Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ Բելգրադում

  • 28.11.2024
  • 0
  • 96 Views

Նոյեմբերի 23-ին Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա էին Սերբիայի խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։

«Ոսկե Ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ողջույնի ելույթներով հանդես եկան կինոփառատոնի խորհրդի նախագահ Իգոր Ստանկովիչը և Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, որի հրավերով ելույթներ ունեցան նաև Սերբիայում Ուկրաինայի դեսպան Վոլոդիմիր Տոլկաչը և Աթենքում Վրաստանի դեսպանության Բելգրադի գրասենյակի ղեկավար Բարբարա Մախարաձեն: Լուսանկարչական ցուցահանդեսի համակարգող Վահան Ստեփանյանը ներկայացրեց Ելենա Կարուսաարի հրաշքով գտնված ֆոտոշարքը, որը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին:

Ցուցահանդեսի բացմանը՝ կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց տաղանդաշատ ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս.Փարաջանով» ֆիլմի սերբական պրեմիերան, որը սքանչելի կերպով ներկայացրեց մեծանուն հայ ռեժիսորի ստեղծագործական ժառանգությունը։ Ֆիլմից հետո տեղի ունեցավ Զարա Ջյանի զրույցը հանդիսատեսների հետ:

Միջոցառումները տեղի ունեցան Սերբիայում ՀՀ դեսպանի բարձր հովանու ներքո՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի և Հայաստանի ու Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ, և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում