Տեքստը՝ Մեսրոպյան ուղղագրությամբ
Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անւան պետական դրամատիկական թատրոնում բեմադրուել է թատրոնի գըլխաւոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրեանի իւրայատուկ մեկնաբանութեամբ Շեքըսպիրի «Համլետ»ը։ Ռեժիսորի բեմադրութեան մէջ հնչում է ճափոնական երաժշտութիւն, ճափոնական ազգային նուագարան՝ կոտո, որը նուագում է Տաղարան հնագոյն երաժշտութեան անսամբլի երաժիշտ, համաշխարհային մրցոյթի գլխաւոր մրցանակակիր, միջազգային մրցանակների դափնեկիր Մարիաննա Գէորգեանը։ Առաջին անգամն է, երբ ճափոնական ազգային նուագարանը հայաստանեան հանդիսատեսին ներկայացւում է հէնց հայուհու մատուցմամբ։ Կոտո նուագարանը թատրոնը Ճափոնիայից ձեռք է բերել յատուկ այդ ներկայացման համար։ Կոտոն ճափոնական աւանդական լարային կսմիթային նուագարան է, նմանատիպ գործիքները տարածուած են նաեւ Կորէայում ու Չինաստանում, որոնք էլ տարբերւում են լարերի քանակով, նուագելու տեխնիկայով, անուամբ (կայ նաեւ բաս կոտո)։ Կոտոն համարւում է արքունական նուագարան, ծագումնա-բանութեամբ՝ 8-րդ դարից է։ Ըստ ճափոնացիների, կոտո նուագելը ասոցացւում է արիստոկրատութեան, իմաստութեան եւ էլեգանտութեան հետ։
Ինչպէս Ճափոնիայի փոխդեսպաններն են արձանագրել, որոնք ներկայ են եղել ներկայացման պրեմիերային, աւանդական ճափոնական երաժշտական գործիքը՝ կոտոն, պիեսին հիպնոսացնող շունչ է հաղորդել։
Ներկայացման մէջ հայրենասիրութեան գաղափարն է արծարծւում եւ ռեժիսորը նաեւ ճափոնական արուեստի միջոցով փորձել է ընդգծել հայրենիքի կարեւորութիւնը՝ չհեռանալով մերօրեայ խառնիճաղանճ իրավիճակից։ Գ. Խաչատրեանը «Համլետ»ում Գոնզագոյի սպանութիւնը փոխարինել է Եուկիո Միշիմայի հայրենասիրութիւնով, որը շատ ներդաշնակ ու համահունչ է ստացուել։
Քանոնահարուհին նշել է. «Երբ Գրիգոր Խաչատրեանն առաջարկել է կոտո նուագել ««Համլետ»»ում, այնքան գեղեցիկ է ներկայացրել գաղափարը, որ առանց վարանելու ընդունել է առաջարկը, քանի որ թատրոնը շատ հոգեհարազատ է իրեն, կոլեկտիվն էլ նրան ընդունել է ծափողջոյններով։ Բայց թէ ինչպէս պէտք է յաղթահարէր նուագելը այդ գործիքի վրայ, չի էլ մտածել։ Չնայած համագործակցութիւն ունեցել է ճափոնացի կոտոյահար երաժշտի հետ, գործիքը ծանօթ է եղել, ծանօթ է եղել նաեւ մակոտո գործիքի հետ, քանի որ քանոնի հետ համատեղ կատարումով հանդէս է եկել։ Իսկ այսօր սիրուած քանոնահարուհին արդէն նուագում է դրամատիկական թատրոնի բեմից՝ Հայաստանում առաջին ու միակ կոտոն։
Թատրոնի մոգական աշխարհ առաջին անգամ է մուտք գործել, թէեւ պրոֆեսիոնալ բեմում է արդէն 30 տարի։ Մանկական ֆիլհարմոնիայից է սկսուել Մարիաննա Գէորգեանի բեմական ուղին։ Քանոնահարուհին անկեղծացել է, որ իր համար շատ ուրախալի է, որ առիթ ունի ներկայանալու հէնց այդ թատրոնում, հէնց Գ. Խաչատրեանի ներկայացմանը։
17 տարի դադարից յետոյ Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի բեմ էր բարձրանում Շեքսպիրի «Համլետ»ը՝ նոր խօսք, նոր ասելիք, մեր օրեր, հսկայական թիմային աշխատանք, ու բոլորը՝ նուիրեալներ։ Իւրաքանչիւր փորձ, խորհրդակցութիւն անցել է շատ համերաշխ, ուրախ, սրտացաւ, ու այս ամէնի հանրագումարն է կայացած ներկայացումը։ Մարիաննա Գէորգեանի խօսքով՝ այս «Համլետ»ը նորոյթ է։ Պէտք է անպայման գալ, դիտել, իւրովի ընկալել ռեժիսորի ասելիքը, դերասանական խաղը եւ երաժշտական լուծումները։
orer.eu