Կիրակի, հուլիսի 21-ը հիշարժան օր էր Ռուսեի հայ համայնքի համար։ Հայոց «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ նորակերտ խաչքարի օծման արարողություն ձեռամբ Գերշ. Տ․ Տաթև եպսկ. Հակոբյանի՝ Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, մարզպետ Դրագոմիր Դրագանովը, քաղաքապետի տեղակալ Դիմիտար Նեդևը, Արթուր Հովհաննիսյանը՝ օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար, բարերար, հասարակական գործիչ Արտակ Սերգոյանը, դոկտոր Պողոս Կարժարյանը՝ ՀԲԸՄ Ռուսեի մասնաճյուղի ատենապետ, ինչպես նաև Բուլղարական ուղղափառ եկեղեցու և Ռուսեի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ։
Մարզպետ Դրագանովը նշեց, որ խաչքարի զետեղումը հիշարժան իրադարձություն է Ռուսեի հանրության համար։ «Շնորհակալ եմ հայ համայնքին Ռուսեի հանրությանը տրված այս նվերի համար և հավատում եմ, որ խաչքարը կպաշտպանի քաղաքն ու շրջանը»,- մատնանշեց մարզպետը։ «Ռուսեն միշտ եղել է էթնիկ հանդուրժողականության օրինակ հանդիսացող քաղաք։ Այս իրադարձությունը կմնա Ռուսեի տարեգրության մեջ»,- հավելեց նա։
«Հայ եկեղեցին միշտ հայապահպանման դարբնոց է հանդիսացած։ Այս քարը մեր հաղթանակի խորհրդանիշն է: Մենք ունենք մոտ 5000 տարվա պատմություն աշխարհում և 2000 տարվա հարուստ պատմություն՝ որպես քրիստոնյաներ։ Այս 2000 տարում, ինչպես մեր Փրկիչը, մենք էլ խաչվեցինք։ Մենք միշտ հետևել ենք Քրիստոսին: Եթե մենք քրիստոնյա չլինեինք, գուցե 60 միլիոն հայ լինեինք ամբողջ աշխարհում, բայց մենք ընտրեցինք քրիստոնյա լինելը։ Մենք ընտրեցինք քրիստոնյա մնալ, քանի որ Քրիստոսի միջոցով ապահովեցինք մեր ներկայությունը այս Տիեզերքում: Կարևոր չէ երկրի չափը և մարդկանց թիվը, կարևորը հավատքն է և մշակույթը, այսինքն. դեմքը, ազգի կերպարը»,- ասաց Սրբազան Հայրը։
«Այսօր աշխարհի 162 երկրներում հայկական համայնքներ կան։ Ուր էլ գնաս, ցանկացած երկրում, եթե ներկայանաս որպես հայ, քեզ կասեն, որ քեզ խորապես հարգում են։ Այս սերը, որ մենք ստանում ենք ամբողջ աշխարհի մարդկանցից, այն պատճառով է, որ մենք իսկապես նվիրվել ենք Քրիստոսին և խաչվել ենք ինչպես Փրկիչը: Մենք միշտ պատվաբեր ու լավ ժողովուրդ ենք եղել։ Մենք այս աշխարհում նման ենք ունիվերսալ ժողովրդի: Ուր էլ գնաս, հայ կգտնես, մենք այս աշխարհի աղն ենք։ Եկեք այսօր այս սուրբ հուշարձանի միջոցով ևս մեկ անգամ ուղղենք մեր մեջքը»,- հավելեց Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։
Նա աղոթեց առ Աստված, որ հայ ժողովրդին ավելի շատ հաղթանակներ պարգևի, իսկ հայերին ուժ ու հնարավորություն տա ապրելու Բուլղարիայում՝ նպաստելու երկրի զարգացմանը։
Իր հերթին փոխքաղաքապետ Դիմիտար Նեդևը շնորհակալություն է հայտնեց հայ համայնքի հետ համատեղ աշխատանքի համար և նշեց, որ Ռուսեի քաղաքապետարանի ջանքերն ուղղված են բոլոր համայնքներին։
«Մենք միասին ապրում և աշխատում ենք այս քաղաքում։ Այս հուշարձանը ոչ միայն ցեղասպանության, այլեւ հայ ժողովրդի հզորության ու մեծության խորհրդանիշն է։ Այս խաչքարի օծմամբ հարգվում է այս հնագույն ժողովրդի նախնիների ավանդույթներն ու հավատքը, ստեղծվում է կապ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ Թող այս խաչքարը լինի խաղաղության, հույսի ու կարեկցանքի խորհրդանիշ»,- ասաց փոխքաղաքապետը։ «Պահպանեցեք ձեր հավատը և մաղթում եմ ձեզ քաջառողջություն և միասին աշխատելու շատ լավ օրեր»,- ասեց է Նեդևը։
«Սա ուրախ և որոշ չափով անսպասելի առիթ է։ Ակնկալում էի, որ այս բացումը կիրականացվի աշնանը, բայց կազմակերպիչների և մեր բարերարների շնորհիվ դա տեղի ունեցավ ավելի վաղ։ Որպես աշխարհական մարդ և աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ՝ ես հավատում եմ, որ մենք պատմական ժամանակ ենք ապրում՝ կապված հայ մշակույթի և մեր սրբավայրերի պահպանման կապակցությամբ»,- ասաց Բուլղարիայում ՀՀ դեսպանը։ Նրա համար խաչքարը միասնության խորհրդանիշ է։ Վերջնախոսքում՝ ուրախություն և հաջողություն մաղթեց հայ համայնքին։
«Այս խաչքարը Բուլղարիայում է գրեթե 2 տարի, և մենք հարմար տեղ էինք փնտրում դրա համար։ Աստված կամեցավ, որ այն տեղադրվի Ռուսեի եկեղեցու բակում և լինի համայնքի միասնության խորհրդանիշը։ Այն ինքնին քրիստոնեության, հավատքի խորհրդանիշն է, և սփյուռքում չկա մի տեղ, որտեղ հայերը չկանգնեն այս խորհրդանիշը։ Շատ տեղերում խաչքարերը նվիրվում են հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին»,- շեշտեց Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ով նաև իր ջերմ բարեմաղթանքները հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս գաղափարի իրականացմանը:
Ռուսեի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քհն. Հադավյանը նույնպես խորին շնորհակալություն հայտնեց խաչքարի նվիրատուներին. «Շնորհակալ եմ, քանզի Ռուսեի հայկական եկեղեցին ամենահինն է Բուլղարիայում (1610 թ.), և այն արժանի էր այս խորհրդանիշին։ Մենք այս սուրբ խորհրդանշի տեղադրումը անհատական աշխատանք չենք համարում: Այն ամբողջ հայ համայնքի ջանքերի արդյունք է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այսօր ինչ-որ բան ներդրեց այս սուրբ խորհրդանիշը իրականություն դարնալու համար: Հիմա ուրախությամբ վայելենք մեր ջանքերի պտուղները»,- ասաց նա։
Գաղափարի իրականացումը հովանավորել են Եվրոպայի հայերի միության նախագահ, օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ Արթուր Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցին և քաղաքում գործող ՀԲԸՄ։ Խաչքարի նվիրատուների անուններն են՝ Ժիրայր Էքմեքջյան, Գևորգ Էքմեքջյան, Արթուր Հովհաննիսյան, Արմեն Նազարյան և Վարդան Թադևոսյան։
Ավելի վաղ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, ապա՝ տեղի ունեցավ ձեռնադրման արարողություն: Ձեռնադրվեցին երեք ենթասարկավագներ և մեկ ընթերցող, ովքեր այսուհետ ծառայելու են Ռուսեի «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցում։ Ռուսեի հայոց եկեղեցում մեկ տասնամյակից ավելի է, ինչ հոգևորական դասի նման բարձրացում չի եղել։
Հավարտ խաչքարի օծման արարողության, «Արևախաչ» պարային համույթի աղջիկները (պարուսույց՝ Վարդանուշ Խաչիկյան) պարով հանդես եկան Անդրեի «Խաչի մոտ» երգի ներքո, արժանանալով բուռն ծափահարությունների: Տոնախմբությունը շարունակվեց ջերմ մթնոլորտում սիրո սեղանի շուրջ:
Թղթակցությունը՝ Թորգոմ ՏՅՈՒԼԿԵՐՅԱՆԻ
Հատուկ «ՕՐԵՐ»ին
Լուսանկարները՝ Զիպա ՉԱՔԱՐՅԱՆԻ