Շնորհավորում ենք հայ կինոյի Վարպետին իր հոբելյանական տարեդարձի առիթով եւ մաղթում արգասաբեր ստեղծագործական տարիներ եւ առողջություն։
Հոբելյանի առիթով շնորհավորանքի խոսք է հրապարկել նաեւ Հայաստանի կինոգործիչների միությունը։
Կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Քամին ունայնության», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» և այլն, հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ կինոժառանգության լավագույն նմուշներից են։
Նրա ֆիլմերը 80-ական թվականներին նոր էջ բացեցին հայկական կինովավերագրությունում՝ ցուցադրվելով աշխարհի լավագույն կինոփառատոներում ու կինոէկրաններին։
Նրա կինոն աշխարհի կարևորագույն հարթակներից կինոյի յուրահատուկ լեզվով խոսեց նախ մարդու մասին, որը Հարություն Խաչատրյանի պոետիկ կինոյի գլխավոր առանցքն է, այնուհետև Հայաստանի, հայ ժողովրդի, նրա անցյալի ու ներկայի, նրա ապրած կարևորագույն իրադարձությունների մասին։
70 տարին փառահեղորեն անցած ճանապարհ է, որում մնում են նրա ստեղծած ֆիլմերը, նրա հիմնադրած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի լավագույն այցեքարտերից է ու կայացած արժեք, Հայաստանի կինոգործիչների միությունն ու Երևանի կինոյի տունը, որոնք վերջին տարիներին Հայաստանի կարևորագույն մշակութային կենտրոններից են ու կինոմիջավայրերից և այսպես շարունակ։
Անհանգիստ մարդ է Հարություն Խաչատրյանը, և նրա ապրած տարիներն այդ անհանգստության լավագույն վկաներն են։ Տարիներ, որոնք մեծ հետք են թողել հայ և համաշխարհային կինոյում։ Պատահական չէր համաշխարհային կինոհանրության կողմից Հարություն Խաչատրյանին շնորհված ԿՅԱՆՔԸ ԿԻՆՈՅՈՒՄ մրցանակը՝ ի թիվս այլոց, որոնք վկայում են այդ կյանքի մասին։
Շնորհավորում ենք կինոյի Վարպետին ու մաղթում նոր անհանգսություններ, նոր նվաճումներ, ստեղծագործական նոր արարումներ և առողջ ու ներդաշնակ տարիներ։
orer.eu