Համաշխարհային փիլիսոփայական միտքը մեծ կորուստ կրեց՝ կյանքից հեռացավ փիլիսոփա Կարեն Սվասյանը

  • 09.09.2024
  • 0
  • 612 Views

76 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց հայ փիլիսոփա, գրականագետ, մշակույթի պատմաբան և մարդաբան, ռուսախոս եւ գերմանախոս աշխարհի ամենահայտնի ժամանակակից փիլիսոփաներից մեկը՝ դոկտոր Կարեն Սվասյանը։

Կարեն Սվասյանը ծնվել էր 1948 թվականի հունվարի 2-ին Թբիլիսիում։ Նա փիլիսոփայություն, ինչպես նաև անգլերեն և ֆրանսիական բանասիրություն է սովորել Երևանի պետական ​​համալսարանում, որտեղ գրել է իր դոկտորական թեզը Անրի Բերգսոնի մասին և դարձել պրոֆեսոր։ Նա ռուսերեն է թարգմանել և խմբագրել Ռայներ Մարիա Ռիլկեի, Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի ստեղծագործությունները, գրել է բազմաթիվ աշխատություններ փիլիսոփայության, գրականության, գաղափարների պատմության և մարդաբանության վերաբերյալ ռուսերեն և գերմաներեն լեզուներով։ 1994-ին նա պարգևատրվել է գերմանական ամենահեղինակավոր Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակով՝ որպես հետազոտող և դասախոս։ 2009 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատությունների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Կարեն Սվասյանը դասախոսում եւ ապրում էր Շվեյցարիայի Բազել քաղաքում, ուր հաստատվել էր 1992 թվականին։

1997 թվականին հրավիրվել է Ինսբրուքի համալսարան՝ իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է ճանաչողության տեսություն, սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։ Ապրում և ստեղծագործում էր Բազելում։ Դասախոսություններ էր կարդում Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Գրում էր գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում էր իբրև երևույթ։

Ուղենշային են նրա «Անասացության ձայներ» – «Голоса безмолвия» (Երևան 1984), «Եվրոպական գիտության գոյավորումը» – «Становление европейской науки» (Երևան, 1990), «Եվրոպա։

«Երկու մահախոսական» – «Европа. Два некролога» (Մոսկվա, 2003), «Ապանույնականացումներ» – «Растождествления», (Մոսկվա, 2006), «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» – «Человек в лабиринте идентичностей», (Մոսկվա, 2009) գրքերը։ Առաջինն է ամբողջությամբ ռուսերեն թարգմանել Ռ. Մ. Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» շարքը։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է անվանի փիլիսոփայի հարազատներին եւ բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում