
Հոկտեմբերի 8-ին Երեւանում առիթ ընծայվեց վայելելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը՝ համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի եւ երիտասարդ, բայց արդեն միջազգային բեմերում հաջողություններ գրանցող շնորհալի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի մասնակցությամբ։
Մեր ընթերցողներին հայտնի է, որ Ջուլիանայի առջեւ միջազգային թատրոնների դռները բացվեցին հատկապես 2022 թվականին «Օպերալիա» հեղինակավոր մրցույթում հաղթելուց հետո, մի մրցույթ, որի հիմնադիրը Պլասիդո Դոմինգոն է։ Այդ իսկ պատճառով բոլորովին պատահական չէր, որ այս համերգում Դոմինգոյի զուգընկերուհին Ջուլիանան էր, ով այս երկու տարիների ընթացքում արդեն հասցրել է ելույթներ ունենալ աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում։

Ջուլիանային առաջին անգամ ունկնդրեցինք 2021թ. չեխական Բռնոյում, ուր տեղի ֆիլհարմոնիայի հրավերով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եզրափակեց Հայաստանի մշակութային օրերը։ Այդ համերգի վերջում Ջուլիանա Գրիգորյանն ու Տիգրան Հակոբյանը ներկայացրեցին մեկական ելույթ՝ մեծ տպավորություն թողնելով հանդիսատեսի վրա։ Այնուհետեւ Ջուլիանային լսելու հնարավորություն ստեղծվեց «Օպերալիա» մրցույթում հաղթելուց հետո, երբ նրան հրավիրեցին Պրահա՝ երգելու չեխ տենոր Պետր Նեկորանեցի հետ։ Ինչպես Բռնոյում, Պրահայում էլ Ջուլիանան կատարեց Դվորժակի «Ջրահարսի» լուսնին նվիրված հանրահայտ արիան։ Համեմատության համար կարող ենք արձանագրել, որ երեւանյան կատարումն ավելի անկաշկանդ ու համարձակ էր, եւ Արամ Խաչատրյան դահլիճում Դոմինգոյի հետ զուգերգերը՝ ավելի տպավորիչ։ Անցած երկու տարիների ելույթները աշխարհի տարբեր օպերաներում միանշնակ իրենց հետքը թողել էին, եւ հանգիստ ու ազատ կատարումները դրանց վկայությունն էին։ Կարեւոր է, որ տաղանդավոր երգչուհին շարունակի առանց ընկճվելու աշխատել եւ չբավարարվի արդեն իսկ գրանցած հաջողություններով։
Ինչ վերաբերում է Դոմինգոյին, ապա բնականաբար 83 ամյա աշխարհահռչակ իսպանացի տենորը, չնայած իր առաջացած տարիքին, կարողացավ սահուն ներկայացնել արիաներ, զուգերգեր և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից։
«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում»,- համերգից առաջ իր ուղերձում նշել էր Պլասիդո Դոմինգոն:


Ամեն դեպքում իր բարձր տեխնիկայի շնորհիվ նա գրավեց հանդիսատեսին եւ արժանացավ ջերմ ընդունելության, հատկապես Ջուլիանայի հետ «Էրեբունի-Երեւան» երգի կատարումից հետո, երբ նրանց միացավ նաեւ մանկական երգչախումբը։ Թերեւս ապագայում նախընտրելի կլիներ Դոմինգոյին տեսնել դիրիժորական վահանակի մոտ, քանի որ վերջին տասնամյակում նա ակտիվորեն զբաղվում է դիրիժորական գործունեությամբ, արդեն իսկ ղեկավարել է 600ից ավելի օպերային ներկայացումներ եւ սիմֆոնիկ համերգներ։
12 Գրեմմի մրցանակների արժանացած, 4400-ից ավելի ելույթներ ունեցած երգիչ-դիրիժորը, իրավամբ իր մասնակցությամբ զարդարեց Երեւանի միջազգային 16-րդ փառատոնը, որը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը։ Եղան նաեւ պարգեւատրումներ. Դոմինգոն արժանացավ Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալին, իսկ Ջուլիանա Գրիգորյանը՝ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալին։
Կարեւոր է, որ նման փառատոնին մասնակից են դառնում ոչ միայն տեղի երաժիշտները, այլեւ արտերկրում ստեղծագործող հայ եւ օտար հայտնի դեմքերը։


Իհարկե, նույն օրերին փառատոնի ընթացքում կամ դրանից դուրս եղան նաեւ այլ նշանակալի ելույթներ, որոնք դիտելու հնարավորությունը չունեցանք, սակայն մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ մեծ հաջողությամբ է անցել նաեւ գերմանաբնակ հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցի մենահամերգը՝ դաշնակահար Հելմուտ Դոյչի նվագակացությամբ, ինչպես եւ դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանի մենահամերգը «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգաշարի շրջանակներում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հռչակավոր իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ: «Այդքան երիտասարդ և այսպիսի հասուն կատարողական վարպետություն! Վաղուց մոռացված և մեր օրերում երկար փնտրված Ազնվական Կեցվածք բեմում՝ Արսեն Սողոմոնյան! Շնորհակալություն այսօրվա աննկարագրելի վայելքի համար…»,- գրել էր իր ֆեյսբուքյան էջում հռչակավոր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Իսկ Հելմուտ Դոյչը՝ Հրաչուհի Բասենցին ուղարկված նամակում նշել էր.«Ես շատ տպավորված էի: Նաև հանդիսատեսից… Նույնիսկ գերմանախոս քաղաքում նման ծրագիրը սովորական բան չէ և կդիտվեր որպես «դժվար» հանդիսատեսի համար: Ես զարմացած էի մարդկանց ուշադրությունից և հանգստությունից, և իհարկե, մեծ ոգևորությունը շատ ուրախացրեց ինձ: Դա մեծ փորձառություն էր ինձ համար»։

Ինչ խոսք, մեր համոզմամբ, թե՛ փառատոնի, եւ թե՛ այս համերգի զարդը մնաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Գրեթե մեկ քառորդ դարի ընթացքում, 2000 թվականից սկսյալ, երբ ֆիլհարմոնիկի ղեկը ստանձնեց Էդուարդ Թոփչյանը, աննկարագրելի զարգացում է ապրել այս երաժշտախումբը, որն իրավամբ կարող է կանգնել միջազգային, եվրոպական հանրահայտ նվագախմբերի կողքին։ Իզուր չէր, որ Բռնոյի ֆիլհարմոնիայի ղեկավարը նաեւ մեր ֆիլհարմոնիկի մակարդակը նկատի ունենալով, մի առիթով ասաց, որ Հայաստանը երաժշտական գերտերություն է։ Հոկտեմբերի 8-ի համերգի գլխավոր դերակատարն էլ այս երաժշտախումբն էր, որն իր փայլուն կատարումներով ապացուցեց, որ արժանի է ազգային կոչմանը։ Բնականաբար այս մակարդակին մեր երաժիշտները հասել են իրենց անխոնջ ղեկավարի, տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ օրինբուն աշխատելով, թրծվել են արտասահամանյան բազմաթիվ հյուրախաղերի ընթացքում եւ դարձել մի կուռ երաժշտական ընտանիք, որն այլեւս հաղթահարում է ցանկացած բարձունք։
Ֆիլհարմոնիկն այսօր գտնվում է այնպիսի «մարզավիճակում», որ բաց ճակատով 2025-ին կարող է դիմավորել իր 100-ամյա հոբելյանը՝ նոր լիցք հաղորդելով դասական երաժշտության տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհում։
Հակոբ Ասատրյան
Երեւան-Պրահա
Հ.Գ.- Ի դեպ, սեպտեմբերի 30ին Երեւանի միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգում կհնչի Դվորժակի «Ռեքվիեմը»՝ ֆիլհարմոնիկի կատարմամբ։ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։ Իբրեւ մենակատարներ հանդես կգան Ալինա Չերտաշը (մեցցո-սոպրանո), Աննա Ագլատովան (սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր)։
Համերգին կմասնակցի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան։