ուղեղները պետք է մնան այստեղ՝ Հայաստանում։ Հայերը մեքենաշինական ինժեներության բնագավառում շատ բան են ստեղծել աշխարհի տարբեր պետություններում։ Ժամանակն է դա անել այստեղ՝ Հայաստանում։

….

Միանշանակ է. վաղուց հայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու ժամանակն է։ EngineerXը-ն, օրինակ, աշխատում է Հայաստանում, իսկ պատվիրատուներն ամենուր են՝ Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում։ Մինչ Հայաստանում պարբերաբար առաջարկվում, նախագծվում, մերժվում կամ քնեցվում են աղբամշակման գործարանի վաղուց պահանջ-հրամայական դարձած   նախաձեռնությունները, EngineerX-ի պատվերներից մեկը Լատվիայում աղբամշակման կառուցվող գործարան է եղել։ Հայաստանի համար իրականացված ծրագրերից մեկը անդամահատված մեր հայրենակիցների պրոթեզների անհատականորեն եռաչափ մոդելավորմամբ նախագծված պատյանների պատրաստումն է եղել՝ «Օգնի» հասարակական կազմակերպության հետ։

Վահե Նիկողոսյանի երևանյան գրասենյակում այժմ տասնհինգ աշխատող կա ու մեծ հավատ, որ այսօրվա տաղանդավոր ուսանողներն առաջիկա տարիներին դառնալու են լուրջ մասնագետներ ու արդեն ստեղծված հնարավորության պայմաններում իրենց մտքի ու ձեռքբերած գործիքակազմի շնորհիվ կարողանալու են և՛ նոր ճյուղը զարգացնել Հայաստանում, և՛ իրենց ապահովել արժանավայել աշխատանքով։

Աննա Կայծեր Կարապետյան

Պրահա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում