Արցախի թեմը Վատիկանի պաշտոնաթերթին մեղադրել է Բաքվի կողմից պատմության խաղաթյուրման քաղաքականությանը նպաստելու մեջ

  • 05.08.2024
  • 0
  • 387 Views

Վատիկանի “L’Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված գրառումը, որի հեղինակն է Ռոսելա Ֆաբիանը, պատմությունը խեղաթյուրելու հերթական բացահայտ փորձերից է: Հոդվածի վերնագիրն է՝ «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»։ Նյութում Արցախի հայտնի հայկական տաճարները ներկայացված են որպես «աղվանական»։

ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պաշտոնական «L’Osservatore Romano» թերթի հոդվածը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի թեմը՝ (168.am)-ի փոխանցմամբ։

Հաղորդագրությունում ասվում է, որ այցելելով ներկայում օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, փորձել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից հորինված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:

«Սա ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր–մշակութային ժառանգության իրական պատմության կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ։ Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին։ Այնուհետև նա պետք է նաև ուշադրություն դարձներ իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն գրված»,– ասված է հայտարարությունում:

Արցախի թեմը նաև ընդգծել է, որ նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում