Մինչ Պրահայի Ռուդոլֆինումում այսօր ընթացող «Prague Sounds» երաժշտական փառատոնը կեզրափակվի հայ դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգով, ընթերցենք չեխական Novinky.cz կայքէջի հետաքրքիր հարցացրույցը «Լայն դիապազոնով նրբանկատ հայ արվեստագետի հետ», որն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացվում է ստորև.
– Ձեզ հաճախ անվանում են ջազ երաժիշտ: Ի՞նչ է ջազը Ձեզ համար։
– Ջազը ինձ համար իմպրովիզացված երաժշտության ամենաբարձր ոճերից մեկն է: Դա ապրելակերպ է և մտածելակերպ: Մանկությանս տարիներին շատ եմ լսել ջազ երաժշտություն, և նաև՝ ռոք։ Ջազը ընտրել եմ նրա համար, քանի որ սիրում եմ իմպրովիզացիա (հանկարծաստեղծություն): Դրա մեջ անհավատալի ազատություն կա, ինչը ես կարող եմ գտնել թերևս միայն ազգային երաժշտության մեջ։ Սիրում եմ ջազի այս ասպեկտը։
– Նկատի ունեք ինչ-որ թեմայի շուրջ կատարվող իմպրովիզացիանե՞րը, թե՞ զրոյից սկսվող տոտալ իմպրովիզացիաները։
– Երկուսն էլ, քանի որ ես նաև կոմպոզիտոր եմ։ Երբ ստեղծագործում ես, գլխումդ ինչ-որ բան ես լսում ու նվագում: Սկսում ես ոչնչից։ Խոսքն այն բանի մասին է, ինչը նշանակում է ոչինչ: Ինքդ քո մեջ կրում ես բոլոր ազդեցություններն ու գիտելիքները։ Դա մի պրոցես է մտքում ու մարմնում, ինչը դուրս է ժայթքում քեզնից՝ ուզես, թե չուզես։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ոչնչից բխող իմպրովիզացիային՝ միաժամանակ բացահայտելով, թե ով ես նաև դու՝ որպես կոմպոզիտոր և իմպրովիզատոր (հանկարծաստեղծագործող):
– Ունեցե՞լ եք կուռքեր Ջազ դաշնակահարների մեջ։
– Ուսումնասիրել եմ ջազային դաշնամուրի բազմաթիվ լեգենդների, ինչպիսիք են՝ Բադ Պաուելը կամ Թելոնիուս Մոնկը, Հերբի Հենքոքը, Չիկ Կորեան, Քեյթ Ջառետը, Բրեդ Մելդաուն, Քենի Քիրքլենդը կամ Արտ Լենդեն։ Շատ ու շատ մեծ դաշնակահարներ են ինձ ոգեշնչել։
– Երբ լսում եմ Ձեր ստեղծագործությունները, լսում եմ հայկական ավանդական և կրոնական երաժշտության արձագանքները։ Որքանո՞վ է այս ավանդույթն ազդեցություն գործում Ձեզ վրա։
– Դա ուղղակիորեն ազդեցություն չէ, դա լեզվի ուսուցում է, որը մշտապես զարգանում է: Դա մի լեզու է, որն իմ երաժշտական արտահայտության մի մասն է: Իմ իմպրովիզացիաները մեղեդիների ներդաշնակություններ են, որոնք բխում են հայկական ազգային ու հոգևոր երաժշտությունից։ Այսպիսով, դա ազդեցություն կամ ոգեշնչում չէ, այլ իմ երաժշտական բառապաշարի մի մասն է:
– Ի՞նչ եք նվագելու Ռուդոլֆինումում՝ «Prague Sounds» փառատոնի ժամանակ։
– Ամենից առաջ՝ իմ ստեղծագործությունը։ Ես կարող եմ նվագել մեկ ստանդարտ երաժշտություն, գուցեև՝ երկու, բայց դա հիմնականում կլինի հավաքածու իմ տարբեր մենահամերգների երգացանկից: Կնվագեմ նաև մի քանի երաժշտական գործ իմ վերջին «Հազարան բլբուլ» (The Bird of a Thousand Voices) ալբոմից:
– Ինչպիսի՞ն է «Հազարան բլբուլ»-ի մենակատարումը, երբ Ձեզ նվագակցում են այլ երաժիշտներ։
– Կան մենակատարման մի քանի գործեր։ Իհարկե, չեմ նվագելու ծանր-մետալ ոճի պրոգրեսիվ երաժշտություններ, այլ ավելի մեղմ ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Prophecy of a Sacrifice» և «Areg and Manushak» երգերը, որոնք ստեղծված են զուտ դաշնամուրային կատարման համար և այլ բանի կարիք չունեն: Կկատարեմ առավել հանգստացնող «Ambient» ոճի միջավայրային և դանդաղ ստեղծագործություններ։
– Ինչո՞վ է ծանր-մետալ ոճը Ձեզ համար դառնում հետաքրքիր, որը թեև հեռու է Ջազից, բայց սովորաբար կապված եք դրա հետ։
– Հայրս ռոքի մեծ սիրահար է։ Դեռևս իմ դեռահասության տարիներին լսում էի «Black Sabbath»-ի, «Led Zeppelin-ի, «Queen»-ի և «Whitesnake»-ի (այսինքն՝ հենց դասական հարդ ռոքի ներկայացուցիչների) բոլոր ալբոմները։ Նրանց ձայնն ինձ չափազանց մոտ է։ Ուստի, շատ կապեր եմ զգում ռոքի, հատկապես պրոգրեսիվ ռոքի, ջազի և ժամանակակից լուրջ երաժշտության միջև։ Հատկապես մեր օրերում յուրաքանչյուր ժանր կարող է լինել տարբեր ոճի մաս, առավել ևս, որ հիմա արդեն ժանրային առումով չեն մտածում։ Մենք այսպես կոչված «հետսթայլ» դարաշրջանում ենք։ Ի՞նչ է ջազն առհասարակ: Դրա հիմքում իմպրովիզացիան է։ Անշուշտ, կարելի է վերադառնալ ավանդական ջազին, սակայն նոր բաներ որոնելով դրա մեջ, հետո ինքնըստինքյան հեռանում ես դրանից: Այս առումով ջազի վրա ազդում են մի շարք այլ ժանրեր, կամ ընդհակառակը, ջազն է ազդում ռոք և մետալ ոճերի վրա։ Նշեմ, որ չեմ լսում իննսուն տոկոս ռոք։ Լսում եմ միայն քիչ քանակությամբ խմբերի, օրինակ՝ «Carbon»-ին, «Meshuggah»-ին կամ «Tool»-ին, որոնք ինձ դուր են գալիս։ «Meshuggah»-ը բացառապես հրաշալի խումբ է։
– Միայն դաշնամու՞ր եք նվագելու, թե՞ կօգտագործեք նաև սինթեզատորներ:
– Դեռ բանակցում ենք կազմակերպչի հետ, թե արդյոք հնարավոր է դահլիճում կիրառել ձայնային ուժեղացման տեխնիկա։ Եթե այո, ես կարող եմ օգտվել նաև էլեկտրոնիկայից:
– Ինչպիսի՞ն է Ձեզ համար էլեկտրոնիկայի համատեղելը դաշնամուրի հետ:
– Ինձ համար դա վայելք է։ Ես դրանից հաճույք եմ ապրում, քանի որ այն ձայնային պատկերները, որոնք ստեղծվում են էլեկտրոնիկայի միջոցով, երբեք չեք ստանա դաշնամուրից։ Դա իսկական ոգեշնչում է, և ձեզ հասցնում է մի իրավիճակի, երբ սկսում եք այլ կերպ մտածել: Ինձ դուր է գալիս էլեկտրոնիկայի կիրառմամբ ձայնային հանգույցների առաջացումը դաշնամուր նվագելիս, ինչի շնորհիվ ստանում եք շատ հետաքրքիր հյուսվածքներ։ Այդպիսով փոխվում է նաև ձեր նվագած գործը դաշնամուրի վրա։
– Նվագելիս որքանո՞վ է Ձեզ համար կարևոր երգելը:
– Կարծում եմ՝ շատ կարևոր է։ Եվ դա կրկին կապված է մանկությանս փորձառությունների հետ։ Այդ տարիներին սիրում էի երգել, և երբ արդեն հասունանում էի, երգում էինք ռոք երգեր: Իմ կուռքերն էին Ֆրեդի Մերկուրին և Ռոբերտ Փլանթը: Երգելն ինձ հոգեհարազատ է։
– Դուք ապրում եք Երևանում։ Որքա՞ն ծանր է Ձեզ վրա ազդել այն, ինչը վերջին տարիներին տեղի էր ունենում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
– Հայաստանն ունի շատ բարդ ու դժվար պատմություն։ Սակայն վերջերս տեղի ունեցած ռազմական ներխուժումն ու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում հատեցին տխրության սահմանները՝ ունենալով կործանարար բնույթ։ Այնտեղի բնակիչները հայկական մշակույթն ու հայի ԴՆԹ-ն կրող բնիկ հայերն են։ Եվ այն միտքը, որ քսանմեկերորդ դարում կարող են էթնիկապես մաքրել մի տարածք, որը հինգ հազար տարի բնակեցված է եղել տեղի բնիկներով, պարզապես կործանարար է: Ինչ-որ կերպ Հայաստանն աստիճանաբար դարձել է այն փոքր երկիրը, որը տեսնում եք այսօր, բայց այն ունի զգալի մեծ ժառանգություն՝ ընդգրկելով շատ երկրների տարածքները, որոնք այլևս հայկական չեն:
– Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում և այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, ապացույցն է այն բանի, թե մենք, որպես մարդկային արարածներ, որքանով ենք հասել մեր կարծեցյալ զարգացածության աստիճանին։
– Համաձայն եմ։ Այս կործանարար ուժը մարդկային էության մի մասն է: Եթե մենք չճնշենք այս գազանին, այլ թողնենք որ դուրս գա, նա կծածկի անգամ լույսը։ Գոյություն ունի շատ գեղեցիկ ու շատ հին հնդեվրոպական ասույթ. «Հերոսը գալիս է ծառի մոտ և հանգստանում նրա տակ: Երբ արթնանում է, տեսնում է կոճղի շուրջը փաթաթված վիշապ օձին, որը ոլորապտույտ սողում է դեպի փոքրիկ արծիվների բույնը: Հերոսը հարձակվում է վիշապի վրա, և նա նահանջում է»։ Այս հին առակի գաղափարն այն է, որ եթե թույլ տանք կործանիչ ուժով բնածին չար արարածին բարձրանալ և հասնել երկինք (այստեղ թռչունները խորհրդանշում են երկինքը), ապա կխաղտվի բնության ներդաշնակությունը, որն այնքա՜ն անհրաժեշտ է։ Իսկ ներդաշնակությունը պահպանողը հերոսն է, ով թույլ չի տալիս կործանարար ուժին հաղթել։ Այլ կերպ ասած՝ պետք է ճնշել գազանին՝ պարտության մատնելով նրա դևերին։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար Պրահա