Հունգարական Բալատոնալմադը եւ Հայաստանի Սևանը քույր քաղաքներ. ստորագրվել է հուշագիր

  • 27.02.2025
  • 0
  • 165 Views

Փետրվարի 27-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպեցին Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյիին և ավագանու անդամներին: Կողմերը քննարկեցին ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 26-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը և Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյին ստորագրեցին քույր քաղաքների մասին հուշագիր։

Ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով արարողության բացման խոսքում կարևորեց ՀՀ-ի և Հունգարիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և ստորագրված հուշագրի հիման վրա երկու քաղաքների բնակիչների միջև կապերի խորացումը։

Ի դեպ, այսօր Հայաստանի կառավարության նիստում, հավանության է արժանացել 2024 թ. մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում