Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների: ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանն /11-րդ դասարան/ ու Արտավազդ Արաբաչյանը /12-րդ դասարան/, Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը և Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։
Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։
Հիշեցնենք, որ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Շվեյցարիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին Ոսկե մեդալակիրն էր Լեոնիդ Ասատրյանը, ով այս տարի ընդունվել է ԱՄՆ հեղինակավոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ (Massachusetts Institute of Technology).

Իսկ Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:
Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան), ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը, իսկ գովասանագրերի՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ՝ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ճապոնիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։
Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին եւ մաղթում նոր նվաճումներ։
orer.eu



