Դոնալդ Թրամփին շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ ղեկավարներ. նա ստացել է ընտրիչների 277 ձայն եւ հաղթել

  • 06.11.2024
  • 0
  • 68 Views

«Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն ընտրված նախագահ, ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում՝ շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ այս կարճ շնորհավորանքին հետեւել է Փաշինյանի ուղերձը.

Շնորհավորական ուղերձում ասված է.

« Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով  կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների  պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:

Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:

Մեծարգո պարոն նախագահ,

Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփն ստացել է ընտրիչների 277 ձայն, դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 226։ Հիշեցնենք, որ հաղթանակի համար պահանջվում էր 270 ձայն։

ԱՄՆ հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, ապա  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Չեխիայի նախագահ Պետր Պավելը, Գերմանիայի կանցլեր Շոլցը եւ այլք։

Ինչպես հաղորդում է ԱԶԳ-ը, Թրամփը ճեպազրույցի ժամանակ Ամերիկային խոստացել է «ոսկե դարաշրջան», ասել է, որ գալիս է ոչ թե պատերազմներ սկսելու, այլ պատերազմները դադարեցնելու համար։

Մենք պատերազմներ չենք ուզում. հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ընտրություններից հետո կայացած ճեպազրույցում։

Թրամփը հիշեցրել է, որ երբ ինքը նախագահ էր, «ոչ մի պատերազմ չի սկսվել, բացի ԴԱԻՇ-ի ոչնչացումից»։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները», – ասել է նա։

Իհարկե, Թրամփը չի հիշել, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որին նա չի միջամտել, ավելին՝ լուռ հետևել է, թե ինչպես են տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, զենք մատակարարում Ադրբեջանին, ագրեսոր Բաքվի ձեռքը չի բռնել ու չի փորձել դադարեցնել այն, ինչին հաջորդել է Արցախի օկուպացիան։

Միեւնույն ժամանակ, երկու շաբաթ առաջ նա Truth սոցիալական հարթակում գրառում էր թողել.«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Ավելացնենք նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսում եւ սենատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, որոնք աջակցում են Թրամփին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում