Հազարամյակներ ու դարեր շարունակ, ողջ հայոց պատմության ընթացքում, մինչև այսօր հայերը ստիպված են եղել մեկնել Հայաստանից, սակայն գնալով նրանք երբեք չեն թողել ու չեն մոռացել իրենց Հայրենիքը։ Գնացել են՝ իրենց սրտում, հոգում և մտքում ունենալով ու պահելով Հայաստանը, հայոց լեզուն և հավատքը։
Ռումինիայում, հայկական համայնքն ունի հազարամյակի պատմություն, որի ընթացքում կառուցված տասնյակ եկեղեցիներից ու վանքերից ամենահինը թվագրվում է 1350թ․։ Հարկ է նշել նաև, որ Ռումանիոյ հայոց թեմը, հիմնադրվել է 1401թ․, Ալեքսանդր Բարեպաշտ իշխանի հրովարտակով և հանդիսանում է Եվրոպայում գործող հայկական ամենահին թեմը։ Սփյուռքում և անգամ Հայաստանում, մեծամասնությունը չգիտի և չի էլ պատկերացնում թե ինչ հարուստ պատմություն և մշակույթ կարող է գտնել Ռումինիայում, մի երկրում, որն այդքան էլ մեծ ճանաչում չունի։ Այդ պատճառով էլ բացի եղածը պահպանելուց, Հայ Եկեղեցու առաքելություններից է նաև հայ հարուստ հոգևոր և պատմա-մշակութային ժառանգությունը տարածելն ու հայտնի դարձնելը ոչ միայն Ռումինիայում ապրող հայերի, այլ նաև ռումինացիների համար, երկու բարեկամ և քրիստոնյա ժողովուրդներ, որոնք շուրջ մեկ հազարամյակ ապրել ու պայքարել են կողք-կողքի հանուն ազատության։ Ռումին ժողովուրդը մշտապես գնահատել է այն հսկայական ներդրումը, որն ունեցել է հայ համայնքը ռումին պետության կայացման գործում։
Ռումանիոյ հայոց թեմը, ի դեմս թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, կարևոր է համարում ճանաչելի դարձնել այն հարստությանը, որն ունի հայկական համայնքը և Հայ Եկեղեցին։ Նույն նպատակով էլ, հայկական եկեղեցին կարևոր է համարում քաջալերել ու աջակցել ուխտավորներին և զբոսաշրջիկներին, որոնք ցանկություն են հայտնում գալ Ռումինիա տարբեր երկրներից։
Ամիսներ առաջ Լիբանանի մի խումբ հայեր ցանկություն էին հայտնել գալ Ռումինիա։ Կապ հաստատելով մեր հետ, տեղեկանալով մեր թեմի հարուստ հոգևոր ու պատմա-մշակութային ժառանգության մասին և ստանալով մեր օժանդակությունը՝ խումբը ժամանեց Ռումինիա։ Օգոստոսի 24-ին նրանք այցելեցին «Սրբոց Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց» Առաջնորդանիստ Մայր Տաճար, ինչպես նաև «Դուդյան, Հայ Մշակույթի Տուն»։ Տաճարի հոգևոր հովիվ արժ․ Տեր Օշական Խաչատրյանը, Ինեսա Թումասյանցի հետ միասին, պատմեցին հայ համայնքի և եկեղեցու պատմությունը։ Օտարության մեջ ոչ բոլոր երկրներում է հնարավոր գտնել 16 եկեղեցիներ, 2 վանքեր կամ ձեռագիր՝ գրված 14-րդ դարում։
Մայր Տաճարում, խումբը ցանկություն ուներ երգելու «Տեր Ողորմյա»-ն ի հիշատակ մեր նահատակների։ Իրենցից մեկը սկսեց երգել և միասնաբար աղոթեցինք մեր սուրբ նահատակների հոգիների խաղաղության համար։ Բառերով դժվար է նկարագրել ինչքան զարմացած և հիացած էին, տեսնելով թեմի շքեղ գրադարանը, հնատիպ տպագիր գրքերի հավաքածուն, ինչպես նաև գորգերն ու խորանի վարագույրները՝ թվագրված 18-19-րդ դարեր։
Բուխարեստից խումբը շարունակում է իր ճանապարհորդությունը Ռումինիայում։ Հասնելով Սուչավա, առիթ են ունենում այցելելու նաև տեղի նշանավոր հայոց վանքերը, հանդիպելու և զրուցելու վանքերի պատասխանատու արժ․ Տեր Եզնիկ քահանա Թորգոմյանի հետ, որն էլ նրանց ներկայացնում է հրաշագործ Սուրբ Հաճկատար և Զամկա հնամենի հայոց վանքերի պատմությունը։
Հուսով ենք, որ ուխտագնացների և զբոսաշրջիկների նման այցելությունները կլինեն ավելի հաճախակի և կկրեն շարունակական բնույթ։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան