Լեհաստանի նախագահը Հայաստանում. ծաղկեպսակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ արծաթափայլ եղեւնու տնկում Հիշողության պուրակում

  • 26.11.2024
  • 0
  • 116 Views

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:



«Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այսօրվա այցելությունը կխթանի հայ-լեհական հարաբերությունների առավել զարգացումը: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կակնկալենք Լեհաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական միության գործընթացներում:

Հաշվի առնելով այն, որ Լեհաստանն Արևելյան գործընկերության ճարտարապետներից է և նաև Հայաստան-ԵՄ համագործակցության սերտացումը խոսում են այն մասին, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները վերջին տարիներին զարգացման նոր դրսևորումներ են ստանում»,
– իր խոսքում ասել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան շնորհակալություն է հայտնել հրավերի համար:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ պաշտոնական այցելությամբ ներկա գտնվել Երևանում, ինձ համար դա մեծ պատիվ է: Շատ եմ կարևորում մեր երկու երկրների համագործակցությունը»,– նշել է Անջեյ Դուդան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում, մասնավորապես Արևելյան գործընկերության հարթակում արդյունավետ համագործակցության շարունակականության ու ընդլայնման ապահովմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ընդհանուր իրադրության, առկա զարգացումների և մարտահրավերների մասին: Երկուստեք շեշտվել է համընդհանուր խաղաղության հասնելու հրամայականը, ինչը կարևոր նախապայման է երկրների զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համար:

Նախագահներն իրենց խոսքում ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների զարգացման կարևորությունը՝ երկու պետությունների տարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման համատեքստում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Ձեր պաշտոնական այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես մեր երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ՝ Հայաստան-Լեհաստան համագործակցության կարևորության հավաստման համատեքստում:

Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-լեհական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այլ ուղղություններ: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:

Կցանկանայի երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ընդգծել բոլոր ժամանակներում լեհահայ համայնքի կարևոր դերակատարության մասին և շնորհակալություն հայտնել բարեկամ լեհ ժողովրդին և Լեհաստանի կառավարությանը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարեսիրտ և հյուրընկալ վերաբերմունքի համար:

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Լեհաստան քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը: Լեհաստանը՝ որպես ԵՄ խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ, այսօր էլ կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության համատեքստում:

Քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական դիվանագիտությունը, և գոհացուցիչ է այսօր մեր պետությունների օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը:

Չնայած ակտիվ քաղաքական երկխոսությանը և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններին՝ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ: Այս առումով կարծում եմ, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների պարբերական հանդիպումները կարևոր գործիք են համագործակցության նոր ոլորտների թիրախավորման, ինչպես նաև արդեն իսկ ընթացիկ ոլորտներում նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

Քննարկեցինք նաև գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Իմ հարգարժան գործընկերոջ հետ անդրադարձանք նաև Հարավկովկասյան, ինչպես նաև առավել լայն Եվրոպական տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության՝ առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելով: Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրեցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի տեսլականը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է: Իհարկե, տարբեր հարթակներում մենք հանդիպելու, խոսելու առիթներ ունեցել ենք և ուրախ եմ այս առիթի համար, որ մեր խոսակցությունը շարունակելու հնարավորություն կունենանք: Կրկին ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»:

Իր խոսքում Լեհաստանի նախագահը նշել է. «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց իրագործելու իմ պաշտոնական այցը Հայաստան: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել  Ձեզ՝ պարոն վարչապետ, ինչպես նաև Հայաստանի նախագահին նման վերաբերմունքի, մեր ժողովուրդների և պետությունների միջև այդքան բարյացակամ և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Ինչո՞ւ եմ ես դա հատուկ ընդգծում, քանի որ ես 9,5 տարի է, ինչ Լեհաստանի նախագահն եմ և պետք է նշեմ, որ դրանից առաջ այդպես չեն եղել մեր հարաբերությունները: Դա չափազանց կարևոր է ինձ համար»:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:   

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:  

Աղբյուր՝ Նախագահի եւ կառավարության մամուլի ծառայություններ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ տպավորված է Հայաստան կատարած այցից ու ձեռքբերված պայմանավորվածություններից: «Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին»,- ասել է Լեհաստանի նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Անջեյ Դուդան եղավ նաև Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկեց արծաթափայլ եղևնի: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում