
Հոկտեմբերի 13-ին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում անցկացվեցին հայրենակցական միության երջանկահիշատակ նախագահ Սերգո Երիցյանի (Серго Ерицян) նախաձեռնությամբ հիմնված «Թումանյանական օրերը», որոնց իրենց մասնակցությունն էին բերել Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի, Վանաձորի Ավ.Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի, Օձունի մանկական արվեստի դպրոցի սաները՝ թումանյանական իրենց մոտեցումներով:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահության որոշումով հայրենակցական միության նախագահ Գարեգին Ներսեսյանը հայրենի եզերքի նկատմամբ մեծ նվիրումի և հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների համար «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում և շքանշան շնորհեց հայ գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին (հետմահու), հայ գրող, գրականագետ, թարգմանիչ Լիպարիտ Սարգսյանին (հետմահու), արձակագիր, գրող, մանկավարժ Վալերի Պարանյանին:
«Թումանյանական օրեր» միջոցառումը կազմակերպելու և ակտիվ մասնակցության համար պատվոգրերով պարգևատրվեցին Երևանի Գ.Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Աչոյանը, Օձունի մանկական արվեստի դպրոցը (տնօրեն՝ Ա.Շահինյան), Վանաձորի Ավ.Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Ա.Ղռաթյան):
orer.eu








