Ազգային Ժողովը Ընդունեց Հայաստանի՝ Եւրոպական Միութեան Անդամակցութեան Գործընթացի Մեկնարկի Օրինագիծը

  • 13.02.2025
  • 0
  • 683 Views

12 Փետրուարին, Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցումով՝ 63 թեր, 7 դէմ քուէներով ընդունեց Հայաստանի՝ Եւրոպական Միութեան անդամակցութեան գործընթացի մեկնարկին նախագիծը, որ Ազգային ժողով հասած էր «Եւրաքուէ» նախաձեռնութեան միջոցով:

Նախագիծը որդեգրուեցաւ իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան ձայներով. խորհրդարանի մեծութեամբ երկրորդ` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները չմասնակցեցան քուէարկութեան, իսկ մինչ այդ առաւել քան երեք ժամ տեւած ելոյթներով քննադատեցին նախագիծին սատարող իշխանութիւնը:

«Դրա փոխարէն կարար քաղաքական մեծամասնութիւնը յայտարարութեան կամ ուղերձի նախագիծ բերէր։ Ինչո՞ւ չի բերում` որովհետեւ սա հերթական քայլն է, որպէսզի մի երեւոյթ, որը յայտարարւում է, եւ որը եթէ վատ հետեւանք ունենայ, ասի ոչ թէ մեծամասնութիւնն է մեղաւոր, այլ ժողովուրդն է: Ժողովրդի ջէբը (գրպանը) քցելու հերթական գործողութիւնն է», ըսաւ ՀՅԴի անդամ, «Հայաստան» խմբակցութենէն պատգամաւոր Արծուիկ Մինասեան ։

«Հայաստան» խմբակցութենէն կարգ մը պատգամաւորներ իրենց խօսքերուն մէջ ընդգծեցին, որ նախագիծը Հայաստանի համար վտանգներ կը բովանդակէ։ «Հետեւաբար, Եւրոպական Միութեան ինտեգրման (համարկման) գործընթացը պէտք է տեղի ունենայ այն տրամաբանութեամբ, որ Հայաստանը պատրաստ է մօտ լինել Եւրոմիութեանը այնքանով, ոչ միայն որքանով Եւրոմիութիւնն է հնարաւոր դա համարում, այլ որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգութեանը եւ լինելիութեանը», ըսաւ պատգամաւոր Արմէն Ռուստամեան:

Ընդդիմադիր խմբակցութեան միւս պատգամաւորները նկատել տուին, որ Եւրոպական Միութիւնը հիմնուած է ժողովրդավարութեան, թափանցիկութեան եւ անկախ դատաիրաւական համակարգին վրայ, իսկ Հայաստան ի՞նչպէս կը նախատեսէ ընթանալ այդ ուղղութեամբ:

«Թէ ինչպէս կարող է Բարձրագոյն դատական խորհրդի նախագահն SMS-ով հեռացուել, եւ որեւէ բան տեղի չի ունենում: Բայց ժողովրդավարութիւնը հոյ պոզով-պոչով չի լինում, ժողովրդավարութիւն ենք ասել՝ փաշինեանական ժողովրդավարութիւն», յայտարարեց Աննա Գրիգորեան:

«Եկրորդը` թափանցիկութիւնը, յաջորդ ասոցիացիան (միութիւնը, այստեղ՝ կապակցութիւնը), որը Եւրպական Միութեան հետ է ասոցացւում, այսինքն` մարդիկ գիտեն` իրենց ընտրած մարդիկ ինչի շուրջ ում հետ են բանակցում եւ ինչ որոշումներ են կայացնում: Ի տարբերութիւն իրենց մենք գիտէ՞ք ինչ գիտենք` մենք գիտենք Նիկոլ Փաշինեանի սանհանգոյցի ձեւը Դաւոսում, մենք գիտենք Աննա Յակոբեանի դիրքը, որով անգլերէն է պարապում: Բայց մենք չգիտենք` Ադրբեջանի հետ ի՞նչ էք վերջը համաձայնեցրել, ի՞նչ ենք համաձայնեցրել», իր կարգին ըսաւ Քրիստինէ Վարդանեան:

Ըստ ընդդիմադիրներուն՝ Եւրոպական Միութեան մէջ, ժողովրդավարութեան այսպիսի մակարդակով Հայաստանին չեն սպասեր։

« Հիմա կարա՞ք լաւը վերցնէք` վերցրէք էդ լաւը: Բայց չէ, մենք չենք անում, էդ ամէն ինչը չենք անում, չեն անում, չենք անում, գալիս ենք ստէ ասում ենք` 2050 թուին դառնում ենք աշխարհի չեմպիոն (ախոյեան): Դէ ասէք: Դէ դու էլ ասա, էն որ ասում ա, ասա: Մտնենք Եւրոպա, 2050 թուին էլ դառնանք աշխարհի չեմպիոն` լաւ բան ա, է, լաւ բան ա, լաւ բան ա, օրինակ` ես պատկերացնում եմ` դուրս գալիս ա: Բայց, էն որ ասում ա` զարթնում ես, տենում երազ ա: Այսինքն, դէ բան չի, էլի, ասենք, ժողովուրդ … Մեզ բոլորիս մի քիչ լրջանալ ա պէտքը», յայտարարեց Գառնիկ Դանիէլեան:

Իշխող ուժի ներկայացուցիչները ընդհանրապէս կրաւորական էին, բայց հակադարձեցին ընդդիմադիրներուն հիմնական թէզերուն` «Հայաստան» դաշինքը մեղադրելով «աշխարհաքաղաքական բայղուշութեան (չարագուշակութիւն)» մէջ:

«Եւ ասում էք մեր ժողովրդին` եթէ մենք յանկարծ մի քիչ աջ անենք, ձախ անենք, էս կողմ, էն կողմ անենք, եթէ մենք սկսենք սովորել ինքնուրոյն քաղաքականութիւն իրագործել, եթէ մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատուութիւն ստանձնենք, մեզ կը պատժեն: Դուք ուզում էք Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը, էս փոքր օրինակի վրայ արտայայտում է էդ երկու աշխարհընկալումները», ասաց «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեան։

Այս բոլորին զուգահեռ, մինչ իշխող ուժի ներկայացուցիչները կը պնդեն, որ «այս նախագիծը ոչ թէ Եւրամիութեանն անդամակցութեան յայտ է, այլ` քաղաքական կամքի արտայայտում», Մոսկուան վերջին շաբաթներուն քանի մը անգամ եւ տարբեր առիթներով զգուշացուց Հայաստանը, որ  չի կրնար միաժամանակ երկու միութիւններու անդամ ըլլալ, իսկ 12 Փետրուարին նախագահ Վլատիմիր Փութինի բանբեր Տմիթրի Փեսքով դարձեալ յիշեցուց, որ «Հայաստանի մէջ պէտք է յստակացնեն, որ հայաստանեան շարք մը քաղաքական ուժերուն` դէպի Եւրոպական Միութիւն ընթանալու փափաքը որքանո՞վ երկկողմանի է»: Ան հարցուց, որ «արդեօք Եւրոպական Միութիւնը շահագրգռուա՞ծ է Հայաստանի անդամակցութեան հարցով, թէ՝ ոչ»:

Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։

«Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա է ամենամեծ մարտահրավերը։ Որ մենք և կառավարման, և հակակոռուպցիոն պայքարի, և տնտեսության թափանցիկության, և հաշվետվողականության, և քաղաքացիական հասարակության, և ժողովրդավարության բոլոր կոմպոնենտներով համապատասխանենք ԵՄ չափանիշներին, որը իրականում մեզ է անհրաժեշտ, որպեսզի մենք մեր պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կերպով կառավարելու այդ համակարգը ձևավորենք»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը դրական է գնահատում Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, քանի որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

«Կարծում եմ, որ շատ կարևոր քայլ ենք անում այն առումով, որ երբ այդ օրենքը վերջնական ուժի մեջ կմտնի, մենք մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Որն է այդ ծառայությունը, որ մենք, այդ թվում արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալով այդ տրամաբանությամբ կարևոր եմ համարում օրենքի ընդունումը»,- նշեց վարչապետը։

Միևնույն ժամանակ, վարչապետը ընդգծեց, որ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել, որպեսզի քաղաքացիները չկարծեն, թե այս որոշմամբ Հայաստանը դարձավ Եվրամիության անդամ կամ թեկնածու երկիր։

«Սա կարևոր քայլ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Կարծում եմ՝ սա նաև անվտանգային առումով ևս շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետև այդ բալանսները, կարծում եմ, ուղիղ ազդեցություն են ունենում անվտանգային միջավայրի վրա»,- հավելեց Փաշինյանը։

Աղբյուրներ՝ Armenpress, – Asbarez – Armenian,

Արեւելահայերեն

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ 

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին։

Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։  

Օրենքի վերջանական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ունի հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»: 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում