Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում Պոմպիդու կենտրոնում

  • 30.11.2024
  • 0
  • 257 Views

Նոյեմբերի 27-ին Փարիզի արվեստի ու մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Կենտրոնի համագործակցությամբ, տեղի ունեցավ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառումը մեկնարկեց Երվանդ Քոչարի՝ Պոմպիդու կենտրոնում պահվող «Արևելուհիները» և «Նկարչություն տարածության մեջ» գործերի ցուցադրությամբ։ Այնուհետև կայացավ Սերգեյ Փարաջանովին նվիրված համաժողով-քննարկում՝ ֆիլմարտադրող Պատրիկ Կազալի, դերասան ու ռեժիսոր, կինոքննադատ Անտուան դե Բաեքի, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ։

Երեկոյին երկու հոբելյանների մեծարմամբ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լե Բոնը։

Հայաստանի դեսպանն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով Պոմպիդու կենտրոնին միջոցառումը հյուրընկալելու և, դեսպանության հետ համագործակցաբար, կազմակերպելու համար, ընդգծեց 20-րդ դարի հայ անվանի երկու գործիչների՝ Քոչարի ու Փարաջանովի միջազգային գործունեությունն ու արվեստագետների թողած ժառանգությունը։ Դեսպան Խաչատրյանն նշեց նաև Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի՝ Ֆրանսիայի հետ ունեցած առանձնահատուկ կապերը։

Միջոցառումը եզրափակվեց Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմի ցուցադրությամբ։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենները, Պոմպիդու կենտրոնի ներկայացուցիչները, Երվանդ Քոչարի ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև երկու հոբելյանների բարեկամները, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում