Սերգեյ Խաչատրյանի «Իզայի» սոնատների ձայնասկավառակը հաղթել է գերմանական հեղինակավոր մրցույթում

  • 21.08.2024
  • 0
  • 735 Views

Հանրաճանաչ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի վերջին ձայնասկավառակը՝ նվիրված Իզայի 6 սոնտաներին, Preis der deutschen Schallplattenkritikի գերմանական քննադատների եռամսյա մրցույթում կամերային երաժշտության անվանակարգում ճանաչվել է հաղթող։

Տեղեկացնենք, որ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին համարում անդրադարձել էինք այդ ձայնասկավառակին, որում տեղ են գտել բելգիացի կոմպոզիտոր Էժեն Իզայի(1858-1931 թթ.) 6 սոնատները ջութակի համար՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։ Հայ վիրտուոզ ջութակահարը օգտագործել է Իզայի անձնական ջութակը, որով նա նվագել է իր կենդանության օրոք։ Նրանից առաջ այդ ջութակը եղել է այլ նշանավոր ջութակհարների մոտ։ Այս ջութակը Սերգեյին տրամադրել է Նիպոն երաժշտական հիմնադրամը, որը ջութակի սեփականատերն է 1995 թվականից։

Ինչ վերաբերում է այս մրցույթին, ապա պետք է նշել, որ նախորդ երեք ամիսների լավագույն և ամենահետաքրքիր նոր թողարկումները տեղ են ստացել «Quarterly Critic’s Choice»-ում: Գնահատման չափանիշներն են գեղարվեստական ​​որակը, ռեպերտուարային արժեքը, ներկայացումը և ձայնի որակը: 2014 թվականից յուրաքանչյուր եռամսյակային քննադատները ընտրում են լավագույն ալբոմը։

Ի դեպ ժյուրիի անդամ Բենջամին Հերցոգն այս առիթով գրել է՝ «Մոլախաղեր, վայրի կատաղություն և կատաղի նուրբ մելամաղձություն՝ բոլորը կարելի է գտնել Էժեն Իզայիի վեց սոլո սոնատներում: Սերգեյ Խաչատրյանը նման էքստրեմալ մասերը նվագոմւ է խիզախությամբ, նրբագեղությամբ, տեխնիկական համարձակությամբ։ Նա երբեք չի անտեսում պատմողական որակը, որը բնորոշ է բոլոր սոնատներին։ Նա նաև լիովին վստահ է Բախի նրբագեղ պտտվող նեոբարոկկո արձագանքներում: Այստեղ պարզ է դառնում, թե իրականում ինչ բարձր մակարդակով են ստեղծվել 20-րդ դարի այս «Sei solo»-ները, որոնք հաճախ համարվում են վիրտուոզ ստեղծագործություններ: Եվ այն խորությունը, որով դրանք կարելի է նվագել»:

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ հայրենակցին այս հաղթանակի առիթով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում