ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25 ամյակը շուքով նշվեց Պրահայում

  • 06.11.2024
  • 0
  • 293 Views

Նոյեմբերի 2-ին Պրահայի կենտրոնական գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը հիմնադրել է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը 1999 թվականին եւ տարածում գտել եվրոպահայ համայնքներում։

Հոբելյանական երեկոն օրհնության խոսքով բացեց Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբը ներկաներին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի  Օրհնության գիրը, որում Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատում ամսագրի կատարած հայանպաստ աշխատանքը։

«Այսօր ուրախ ենք անդրադառնալու, որ «ՕՐԵՐ» ամսագիրը Եվրոպայում բնակվող Մեր զավակներին հաղորդ է դարձնում հայրենիքում ու սփյուռքի համայնքներում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին եւ հետաքրքիր հրապարակումներով նրանց ծանոթացնում մշակութային մեր ժառանգությանն ու մեր հայրերի ստեղծած արժեքներին։ Հայրապետիս համար առանձնակի գոհունակություն է, որ ամսագիրը հետեւողականորեն լուսաբանում է  նաեւ եկեղեցական մեր կյանքը եւ քաջալերում է իր ընթերցողներին՝ անսասան պահել հավատարմությունը առ Հայոց եկեղեցին եւ Քրիստոսահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Թող Տիրոջ օրհնության ներքո «ՕՐԵՐ» ամսագիրը հարատեւի մեր ժողվորդի կյանքում տոնելով արժանահիշատակ նորանոր հոբելեաններ»,- նշված էր Վեհափառի Օրհնության գրում։

Հայր Բարսեղն իր եւ չեխահայ համայնքի անունից շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց ՕՐԵՐ-ի խմբագրակազմին ու գլխավոր խմբագրի ընտանիքին։

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ  հայտնի չեխ ռեժիսոր, սցենարիստ, գրող, թարգմանիչ  եւ հրապարակախոս Մարտին Մահդալը, ով հայտնի է Հայաստանին ու Արցախին նվիրված իր ֆիլմերով, հոդվածներով ու գրքերով։

Նա հիշեց, թե մի անգամ Լիտվայում հայկական ռեստորան մտնելիս ինչպիսի ջերմ վերաբերմունքի են արժանացել, երբ իրենց ձեռքին տեսել են ՕՐԵՐ ամսագիրը։ Մարտին Մահդալը բարձր գնահատեց  ամսագրի գործունեությունը եւ գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին նվիրեց իր եւ Մարկետա Ադամցովայի հեղինակած  «Վավերագրողը» գիրքը, որում անդրադարձել են Հայաստանում եւ Արցախում նկարահանած ֆիլմերին, ինչպես նաեւ ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հետ համագործակցության որոշ դրվագների։

Անվանի  հայագետ, Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի հիմնադիր դիրիժոր, դոկտոր  Հայկ սարկավագ Ութիջյանն իր խոսքում անդրադարձավ ՕՐԵՐ ամսագրի խմբագիրների հետ իր տարիների բարեկամությանն ու ամսագրի կատարած լայնածավալ աշխատանքին։

Դոկտոր Ութիջյանը ասաց.«Մեծ հաճույք ու պատիվ է ինձ համար խոսք ասել։ Կարծես երեկ էր, երբ նշում էինք ամսագրի  10-րդ տարեդարձը։  ՕՐԵՐին հետեւել եմ  սկզբնական շրջանից, քանի որ այն սկսած էր հրատարակվել իմ Չեխիա տեղափոխվելու հաջորդ տարվանից։ Ուրիշներն էլ ուզեցին լրագիրներ ստեղծել, բայց չհաջողեցին։ Մենք բոլորս պարտական ենք ՕՐԵՐին։  «ՕՐԵՐ»ը մեր բոլոր ճիգերուն աջակցած է, հոդվածները տպագրած է, այն Եվրոպայի, աշխարհի, Հայաստանի եւ Արցախի լուրերը մեկտեղած է,  համայնքի զգացում է ստեղծել տեղի հայության համար։ Չկա մի հայազգի երաժիշտ, որին աջակցած չլինի ու նրա գործունեությունը  լուսաբանած չլինի։ Երախտագիտությունս հայտնելով, պետք է ասեմ, որ կարծես սխրագործություն է մեծ դժվարությունների տակ այս հանդեսի հատորների պատրաստումը։ Մաղթանքս է, որ  50 րդ տարեդարձին նորեն հավաքվենք այստեղ։ Մաղթում եմ անսպառ կորով ու քաջառողջություն»։

Այնուհետեւ ներկաները դիտեցին սեպտեմբերի 25-ին Երեւանում  ՕՐԵՐ ամսագրի 25 ամյակին նվիրված ձեռնարկի մասին ռեպորտաժ, որին հետեւեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհավորանքի խոսքը։ Շնորհավորելով ՕՐԵՐ-ի հիմնադիրներին հոբելյանի առիթով, դեսպանը նշեց, որ ամսագրի տպագրության առաջին տարիներից ի վեր, (երբ ինքը դեռ իբրեւ դեսպան ներկայացված էր Լեհաստանում), լուսաբանվել են տեղի ունեցող ձեռնարկները, ապա այդ համագործակցությունը շարունակվել է նաեւ հաջորդ տարիներին։

«Սրտանց շնորհավորում եմ ՕՐԵՐի 25րդ տարեդարձը, շատ կարեւոր հոբելյան է։ 25 ամյակը անմիջականորեն կապված է իմ դիվանագիտական աշխատանքի հետ։ 1999 թվականի առաջին համարներից մեկը նվիրված էր մեր գործունեությանը։ Անցած տարիներին մեք շարունակել ենք մեր համագործակցությունը, քննարկել ենք, վիճել ենք, բայց շարունակել ենք մեր կապերը։ Սա իսկապես  շատ մեծ  իրադարձություն է»,- ասաց իր խոսքում Հայաստանի դեսպանը։  

ՕՐԵՐ ամսագրի  հիմնադիրները՝  ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանն անդրադարձան ամսագրի գործունեությունից դուրս իրենց կատարած լայնածավալ աշխատանքին՝ թե՛ համայնքային, թե՛ քարոզչական եւ թե՛ գիտական։

«ՕՐԵՐը եվրոպական կյանքի արձանագրումից զատ նաեւ չեխահայ համայնքի պատմության արձանագրողն է։ Հայ-չեխական կապերը միայն վերջին երեսուն տարիներին չեն եղել, կապեր եղել են դեռեւս 12-րդ դարում, Կիլիկյան Հայաստանի ժամանակներում։ Առաջիկա շրջանում կհրապարակենք նաեւ տվյալներ, թե հայերն ինչպիսի արտոնություններ են ունեցել այդ տարիներին«,- ասաց իր ելույթում orer.eu կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանը։

Հակոբ Ասատրյանը նշեց, որ ՕՐԵՐը ոչ միայն եղել է պարբերական, այլեւ համայնքային եւ միջհամայնքային կապերի լրատվական կենտրոն թե՛ չեխահայության, եւ թե՛ եվրոպահայության համար։

«Հետեւաբար ՕՐԵՐի առաքելությունը չի սահմանափակվել միայն զուտ մամուլին հատուկ  գործունեությամբ, այլեւ ակտիվ քարոզչական աշխատանք ենք տարել տարբեր ճամբարներում, ներկայացնելով թե հայկական մշակույթը, թե մեր ժողովրդի քաղաքական շահերը, թե՛ Արցախահայության խնդիրներն ու պահանջները, թե՛ Հայոց ցեղասպանության հարցի հետապնդումը։

Անցած տարիներին մենք տարածել ենք ՕՐԵՐի 70 հազարից ավելի օրինակ Եվրոպայի տարբեր հայկական համայնքներում, մեծապես խթանել ենք հայկական դասական ու ազգային մշակույթի տարածմանը, միաժամանակ մնալով մեր ազգային հարցերի հետապնդողն ու քարոզիչը։ Մենք համարել ենք, որ մեր մշակույթը մեր գլխավոր զենքերից մեկն է, որը պետք է տարածել։

25 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումների համահեղինակ ու կազմակերպիչ ենք եղել, նպաստել ենք հայության մասին դրական լրատվության տարածմանը։

Իհարկե, այս ամենը չէր լինի, եթե չլինեին  մեզ աջակցող բազմաթիվ հայրենակիցները, որոնք իրենց նվիրումով եղել են մեր կողքին, աջակցել են , ոգեւորել են եւ կարողացել ենք հասնել այս օրվան։  Հոգաչափ շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներից, որոնց կազմը տարիների ընթացքում փոփոխվել է։ Երկար տարիներ մեր կողքին են մնացել հոգաբարձուների խորհրդի երկու նվիրյալ աջակից՝  Աղասի Զավարյանն ու Արամ Մարությանը, որոնք ոչ միայն գիտակցում են հայ մամուլի դերը, այլեւ ամեն կերպ նպաստում են մեր անկախ ու անաչառ գործունեությանը։  Ուստի հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ազնիվ բարերարներին»,- ասաց նա։

Գլխավոր խմբագիրը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ համահայկական այն կազմակերպություններին, որոնց օգնությամբ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը,  Գյուլբենկյան հիմնարկի հայկական բաժանմունքին ու Թեքեյան մշակութային միությանը։ «Շնորհակալության խոսքս եմ ուղղում նաեւ ՕՐԵՐի առաջին իսկ տարիներից մեզ թղթակցած Արծվի Բախչինյանին, Անահիտ Հովսեփյանին, Արսեն Քոչարյանին, թարգմանչական աշխատանքներում աջակցած Տիգրան Աբրահամյանին ու Իրա Արշակյանին, եւ իհարկե, երկու տասնամյակից ավելի ՕՐԵՐի անփոխարինելի գրաֆիկ Րաֆֆի Չեչենյանին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ այսօրվա ձեռնարկի բոլոր աջակիցներին, հատկապես Զավեն Բաղդասարյանին, ով ապահովեց Երեւանում եւ Պրահայում չեխ մշակույթի գործիչների ելույթները»,- ասաց նա։

«Նկատի ունենալով ՕՐԵՐի հոբելյանը, եւ սփյուռքահայ համայնքներում ընդունված ավանդույթը,  ՕՐԵՐը սկսում է ամսագրի աջակցության հանգնակության արշավ, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով ավելի մեծ ծրագրեր իրականցնել եւ նպաստել մեր հայկական ինքնության պահպանությանը։ Որպեսզի ավելի ուժեղացնենք մեր համայնքն ու  մեր կողմից իրականացվող ծրագրերը։ Ցանկացողները կարող են իրենց դրամական նպաստը բերել ՕՐԵՐին իրենց նախընտրած ձեւով։

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք ու կազմակերպված։

Ցանկանում եմ մաղթել, որ ապագայում մեր համայնքը հանդես գա ավելի համախմբված, ավելի ուժեղ, ավելի նպատակային ծրագրերով, որպեսզի գալիք սերունդները ՕՐԵՐի էջերում կարդան միայն մեր հաղթանակների ու հաջողությունների մասին»,- եզրափակեց գլխավոր խմբագիրը։

Հանդիսության համերգային մասը բացեց Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքից ժամանած,  եվրոպական ու համաշխարհային բեմերում իր հաստատուն տեղն ամրագրած  օպերային հանրահայտ երգչուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը։ Տասնամյակներ շարունակ նա հանդես է գալիս ոչ միայն գերմանական, այլեւ եվրոպական ու համաշխարհային հռչակավոր բեմերում՝ Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչեւ Երուսաղեմ, Սեուլից մինչեւ Երեւան։ Հրաչուհի Բասենցը փայլուն կատարեց Կոմիտասի «Ծիրանի ծառն» ու «Հայաստանը», ինչպես նաեւ համաշխարհային հանրահայտ արիաները։ Իսկ Դվորժակի «Ռուսալկայից» լուսնին նվիրված հայտնի արիան արժանացավ դահլիճի «Բրավո»ներին։

Համերգի ողջ ընթացքում թե՛ Հրաչուհի Բասենցին, եւ թե մյուս կատարողներին նվագակցում էր դաշնակահար  Մարտին Լեվիցկին։

Նմանապես հանիսատեսը ջերմորեն ընդունեց լեգենդար չեխ սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկին, ով սեպտեմբեր ամսին նվագել էր նաեւ Երեւանում՝ ՕՐԵՐ-ի 25 ամյակին նվիրված ձեռնարկին։ Նրան միացավ նաեւ չեխ հանրաճանաչ սոպրանո Թերեզա Մատլովան,  ով քանիցս ներկայացվել է  չեխական հեղինակավոր Թալիե մրցանակին, եւ կատարեց համաշխարհային հայտնի օպերաներից արիաներ։

Տոնական երեկոն եզրափակեց չեխահայ  Դինա Հակոբյանի պարային ստուդիայի սաների հիանալի ելույթը։ Ներկայացված հայկական պարերը ոչ միայն հիացրին, այլեւ մեծ լիցքեր պարգեւեցին ներկաներին։ Երեկոն հայերենով եւ չեխերենով վարեցին Նանե եւ Սեւակ Ասատրյանները։

Ձեռնարկն ավարտվեց հյուրասիրությամբ՝ հոբելյանական տորթի եւ հայկական գինու համտեսով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում