2024թ. օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Վատիկանի Osservatore Romano պաշտոնաթերթում լույս տեսած այսպես կոչված ալբանական եկեղեցու կեղծ թեզին ի պատասխան, նույն թերթի օգոստոսի 1-ի համարում Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հրատարակել էր «Կովկասյան Ալբանիա․ Պատմության ժողովրդականացումը չպետք է այն աղավաղի» հոդվածը։
orer.eu