Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Բելգիայի Հայերի Վեհաժողովի կողﬕց
Պարոն Վարչապետ,
Շվեյցարահայ մի խումբ գործարարների առջև կատարած ձեր հայտարարություններից հետո մենք ուղղակի ցնցված ենք և չենք կարողանում հասկանալ այդ հայտարարությունների տրամաբանությունը, իմաստը կամ նպատակը։
Այս նամակով ցանկանում ենք Ձեզ հայտնել մեր խորին մտահոգությունը։
Ելնելով մինչև 2020 թվականը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեր նախկին հայտարարություններից՝ մենք կարծում էինք, որ կասկած չկա ճշմարտության վերաբերյալ, թե ինչու և ով է դրդել ցեղասպանությունը։ Առավել ևս, 2020 թվականից հետո ձեր հայտարարություններից, որոնք, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Այդ իրականությունը ընդունեցինք ի գիտություն` որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ՝ բխող պետության առաջնահերթություններից ու բարձր շահերից։
Սակայն զարմանալի է, երբ Դուք միջամտում եք մի հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք-ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից:
Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր ավելացնում։
Չփորձելով խուսափել թեմայի քննարկումից՝ կարևոր է չնսեմացնել ցեղասպանություն վերապրածների և ժառանգների հիշատակը, ինչպես նաև սերունդների` տասնամյակներով արված ջանքերը, որոնց շնորհիվ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ընդունել են ցեղասպանության փաստը:
Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավորում եք մեզ՝ որպես ցեղասպանության ժառանգների, և աղավաղում եք պատմական իրականությունը։
Մենք չենք հավակնում Ձեզ դասեր տալ, այլ հիշեցնել Ձեզ մի քանի փաստերի մասին՝ ցույց տալու համար, որ ձեր հայտարարությունները ճշմարիտ չեն:
Հայտարարում եք, որ «Ցեղասպանության հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացվել»։ Պետք է հիշեցնենք, որ առաջին հուշարձանը` «Մեծ Եղեռնի հիշատակին», կանգնեցվել է 1916 թվականին հենց Պոլիսում:
Մեր համայնքի կողմից ընտրված Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թվականի կանոնադրության նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանությունը վերապրածներ… »: Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում մինչև 1939 թվականը հրատարակված բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների մասին: Դուք չպետք է մոռանաք, որ խոսում եք ոչնչացված, արմատախիլ արված, ջարդված և էապես որբ բնակչության մասին, որի նպատակն է գոյատևել` թույլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջությամբ բնաջնջելն էր։
Դուք սահմանափակվում եք Խորհրդային Միության մասին իմացած(ունեցած) Ձեր պատկերացումներով և մեզ համար զարմանալի հետևություններ եք անում։ Նշենք միայն, որ ԽՍՀՄ-ը1915 թվականին դեռ գոյություն չուներ: Այն, որ հզոր պետությունները փորձում են օգտվել իրադարձություններից` իրենց շահերից ելնելով, դա նորություն չէ, բայց մենք դեմ ենք Հայոց ցեղասպանությունը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը լուծելու համար:
Ամենակարևոր հարցերից է, թե, ի վերջո, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ազգը նմանատիպ հայտարարությունից։
Պարոն Վարչապետ, խնդրում ենք հստակեցնել, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում և ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանությունը։
Հարգանքներով՝
Բելգիայի Հայերի Վեհաժողով
Բրյուսել
Հունվարի 30, 2025 թ.



