
Երեկ, փետրվարի 6-ին, մի խումբ հայ հոգևորականներ՝ քույր Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների հետ, ովքեր այս օրերին Վատիկանում են գտնվում ճանաչողական այցով, ընդունվեցին Վատիկանում՝ Սուրբ Մարթայի նստավայրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժամանած հայ հոգևորականների պատվիրակությունը գլխավորում էր Վատիկանում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ունկնդրության ժամանակ ընթերցվեց Հռոմի Քահանայապետի ուղերցը, որում նա բարի գալուստ էր տալիս ներկաներին Սաղմոսերգուի խոսքերով. «Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին» (Սաղմ. 133,1)՝ արտահայտելով իր ուրախությունը Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երիտասարդ քահանաների և միաբանների այցի համար։
Ֆրանցիսկոս Պապը նաև եղբայրաբար ողջունեց Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանին և Գերապատիվ Տ. Բառնաբա Եպիսկոպոս Էլ-Սորյանիին, որոնք ուղեկցում էին իրենց պատվիրակությունները։
«Ես ձեր միջոցով ողջունում եմ իմ պատկառելի և սիրելի հոգևոր եղբայրներին՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներու կաթողիկոս-պատրիարքներին», – ասաց Պապը։
Պապը հիշեցրեց, որ նմանատիպ այցեր կաթոլիկ հոգևորականների համար նախորդ տարիներին կազմակերպվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսության և Մալանկարայի ասորի ուղղափառ Եկեղեցու կողմից։

Նա ընդգծեց, որ հոգևորականների այցը առանձնահատուկ նշանակություն ունի այս տարի, երբ նշվում է Նիկիայի Տիեզերական առաջին ժողովի 1700-ամյակը, «ժողով, որը հաստատեց քրիստոնյաների ընդհանուր Հավատքի Խորհրդանիշը»։
Ապա Ֆրանցիսկոս Պապն անդրադարձավ «խորհրդանշան» բառի եռակի իմաստին։ Աստվածաբանական առումով, այն համախմբում է քրիստոնեական հավատի հիմնարար ճշմարտությունները, որոնք լրացնում են միմյանց և ներդաշնակվում են։
«Այդ իմաստով, Նիկիական հավատո հանգանակը, որը համառոտ ներկայացնում է մեր փրկության խորհուրդը՝ անժխտելի և անգերազանցելի է», – նշում է Պապը։
Նա հիշեցնում է, որ «խորհրհանշան»-ը ունի նաև եկեղեցաբանական նշանակություն, քանի որ միավորում է ոչ միայն ճշմարտությունը, այլև հավատացյալներին՝ դառնալով «հավատացյալների ճանաչման և հաղորդության նշան»։
«Յուրաքանչյուր ոք հավատքն ունի որպես «խորհրհանիշ», որը իր ամբողջական միասնությունը գտնում է միայն մյուսների հետ», – բացատրում է Ֆրանկիսկոս Պապը՝ հավելելով, որ «մենք միմյանց կարիքն ունենք՝ հավատը միասին դավանելու համար, և այդ պատճառով էլ Նիկիո հավատի հանգանակի սկզբնական տարբերակը օգտագործում է հոգնակի թիվը՝ «մենք հավատում ենք»։
orer.eu
