
Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ 15 ամյա ֆուտբոլիստ Ավետ Կասպարովը դարձել է չեխական «Սպարտա» ակումբի պատանեկան թիմի անդամ։ Ապրիլի 2-ից նախ մի քանի ամիս փորձաշրջան է անցել ,իսկ հուլիսի 28-ից նրան ընդունել են ակումբ։
Ինչպես ՕՐԵՐ ամսագրի հետ զրույցում պատանի ֆուտբոլիստը, ծնվել է 2008 թվականի սեպտեմբերի 28-ին Երեւանում։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հայտնի դարպասապահ(2004-2015) Գեւորգ Կասպարովի որդին է։ Ֆուտբոլի նկատմամբ սերը փոխանցվել է հորից։ ԴԵռ մանկուց՝ 6.5 տարեկանից Ավետը սկսել է մարզվել տարբեր ակումբներում, խաղացել է «Բանանցի», ապա «Ուրարտուի» մանկապատանեկան թիմերում։ Եղբայրը՝ Գոռը, նույնպես մասնակցել է մանկապատանեկան թիմերի խաղերին, սակայն Երեւանի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժինը ընդունվելուց հետո, թողել է ֆուտբոլը։ Ավետը նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ է, հոկտեմբերի 9-ից մասնակցելու է Սլովենիայի, Վրաստանի, Լեհաստանի թիմերի հետ խաղերին։



Պրահայում Ավետը չեխերեն է սովորում, առցանց նաեւ հետեւում է հայաստանյան դպրոցի դասերին։ Իսկ մինչ այդ մարզիչների ու ընկերների հետ շփվում է անգլերենով եւ ռուսերենով, երբեմն էլ չեխերենով։
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են անցկացվում մարզումները Պրահայում, Ավետը հիացական գնահատականներ է տալիս։
«Այստեղ խաղի մակարդակի տարբերությունը շատ մեծ է։ Ֆիզիկապես ուժեղ են, տեխնիկան բարձր է, մարզչական աշխատանքը շատ պրոֆեսիոնալ է, խաղացողի նկատմամբ վերաբերմուքը այլ է։ Մարզումներից հետո անցկացնում են վերականգնողական դասընթացներ, անպայման ապահովում են սննդով։ Սկզբից շատ դժվար էր ինձ համար, քանի որ շատ էինք պարապում, բայց այժմ հունի մեջ եմ ընկել»,- ասում է Ավետը։


Պրահայում իրեն լավ է զգում, մայրն ու քույրն էլ իր կողքին են։ Շատ է սիրում Չեխիայի մայրաքաղաքի մթնոլորտը, գեղեցկությունը, ճարտարապետությունը։
Ազատ ժամերին Ավետը սիրում է խոհանոցում տարբեր ճաշատեսակներ պատրաստել, շախմատ խաղալ կամ նկարել։ «Հատկապես, կավագործություն եմ սիրում»,- ասում է նա։
Ավետը խաղադաշտում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքերում։ Իր ապագան առայժմ կապում է «Սպարտայի» հետ։ Իսկ ընդհանրապես շատ է սիրում նիդերլանդական «Այաքս»ին, բայց այժմ երկրպագում է Բարսելոնայի թիմին։
ՕՐԵՐ ամսագիր
Պրահա
