«Երբ երեխաներդ ծնվում են, հասկանում ես, որ քո կատարած գործը ամենեւին էլ ամենակարեւորը չի». Տիգրան Համասյան

  • 26.08.2024
  • 0
  • 969 Views

Նոյեմբերի 20-ին Պրահայի PRAGUE SOUNDS  միջազգային երաժշատական փառատոնի եզրափակիչ երեկոն կավարտվի հանրահայտ դաշնակահար, երգահան Տիգրան Համասյանի մենահամերգով։

Համերգին ընդառաջ սիրված երաժիշտը պատասխանեց ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին։ 

-Սիրելի Տիգրան, մեր հերթական զրույցը կցանկանայի սկսել վերջին աշխատանքիդ ներկայացումով։ Ինչու՞ ընտրեցիր  «Հազարան բլբուլի» թեման եւ ինչու՞ այն իրականացրեցիր  հոլանդացի կինոռեժիսոր եւ վիզուալ արտիստ Ռուբեն Վան Լիրի (Ruben Van Leer) հետ եւ պրեմիերան կայացավ Հոլանդական փառատոնում։

-Ռուբենը օպերաների ու բալետների բեմադրությամբ է զբաղվում, նաեւ նկարահանումներով։ Մենք իր հետ  2013 եւ 2017 թվականներին իմ երկու երգերի տեսահոլովակներն ենք նկարհանել, որոնք կապված են իմ երկու տարբեր ալբոմների հետ։ Ու երկար ժամանակ մտածում էինք իր հետ մի ավելի մասշտաբային գործ անենք, ու երբ 2019 թվականին սկսել էի աշխատել «Հազարան բլբուլի» վրա, ես իրեն տեղեկացրի, որ այսպիսի թեմայի շուրջ եմ աշխատում, իրեն հետաքրքրեց, եւ ժամանակի ընթացքում հասկացանք, որ սա այն նյութն է, որի շուրջ կարող ենք մասշտաբային ծրագիր իրականացնել։ Այդպես սկսվեց մեր  3-4 տարվա ճանապարհորդությունը։

-Իսկ ձայնասկավառակ  թողարկելո՞ւ եք։

-Այո, այն կլինի այս ամսվա վերջին՝ ե՛ւ վինիլի տեսքով, եւ CD ձայնասկավառակի։ Այն կլինի գրքի նման տուփ, որի մեջ կլինեն երեք գրքեր եւ երկու վինիլ՝ 90 րոպե երաժշտությամբ։

-Իսկ «Հազարան Բլբուլին» նվիրված այդ տեսահոլովակ-խաղը` GAME: The Bird of a Thousand Voices – The Kingdom (bird1000.com),  որ տեղադրել եք կայքէջում, դրա գաղափարն ինչպես ծագեց՝ ունկնդրի մոտ հետաքրքրություն առաջացնելո՞ւ նպատակով։

-Այդ խաղի գաղափարն առաջին սինգլի համար էինք մտածել, եւ գաղափարը թե Ռուբենից էր, եւ թե ալբոնմի գեղարվեստական ղեկավար Կարեն Միրզոյանից, որը ասում էր,  որ կարող ենք խաղ պատրաստել։ Գեղանկարիչ Խորեն Մաթեւոսյանի հետ էլ արդեն խոսել էի, որ բոլոր երգերի համար նկարազարդումներ անի, եւ այդ 24 պատկերները ինքն է ստեղծել, որոնք նկարազարդումների տեսքով տեղ են գտել գրքում։ Գրքերից մեկն օրինակ կապված է կոդերի հետ, եւ ես ցանկանում եմ, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչերի հետ են կապված։ Բայց երբ խաղի գաղափարը Ռուբենի հետ որոշեցինք, ինքը առաջարկեց, որ այն լինի Խորենի նկարազարդումների մոտիվներով։ Եվ այդպես իրենք սկսեցին աշխատել։

– «Հազարան բլբուլի» ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված։ Այդ թեմայի մեջ ի՞նչն էր Ձեզ հատկապես հուզել։

– «Հազարան բլբուլ» հեքիաթի մասին գիտեի վաղուց, բայց չգիտեի, թե ինչ մեկնաբանություններ կան դրա հետ կապված։ Երբ մի օր  Արթուր Շահնազարյանի  «Է Արար» գիրքը թերթում էի  Լոս Անջելեսում, ուր ինքը գրել է տարբեր թեմաների մասին, մի հատվածում  նա գրել էր միջնադարում երաժշտությամբ բուժելու մասին, եւ չորս տարերքների մասին, որոնք համապատասխանում են չորս տարբեր գույների, ապա մարմնի չորս մասերին, եւ կյանք տվող կարեւորագույն մասերի եւ չորս ձայնեղանակաների մասին։ Նայած ինչ ձայնեղանակով կնվագես, դա կհամապատասխանի ինչ որ գույնի, տարերքի եւ կամ օրգանի։ Այսինքն կարելի է երաժշտությամբ բուժել։ Դրանից հետո նա «Հազարան Բլբուլի» մասին էր պատմում եւ  զուգահեռներ էր տանում բուժման եւ «Հազարան բլբուլի» հերոսի անցած աշխարհների միջեւ։ Այդպես առաջին անգամ սկսեցի կարդալ, եւ մեծ ազդեցություն ստացա։ Այնպիսի տպավորություն էր, որ Հին կտակարանից մի բան եմ կարդում։ Այս գրքի մեջ Արթուրը տարբեր տեղերից հավաքել էր ու «Հազարն բլբուլի»  իր տարբերակն էր գրել։ Հետո ես սկսեցի խորանալ եւ տեսնել , թե ով է այս թեմային առնչվել եւ կարդացի շատ տարբերակներ, որոնց մի մեծ մասը Հնագիտության ինստիտուտում  կար։ , Ի դեպ, այդ ուսումնասիրությունը կատարել է Հովհանննես Թումանյանը, բայց ցավոք չի կարողացել վերջացնել։ Ես ինքս շատ ոգեշնչվել եմ Սերինեի տարբերակից, որը շատ հետաքրքիր կին է եղել , որը Վանում Առճակ գյուղից Վարպետ Կարապետից է լսել ։ Գյուղացիները հավաքվել են իր շուրջ եւ տարբեր պատմություններ են լսել։  Այդ պատմություններից ամենահետաքրքիրը «Հազարան բլբուլի» պատմությունն է։ Սերինեն փոքր տարիքում լսել է Կարապետից եւ երբ Արեւմտյան Հայաստանից գաղթել է Արեւելյան, իր այդ պատմությունը գրի է առել։ Մի հերոսի պատմություն էլ իր ճանապարհորդությունն է։ Մանկատներում է աշխատել, օգնել է եղեռնից փախած մարդկանց, գիրք է գրել իրենց գյուղի բանահյուսության մասին, պատմությունները, սովորույթները։ Մի պատմություն էլ այդ մարդկանց կյանքերն է, իրենց անցած ճանապարհները։

-Պրահայում կայանալիք համերգին այս ծրագի՞րն եք ներկայացնելու։

-Պրահայում այս ծրագիրը դեռ չի ներկայացվելու, ինքը ծախսատար ծրագիր է, որը կատարում ենք 5  երաժիշտներով, բեմադրված լուսային մեծ աշխատանք է պահանջում, դա երաժշտական թատրոնի պես բան է։ Պրահայում միայն իմ դաշնամուրային մենահամերգն է լինելու, բայց ես մի երկու ստեղծագործություն կնվագեմ «Հազարան բլբուլից», քանի որ այդ գործում սոլո ստեղծագործություններ կան։

-Այս տարին նշանավորվեց նաեւ Խուստուփի մոտ տեղի ունեցած համերգով։ Ձեր նպատակադրած ազդեցությունն ունեցա՞վ այդ համերգը։ Հավաքված հանդիսատեսն ի՞նչ արձագանք տվեց, կարողացա՞ք երաժշտության, բնության եւ մարդկանց իրար կապելու այդ գաղափարաը իրականություն դարձնել։

– Արձագանքը շատ լավ էր։ Նախ այդպիսի բան Հայաստանում չէր եղել, եւ մարդիկ չէին հավատում, ես էլ չէի հավատում, շատ բարդ էր այդտեղ համերգ կազմակերպելը։ Երբ մեքենայով տանում էին ամեն ինչ դեպի սարի գագաթը եւ ես տեսնում էի, ինչպես են մարդիկ 1.5 ժամ ոտքով 3.5 կլիոմետր բարձրանում վերեւ Վաչագան գյուղից, շատ հուզիչ էր, կարծես մարդիկ ուխտագնացության գնային։ Եվ այն էներգիան, երբ բոլոր մարդիկ հասան այնտեղ, ու մենք բեմի վրա էինք, արդեն լրիվ այլ զգացողություն էր։ Ես հուսով եմ, որ այն մարդիկ, որոնք ներկա էին, հասկացան այն առաքելությունը, որ մենք պետք է արժանի լինենք այն բնությանը, որ Աստված մեզ տվել է, եւ մենք ենք դրա տերը։ Շատ կարեւոր բան է, եւ այդ մարդու եւ բնության կապի մասին էր։ Մենք ոչ միայն պետք է տեր կանգնենք այդ հողին, այլեւ պետք է սիրենք, քանի որ այդ հողի մաս ենք կազմում։ Իմ համար այդ համերգի իմաստը դա էր։ Ամեն մի գործ ու քայլ պետք է մեր ուղեղում լինի, թե ինչքանով ենք պահում մեր հողը։ Նույնիսկ այն որ ծխախոտ են ծխում եւ գցում են գետնին, դա մեր հողի նկատմամբ վատ քայլ է։ Կամ ավելի լուրջ ծրագրերը՝  նույն ջրի խնդիրը Հայաստանում, որ հիմա աբսուրդի է վերածվել։ Մենք այնքան ջուր ունենք, որ հարեւան երկրներին կարող ենք մատակարարել կամ վաճառել, բայց մենք նույնիսկ չենք կարողանում ինքներս մեզ ապահովել։ Ամեն մանրուքից, աննշան բաներից է սկսվում ամեն ինչ, այդ թվում՝ պատասխանատվության զգացումը։ Երբ գնում  ես Գերմանիա, Ֆրանսիա կամ Իտալիա այլ վերաբերմունք ես տեսնում շրջապատի նկատամամբ, ու պատասխանատվության զգացում ՝ հողի նկատմամբ, մարդու՝  իր արարքի կամ իր պետության նկատմամբ։

-Մեզանում այդ դաստիարակությունը չկա փոքր հասակից, թե ինչպես պետք է վերաբերեն շրջակա միջավայրին, բակին, ընկերոջը եւ այլն։  Շատ ճանապահ ունենք այդտեղ անցնելու։ Ինչեւէ, մեր հարցազրույցներից մեկում ասում էիք, որ առանց երաժշտության կյանք չկա։ Հիմա, երբ ամուսնացել եք, երեխաներ ունեք, որքանո՞վ է փոխվել այդ երաժշտական կյանքդ։

– Այսօր ընկերոջս հետ զրուցում էինք այդ մասին։ Երբ ես երիտասարդ էի, երեխաներ չկային, ինքդ քեզ լուրջ մարդու տեղ ես դնում, իսկ երբ երեխաներդ են ծնվում, հասկանում ես, որ քո կատարած գործը ամենեւին էլ ամենակարեւորը չի։ Իհարկե, շատ կարեւոր է, որ մարդ զբաղվի այն ամենով, ինչը շատ սիրում է։ Դա շատ կարեւոր պահ է։ Բայց ընտանիքը, հոգեւորը շատ կարեւոր է դառնում։ Երաժշտությունն էլ արդեն ընկալում ես որպես Աստծո տված մի բան, եւ ուղղակի շնորհակալ  պետք է լինես Աստծուն, որ գտել ես այդ բանալին։ Այդ զգացողությունն էլ պետք է ունենաս, որ չես կարող Աստծո տված բանը մի կողմ դնել։ Այսինքն գործդ պետք է շարունակես, բայց քեզ շատ կարեւոր մարդու տեղ չպետք է դնես։

– Մեր զրույցներից մեկում ասում  էիք, որ ջազի եվրոպական բառապաշարը փոխել եք հայկականով։ Այս տարիների ընթըացքում ձեր զգացողությունն ինչպիսի՞ն է, եվրոպացիներն ինչպե՞ս են ընդունում Համասյանի ստեղծագործությունների «հայկական բառապաշարը»։

– Այս տարիների ընթացքում ինձ այնքան նմանակողներ կան արդեն, պատճենողներ, տարբեր ազգերից՝ Իսրայելից մինչեւ Չիլի, մարդիկ ընդօրինակում են։ Իրենց այդ շրջանների ջազ երաժշտությունների ոճի մաս է կազմում, այն ինչ որ ես արել եմ տարիների ընթացքում։ Ինձ տարբեր երկրներից երաժիշտները իրենց գործերն են ուղարկում եւ ասում են՝  «Լսի՛ր, քո գործերից ենք ոգեշնչվել եւ գրել»։ Ես, իհարկե, զգացված եմ, որ ինձ գիտեն, լսում են, խորանում են, բայց իմ առաջին պատասխանն է, որ արդեն ժամանակն է իմը չլսելու, ավելի լավ կլինի գտնեք ձերը։ Ես էլ եմ ունեցել ժամանակին ազդեցություններ, սիրել եմ հատուկ երաժիշտների, խմբերի ու  կոմպոզիտորների, բայց եկել է մի պահ, որ գիտակցել եմ, որ ես այդ ամենից իմ գիտելիքը ստացել եմ, դա շատ լավ է, եւ գնացել եմ ուրիշ ճանապարհով։ Եթե երկար մնաս դրա մեջ, որը քո սիրելին է դարձել, ապա այդ ոճի մեջ ես փորձում լինել։ Շատ դեպքերում կարող է վտանգավոր լինել, եթե փորձես շատ երկար մ նալ։

– Ամենասկզբից կապված եք եղել ժողովրդական երաժշտության հետ, հետաքրքիր զարգացում  ապրելով՝ կապվեցիք նաեւ հոգեւոր երաժշտության հետ։ Հիշում եմ « Լույս լուսո» ծրագիրը։ Հիմա ի՞նչ զարգացում կա այդ ուղղությամբ, իմացա  նաեւ Մատենադարա եք այցելել,  ի՞նչ պրպտումների մեջ եք։

-Մատենադարան այցելել էի «Հազարան բլբուլի» պատճառով, փորձում էի գտնել դրա հետ կապված ինչ որ ձեռագիր։ Այնքան տարբեր տեղեր փորփրեցինք, որ Հնագիտության ինստիտուտի հեքիաթագիտության բաժնի հետ որոշեցինք գիտաժողով կազմակերպել, որը կզուգակցվի Հայաստանում «Հազարան բլբուլի» պրեմիերայի հետ, որը երեւի թե կլինի հոկտեմբերին օպերայում։

-Իսկ հիմա մշտապես Հայաստանո՞ւմ եք լինում։

– Այո, այստեղ եմ ապրում։

–  Եվ ի՞նչ ծրագրերի վրա եք աշխատում։

– Տարբեր ծրագրերի վրա եմ զուգահեռաբար աշխատում։ Ստեղծագործական պրոցեսը անընդհատ գնում է։ Ինչ միտքս գալիս է, միանգամից ձայնագրում եմ։ Արդեն լրջորեն մտածում եմ, թե  «Հազարան բլբուլից» հետո ինչ ծրագիր կարող եմ անել։ Այս պահին երկուսն են, եւ պետք է հստակեցնեմ։ Իմ ստեղծագործություններով մի ալբոմ եմ ուզում թողարկել, եռյակ-քառյակ ձեւաչափով, ավելի մեծ ձայնով, ռոքային մեծ ու խորը ստեղծագործություններ։

-Հաջողություն ենք մաղթում եւ սպասում Պրահայում։

Զրուցը վարեց Հակոբ Ասատրյանը

Տիգրան Համասյանի Պրահայի համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել, այցելելով այս կայքէջը՝ Tigran Hamasyan | Prague Sounds. The Festival.

Տիգրան Համասյանի համերգի եւ  Պրահայի PRAGUE SOUNDS  միջազգային երաժշատական փառատոնի մասին կարող եք կարդալ մեր հարցազրույցը փառատոնի գեղարվեստական ղեկավար Գայ Բորգի հետ հարցազրույցը։

PRAGUE SOUNDS միջազգային փառատոնի նոյեմբերի 20-ին կայանալիք փակման համերգը վստահվել է Տիգրան Համասյանին. Գայ Բորգ – Orer

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում